ԵԽԽՎ նախագահն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թայնի Քոքսը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի գործած հարձակումը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը։ Այս մասին ասվում է ԵԽԽՎ տարածած հաղորդագրության մեջ։
«Խորապես ցնցված եմ այսօր Լեռնային Ղարաբաղում նոր և ագրեսիվ ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի կառավարության որոշման առնչությամբ: Ժամերի ընթացքում դա հանգեցրեց վիրավորների և զոհերի խաղաղ բնակչության շրջանում:
Խստորեն դատապարտում եմ այդ գործողությունները և կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել կրակն իրենց կողմից։ Ամիսներ շարունակ մենք ականատես էինք լինում և կոչ էինք անում վերջ տալ տարածաշրջանում հումանիտար իրավիճակի արագ վատթարացմանը՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով»,- ասվում է ԵԽԽՎ նախագահի հայտարարության մեջ։
Նա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հարձակումը գնահատել է որպես լուրջ հարված Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու հեռանկարներին։
«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միմիայն խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և բարի կամքի ազդանշանների միջոցով, կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ հարգելով այնտեղ ապրող յուրաքանչյուրի իրավունքները»,- ասվում է հայտարարության եզրափակիչ մասում: