«Մեր աչքի առաջ գեներալներին առևանգում ու տանում են Ադրբեջան, հասարակությունն անտարբեր է, սա լավ բանի չի բերի». Դավիթ Համբարձումյան

Մասիսի համայնքապետարանը՝ համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ, շարունակում է աջակցել Արցախից բռնի տեղահանված արցախահայությանը։

Այսօր առավոտյան տվյալներով, մոտավորապես 6700 բռնի տեղահանված արցախահայեր են տեղավորվել Մասիս համայնքում։

«Բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հիմնականում աջակցությունը չենք տրամադրում համայնքապետարանի բյուջեից, մեր, մեր շրջապատի, Մասիս համայնքում գործող գործարարների օգնությամբ ենք փորձում օգնել, շնորհակալ եմ նրանց, որովհետև մարդիկ սրտացավորեն հոգատարություն են ցույց տալիս մեր հայրենակիցներին»,- Մասիսի համայնքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Համբարձումյանը։

Թեպետ բռնի տեղահանվածներից շատերին Մասիս համայնքում և հարակից շրջաններում արդեն ապահովել են կացարանով, սակայն նրանց մեծ մասը դեռ կացարանի խնդիր ունի, իսկ Մասիսում գրեթե ռեսուրս չի մնացել, բոլոր ազատ բնակարանները, տները զբաղված են։

Կարդացեք նաև

«Բոլոր փակ դռները բացել ենք, համայնքային որքան կառույց կա, որտեղ հնարավոր է  տեղավորել մեր հայրենակիցներին՝ տեղավորել ենք, այս պահին էլ փորձում ենք օգնել, հնար գտնել նրանց տեղավորել։ Փորձել ենք նաև մեր հայրենակիցներին ուղարկել այլ մարզեր՝ Ալավերդի, Թալին, Անիի շրջան, Վանաձոր, որտեղ նրանք ցանկացել են։ Ամեն դեպքում մենք հանգիստ չենք քնի, եթե մարդիկ մեքենաների մեջ են գիշերում, պարզապես ռեսուրսը մեր համայնքում սպառվել է»,- նշեց Դավիթ Համբարձումյանը։

Խոսելով Արցախի Հանրապետության Սառնաղբյուր գյուղում ադրբեջանական զինվորների կողմից 8-ամյա Նվերի և 10-ամյա Միքայելի սպանության մասին, որոնց  այսօր հուղարկավորեցին Մասիսի քաղաքային գերեզմանոցում, Դավիթ Համբարձումյանն ասաց, որ երկու փոքրիկներն ամբողջ աշխարհի լռության պայմաններում ցեղասպանվեցին՝ 100 տարի հետո ուղիղ կատարվող ցեղասպանություն է հայ ազգի նկատմամբ։

«Ցավոք, մենք էլ՝ որպես ազգ, շատ անտարբեր ենք դարձել, մենք էլ չգիտեմ` ինչ արեցինք, որ մեր հայրենակիցներին օգնենք։ Մարդիկ ամիսներով մնացին շրջափակման մեջ, սակայն ոչ մեկը դրա մասին չխոսեց։ Ընդամենը մեկ-երկու հայտարարություն աշխարհի այս կամ այն երկրի կողմից, իսկ վերջում եղավ այն, ինչ եղավ։ Այն էթնիկ զտումը, որն արվեց մեր հայրենակիցների նկատմամբ՝ սկսեցին հումանիտար բեռ ուղարկել, ինտեգրման մասին խոսել, եթե Արցախում հայ չի մնացել՝ ի՞նչ ինտեգրման մասին է խոսքը, բավակա՛ն է, էլի։ Երբ հայտարարում էինք, որ թուրքը մեր թշնամին է, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, մարդիկ ասում էին՝ ինչո՞ւ եք այդպես ասում, ասում էինք, որ այս օրվան չհասնեինք, ինչքա՞ն կարող ենք կոտորվել, ժողովուրդ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա ցավով ասաց, որ վաղը Մասիսի գերեզմանատանը տեղի կունենա 10 տարեկան ևս մեկ երեխայի հուղարկավորությունը, ինչպես նաև այսօր հուղարկավորված Նվերի և Միքայելի հորեղբոր։

«Երկու փոքրիկներին որ հուղարկավորեցինք, նրանց հորեղբայրը նույնպես զոհված է, նրան էլ պետք է հուղարկավորենք։

Մեր խնդիրը նաև ուրիշ տեղ է, այսօր մեր աչքի առաջ, մեր քաղաքական գործիչներին, գեներալներին առևանգում ու տանում են Ադրբեջան, մեր հասարակությունն այս պարագայում նույնպես անտարբեր է՝ սա լավ բանի չի բերի։ Կարծում եմ՝ մեր հասարակությունը պետք է մտածի, հայրենակիցները հասկանան՝ ինչքան կարող են մեր գեներալներին առևանգեն։ Ցավում եմ, որ այս վիճակն է, որպես ազգ՝ պետք է մտածենք մեր հետագա անելիքների մասին»,- եզրափակեց Դավիթ Համբարձումյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս