«Միացյալ Նահանգները Հայաստանին հեռվից կոնֆետ են ցույց տալիս, ավելի շուտ՝ կոնֆետի թուղթը». Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Միացյալ Նահանգները Հայաստանին հեռվից կոնֆետ են ցույց տալիս: Ավելի շուտ՝ կոնֆետի թուղթը:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մի խումբ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ ներկայացրել է «Հայերին Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու մասին» օրինագիծը։

Օրինագծի համաձայն՝ նախատեսվում է Հայաստանին հատկացնել $10 մլն հումանիտար նպատակներով, $30 մլն ռազմական համագործակցության (համատեղ զորավարժություններ) և $50 մլն (2024-2028 թթ.) գիտատեխնիկական համագործակցության նպատակներով:

Իսկ հիմա ամենահետաքրքիրը:

Օրինագծով նախատեսվում է 2024-2026 թթ. տարեկան Հայաստանին տրամադրել $650 մլն էներգետիկ ոլորտի զարգացման նպատակներով: Հիշեցմեմ, որ դեռևս 2019 թ. ամերիկյան USAID առաքելությունը մշակեց ու կառավարությանը ներկայացրեց մինչև 2036 թ. Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագիրը: Նույն կազմակերպության օժանդակությամբ իրականացվեց նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը, ինչը խիստ ժամանակավրեպ ու մեր էներգետիկ անվտանգության համար լուրջ ռիսկեր պարունակող ծրագիր էր:

Մասնավորապես, օրինագծում խոսվում է հայ-վրացական էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացման ծրագրերի մասին: Եվ ոչ մի խոսք նոր հզորությունների ձևավորման, Հայաստանից արտահանումը խրախուսելու մասին:

Բայց, թերևս, այժմ կարևորը դա չէ:

Փաստացիորեն Միացյալ Նահանգները ցույց են տալիս՝ ինչ գին են պատրաստ վճարել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության, ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու, հակառուսական ու հակաիրանական պլացդարմ դառնալու դիմաց:

Ավելին՝ սա Սյունիքով միջանցքի բացման գինն է՝ հաշվի առնելով, թե ինչ մեծ նշանակություն կարող է ունենալ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» Եվրոպա-Կովկաս-Ասիա էնեգտարանսպորտային դիվերսիֆիկացման համար:

Ու մի տեխնիկական դետալ ևս:

Օրինագծում հստակ սահմանված չէ, թե ինչ պայմաններով են տրամադրվելու նշված միջոցները: Չեմ բացառում, որ «օգնությունը» կիրականացվի վարկային ծրագրերի տեսքով: Ինչպես դա արվեց Վրաստանի դեպքում: Կամ ինչպես դա արվում է այսօր Արևմուտքի թիկունքը պահող Ուկրաինայի դեպքում»:

Տեսանյութեր

Լրահոս