Բազմակի չեմպիոնի կյանքը վտանգի տակ է
Դեռևս մեկ ամիս առաջ Վահան Ասատրյանի մտքով անգամ չէր կարող անցնել, որ կյանքն իրեն ձեռնոց է նետելու, ու չի հասցնելու կատարվածը մարսել, երբ հեմոդիալիզի սարքավորումից այդչափ կախված է լինելու:
45-ամյա բասկետբոլիստ Վ. Ասատրյանը դեռ մեկ ամիս առաջ միանգամայն առողջ էր և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում էր` որպես մարզիչ-մանկավարժ: Մարզական գործունեության ողջ ընթացքում նա բավական մեծ լումա է ունեցել մանկապատանեկան սպորտի, մասնավորապես` հանրակրթության մասով համայնքային, քաղաքային սպորտային, մարզական միջոցառումներում: Նա ոչ միայն կրթական ուսումնական հաստատություններում բասկետբոլ մարզաձևի ուսումնական պրոցեսի կանոնակարգման, այլև՝ այդ մարզաձևը գիտական հիմքի վրա դնելու հսկայածավալ աշխատանք է կատարել: 2005թ.-ից Վ. Ասատրյանը, որպես բարձրակարգ մասնագետ, հրավիրվել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում դասավանդելու, որի ընթացքում ստացել է ավագ դասախոսի կոչում, այնուհետև ներկայացրել է պատանի բասկետբոլիստների վերաբերյալ գիտական աշխատանք և թեզի նախնական պաշտպանությունն անցել է: Նա սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար է և եղել է աշխարհի բոլոր մայրցամաքներում՝ վարելով տարբեր կարգի միջազգային մրցաշարեր: Իսկ 1996թ.-ին ճանաչվել է Եվրոպայի լավագույն մրցավար:
«Վերջին մեկ ամսում այտուցվածություն նկատվեց սրունքային հոդերումս, բայց ցավ չկար: Տարբեր բուժհաստատություններում սկսեցի հետազոտվել, բայց չկարողացան կոնկրետ ախտորոշել, թե ինչի՞ց կարող էր այդ խնդիրը լինել: Այդ այտուցը տարածվեց մնացած բոլոր հոդերում՝ ծնկային, դաստակներիս, արմունկներիս, ու արդեն ցավեր ունեի»,- դժվարությամբ խոսելով` պատմում է Վ. Ասատրյանը, ով, արդեն տասը օր է` գտնվում է Էրեբունի Բժշկական կենտրոնի Նեյֆրոլոգիայի բաժանմունքում: Ասում է՝ ուսումնասիրել են բոլոր հնարավոր վարկածները, սկսած՝ ոսկրային հիվանդությունից, տուբերկուլյոզից, մինչև անգամ գենետիկ հնարավոր հիվանդությունների հակվածությունը. «Մոտ 10 օր առաջ արյան անալիզը հանձնելուց հետո պարզվեց, որ բավական բարձր ազոտ ունեմ արյանս մեջ: Անմիջապես կանչեցին և արյան հեմոդիալիզ անցկացրեցին: Արդեն 4-5-րդ օրն է` անցնում եմ այդ կուրսը, բայցգ»: Բայց հեմոդիալիզ ստանալուց հետո Վ. Ասատրյանն ավելի վատանում է, և ամեն օր, ամեն ժամ նրա առողջական վիճակն ավելի ծանր է գնահատվում: Եղբայրը՝ Վանիկն, ասում է, որ արդեն չի կարողանում նույնիսկ ինքնուրույն շարժվել և վերջին մեկ շաբաթից ավելին` թևերն ընկած մի կերպ են տեղաշարժում: Վ. Ասատրյանի հարազատները խորհրդակցել են Եվրոպայում առկա կլինիկաների մասնագետների հետ, ովքեր խորհուրդ են տվել հիվանդին շտապ տեղափոխել Գերմանիա կամ Իսրայել: Վ. Ասատրյանի հետ երկարատև զրույց չստացվեց, քանի որ նա ֆիզիկապես թույլ է և մեծ ջանքեր է գործադրում մտքերն արտահայտելու համար:
Հարազատները նրան ամեն ինչ չէ, որ ասել են, քանի որ մասնագետների գնահատմամբ՝ որևէ այլ երկիր չտեղափոխվելու պարագայում Վ. Ասատրյանին ապրելու համար քիչ ժամանակ է մնացել: Երկարատև հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշել են երիկամների անբավարարություն, բազմակի միելոմա (արյան քաղցկեղ) հիվանդությունները: Վ. Ասատրյանի կինը՝ Նաիրա Հարությունյանն, ասում է, որ նա դեռ չի գիտակցում իրականությունը: «Անընդհատ մտածում էր, որ դիալիզից հետո արդեն լավ է լինելու, բայց ամեն անգամ դա ստանալուց հետո վիճակն ավելի է վատանում: Արդեն իր մոտ էլ հույսը մարում է: Ոչինչ չենք կարողանում անել առողջությունը մի քիչ բարելավելու ուղղությամբ, ոչինչ չեն ասում: Այստեղի մասնագետները մեզ կոնկրետ ոչինչ չեն կարողանում ասել, անելանելի դրություն է»,- ասում է Ն. Հարությունյանը՝ վստահեցնելով, որ բոլոր բժշկական փաստաթղթերն ուղարկել են Իսրայել և Գերմանիա, որտեղի մասնագետները Վ. Ասատրյանին շուտափույթ այդ երկրներ տեղափոխելու խորհուրդ են տվել: Բացի այդ, կանխատեսում են արել, համաձայն որի՝ հիվանդի արագ տեղափոխման ձգձգումը կարող է այլ օրգանների ախտահարման հետևանք ունենալ: «Վահանին չենք ասել, որ արյան բազմակի միելոմա են ախտորոշել: Ըստ բժիշկների` արդեն ոսկորներն են ախտահարվում, անցքեր են առաջանում: Էնպիսի իրավիճակ է, որ հետագայում կարող է դիպչես, ու կոտրվածք ունենա: Շատ է հյուծվել արդեն: Դեռ մեկ շաբաթ առաջ ասում էր՝ այ, կտեսնեք, էս դիալիզից հետո ոտքի կկանգնեմ, բայց հիմա երկու հոգով մի կերպ ենք մի քանի մետր տեղ տեղափոխում: Գերմանիայում կամ Իսրայելում հետազոտություններ անցնելուց հետո ամեն ինչ պարզ կլինի, բայց նախնական կանխատեսումներով` պետք է ոսկրածուծը փոխեն, որից հետո երիկամների փոխպատվաստում կատարեն»,- ասում է Վ. Ասատրյանի կինը՝ Ն. Հարությունյանը, վստահեցնելով, որ Վ. Ասատրյանը ներկայումս ոչ թե բուժվում, այլ ստանում է ազոտի բարձրացման կանխարգելիչ միջոցառում:
Այնուամենայնիվ, այժմ ամեն ինչ կախված է Վ. Ասատրյանին Իսրայել կամ Գերմանիա տեղափոխելու համար պահանջվող գումարից, որտեղ նույնիսկ կարող են հերքել ախտորոշումը, քանի որ, ըստ նրա հարազատների՝ տարբեր մասնագետներ տարբեր գնահատականներ են տալիս և հետազոտությունները համադրելիս` տարբեր կարծիքներ են արտահայտում: «Մենք հիմա նույնիսկ նպատակահարմար չենք գտնում այստեղ կրկին անալիզ հանձնելու, որովհետև դա շատ բարդ պրոցես է: Կոնքային հոդի կողոսկրը ծակում և ոսկոր են պոկում-ուսումնասիրում: Հասկանո՞ւմ եք, արդեն մեր նյարդերն էլ չեն դիմանում: Մի արյունաբանն ասում է` հիվանդությունը կա, իսկ մյուսն ասում է՝ չկա, այլևս չենք դիմանում: Այս անորոշ ու ծայրաստիճան վատ վիճակըգ Վահանը երկու տեղ աշխատել է, ոչ մի խնդիր չի ունեցել, բայց հիմագ Գոնե հարյուր տոկոսանոց ախտորոշում ասեին: Երկու ամիս մի բուժհաստատությունից մյուսն են ուղարկել, էլ հիվանդանոց ու հետազոտություն չմնաց, բայցգ»,- ասում է Ն. Հարությունյանը՝ ավելացնելով, որ հարազատները հիմա փորձում են օգնել այլ երկիր տեղափոխվելու հարցում, սակայն բավական մեծ գումար է անհրաժեշտ թե՛ տեղափոխման, թե հետազոտությունների, թե պահանջվող բուժումների համար:
Վ. Ասատրյանի ընկերները դիմել են «168 Ժամ» թերթին՝ խնդրելով բարի մարդկանց կոչ անել մարզիկի առողջությունը բարելավելու համար աջակցել: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը երեկ արդեն հայտարարություն էր տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Երկու դպրոցահասակ երեխաների հայր, օժտված մարզիչ Վահան Ասատրյանի մոտ 2013թ. հունվարին հայտնաբերվել է երիկամների անբավարարություն, բազմակի միելոմա (արյան քաղցկեղ): Վ. Ասատրյանը ՀՀ բազմակի չեմպիոն է, սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար, 1996թ.-ին ճանաչվել է նաև Եվրոպայի լավագույն մրցավար: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բասկետբոլի մարզիչների վերապատրաստող է: 1990թ.-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ է, 2005-ից` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս. քիչ է պատահում, որ Վահանի նման մարզիկներն իրենց նվիրեն նաև սերնդի ֆիզիկական դաստիարակությանը: Այժմ Վահանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի նեյֆրոլոգիայի բաժանմունքում է: Արդեն քանի սերունդ դաստիարակած, իր գիտափորձը տարածող այս նվիրյալի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է հրատապ կարգով բուժումը շարունակել Իսրայելում: Կրթահամալիրը, Վահանի աշխատանքային ընկերներն անում են ամեն հնարավոր բան, բայց դա բավարար չէ: Նաիրա Հարությունյանի (կնոջ) անունով «Հայէկոնոմբանկում» բացվել են հաշվեհամարներ
163218014922 (EUR),
163218014914 (USD),
163218014930(AMD), և հանգանակություն է կատարվում՝ բուժման ծախսերը հոգալու համար:
Դիմում ենք Ձեզ կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների անունից. խնդրում ենք, միացեք հանգանակությանը»: