Հայաստանի տարբեր ԲԿ-ներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 անձ է բուժվում
Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհաստատություններում հոկտեմբերի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 անձ է բուժում ստանում:
Այս մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Նրանցից շատերի վիճակը շարունակում է ծանր և ծայրահեղ ծանր մնալ: Վերակենդանացման բաժանմունքներում այս պահին 9 երեխա կա, նրանից 2-ի առողջական վիճակում դրական դինամիկա ունենք»,- նշեց նա:
Նազելի Բաղդասարյանը հիշեցրեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բժշկական սպասարկումն այս պահի դրությամբ կատարվում է պետական պատվերի շրջանակներում, որը վերաբերում է և՛ ռազմական ագրեսիայից, և՛ պայթյունից տուժածներին, և՛ տարբեր քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: