Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գոյություն ունի՝ ՀՀ-ն կատարել է իր բոլոր պարտավորությունները. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ուշացած է համարում ՄԱԿ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ։

Խանդանյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի առաքելության մեկօրյա այցը Լեռնային Ղարաբաղ և դրան հաջորդած հայտարարությունը։

«Տասն ամիս շարունակ մեր միջազգային գործընկերներին ասել եք, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է վարում և կոչ ենք արել ՄԱԿ-ի գործակալություններին գնալ Լեռնային Ղարաբաղ և տեղում փաստահավաք գործունեություն իրականացնել, արձանագրել իրավիճակը, բայց այդ հորդորները և կոչերը տեղ չեն հասել տարբեր հանգամանքների բերումով։ Հիմա գնահատում եմ, որ ուշացած է ՄԱԿ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ և հույս ունեմ, որ ՄԱԿ-ի գործակալություններն ի վերջո կարձանագրեն, որ ԼՂ-ում տեղի է ունեցել էթնիկ զտում և դրա հետ կապված ՄԱԿ-ն իր գործիքակազմը գործի կդնի»,-ընդգծեց Խանդանյանը:

ՄԱԿ-ի առաքելության հայտարարության մեջ նաև նշված էր, որ քաղաքացիական, գյուղատնտեսական ենթակառուցվածքների վնասներ, ավերածություններ, ինչպես նաև որևէ անկած անասուն կամ ընտանի կենդանի չեն հայտնաբերել։ Հարցին, թե արդյոք նորմալ ձևակերպում է տվել ՄԱԿ-ի առաքելությունը, Խանդանյանը պատասխանեց՝ ոչ։

«Նորմալ չէ այդ ձևակերպումը։ Տարակուսանք և ափսոսանք է առաջացնում։ Իսկ էթնիկ զտումը միայն ավերածությունների մասին չէ։ Այդ մարդկանց կարող էին ոսկե մեքենաներով փոխադրել Հայաստան, բայց այդ մարդիկ Հայաստան են եկել կրակոցների ներքո և ռազմական ագրեսիայի հետևանքով և տասն ամիս շարունակվող շրջափակման և հումանիտար ճգնաժամի հետևանքով։

Հայաստանը շարունակաբար պահանջել է և ուշադրության հրավիրել է միջազգային հանրության, ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային հումանիտար կազմակերպությունների, որպեսզի իրավիճակը գնահատեն»,-շեշտեց Խանդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս