Աշխարհի ստեղծումը
Որովհետև Աստված անսահման կյանք է, և աշխարհը ստեղծված է ոչ թե լոկ Աստուծո փառաց հայտնության համար, այլև նույն աշխարհը Աստուծո արարչության նպատակն է և Աստուծո արքայության իրականացման է ծառայում, ուստի այդպիսի մի աշխարհը չի կարող կենդանությունից և կենդանական հառաջադիմությունից զուրկ կամ մի մեռյալ գոյություն լինել: Անբավ կյանքի ու կյանք բաշխողի արարչությունը բնավ չի կարող մեռելություն լինել: Հետևաբար աշխարհը ստեղծվելով կունենար և յուր հառաջադիմությունը կամ յուր զարգացման բնական ընթացքը, ըստ որում` նախ խառն նյութն է ստեղծվում և ապա կանոնավորապես կազմակերպվում (Ծննդ., Ա 1-2…): Սույն միտքը տեսնում ենք արարչության պատմության մեջ Ծննդոց գրքում իրապես ևս արտահայտված:
Նախ այնտեղ «Եւ ասաց Աստուած` եղիցի լոյս, եւ եղեւ լոյս» – և այլ նման խոսքերով ասված է, որ Աստուծո հրամանը կամ Աստուծո կամքն անմիջապես կատարվում է, զի նորա կամքը մերինին նման չէ, այլ իրականություն է:
Երկրորդ` այնտեղ բոլոր արարչագործությունը վեց բաժանմունք ունի, և յուրաքանչյուր բաժանմունք նկատվում է մի օրվա գործ: «Օր» Ս. Գրքում գործ է ածված ժամանակ ու շրջան մտքով. զորօրինակ, Ծննդ., Բ 4, 17. Գ 5. Թվոց, ԺԴ 34. Եզեկ., Դ 5. 6. Հովել, Բ 11. Ես., ԿԵ 22. Բ Կոր., Զ 2. Հռ., ԺԳ 12. Ա Թես., Ե 4. Եբր., Ա 2. մանավանդ որ արեգակն, այսինքն` երկրիս ժամն ու ժամանակը որոշողը չորրորդ օրվա գործերի մեջ է հիշվում, թեև ս. գրողք, սոսկ կրոնական նպատակ ունենալով, պարագայից կարգի որոշության նշանակություն չեն տալիս (տե՛ս զորօրինակ, Հովբ, ԼԸ. Սաղմ., ՃԳ. հմմտ. Մատթ., ԺԹ 3-6. Ե 17-19.), և այդ բաժանմունքներն օր են կոչվում յոթներորդ օրվա և յոթնամյա տարեդարձի կրոնական վճռի համեմատությամբ (Ելից, Ի 11. Ղևտ., ԻԵ): Այլև Մովսիսի սաղմոսում (ՁԹ) երգվում է. «Հազար ամ յաչս Տեառն որպէս օր երեկի` զի անց, որպէս պահ մի գիշերոյ, եւ ամք նորա անարգութեամբ եղիցին»:
Այդպես և առաքյալն է գրում. «Մի օր Տեառն իբրեւ զհազար ամ է. եւ հազար ամ` իբրև զմի օր» (Բ Պետր., Գ 8), այսինքն` մեր ժամանակաչափով չենք կարող Աստուծո գործերը չափել: Հետևաբար յուրաքանչյուր շրջանի գործ յուր կատարման մեջ է մտնում Աստուծո կամաց մի վճռով և յուր զարգացման կարգը բռնում, ըստ որում` բոլոր ստեղծագործությունը, սկսվելով անկատարից, դիմում է դեպի կատարելագույնը, կամ թե հաջորդ գործն ընթացք է ստանում նախորդ գործի լրմամբ միայն: Եվ ուրեմն Աստված այնպես է տնօրինել յուր արարչագործությունը, որ արարածներն, ըստ Արարչի ստեղծման կարգավորության, բնական զարգացումն են ստանում և հառաջադիմում: Իսկ յոթներորդ օրվա հանգստություն է կոչվում Աստուծո նախախնամական գործունեությունը մինչև աշխարհի վերջը (հմմտ. Մեկն. Ժամ., 203):
Երրորդ` արարչագործության պատմությունը, Ս. Գրքում կրոնական և ոչ թե բնագիտական նպատակ ունենալով, հիշում է, որ աշխարհի ամենայն երևելի և աներևույթ գոյություններն իրականացել են Աստուծո ամենազոր հրամանով և Աստուծո ենք պարտական աշխարհի բոլոր բարյաց երախտիքը: Ոչ մի երկնային մարմին, ոչ մի բանական արարած, ոչ մի կենդանի և ոչ չնչին ստեղծված անգամ Աստուծո արարչական հրամանից դուրս չէ ծագել, ըստ որում և այնտեղ որոշվում է կիրակվա, ամուսնության, ամուսինների փոխադարձ հարաբերության սկզբունքը (Ծննդ., Բ 2-3, 23, 24. համեմատ. Ա Կոր., ԺԱ 3-12. Եփ., Ե 25. Մատթ., ԺԹ 3 և այլն):
Ուստիև մեր հավատքի, մեր աստվածաճանաչության հիմքն այն է, որ մենք և ամբողջ աշխարհը Աստուծո ստեղծվածն ենք, և ամենայն արարած մարդուն համար է: Այդ պատճառով և Ս. Գրքում երկիրն իբրև մարդու բնակարան կամ մարդը կեդրոն է նկատվում արարչության, այնպես որ թե երկիրը կլոր է, ինչպես գտավ Պյութագորասը 500 տ. Ք. ա., թե պտտում է յուր առանցքի շուրջը, որպես ընդունում է Պղատոնը 348 տ. Ք. ա., թե պտտում է արեգակի շուրջը, ինչպես ասաց 100 տարի հետո Արիստարխ Սամոսացին և ապա Արխիմետը, և այլն, այդ Ս. Գրքի նպատակից և զբաղմունքից դուրս է (տե՛ս Հարց., 180-189, 202-219, որտեղ ժողովված են այժմ ևս գիտության մեջ ընդունված շատ կարծիքներ ու գյուտեր. տե՛ս և Բարսեղ Մեծն, Վեցօրյակ. Թ):
Եվ չորրորդ` հենց սկզբում ասված է, թե «Եւ հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց», որի հետ միասին հիշված է և Աստուծո ամենազոր խոսքը: Ըստ այսմ` Աստուծո հոգին և Աստուծո խոսքը ամենից առաջ են, և նոցա գործունեությամբ է աշխարհս թե՛ լույս և թե՛ ամենայն մարմին գոյություն ստանում, կարգավորվում և յուր բնական օրինավորության ընթացքի մեջ մտնում: Այդ սկսվում է այնով, որ շփոթը (թոհ և բոհը)` խառնակ վիճակը, վերանում է և դորա հետ լույս է իջնում երկրի վրա, առանց որի չի կարող կարգավորություն լինել խավարի մեջ (տե՛ս և Հարց., 192. Խոսր. Անձևացի, Մեկն. Ժամ., 193):
Ահա այս չորս կետերում է արտահայտված քրիստոնեական վարդապետությունն աշխարհի ստեղծման նկատմամբ: Բոլոր ազգերն էլ ունին արարչագործության ավանդությունը և բոլորն էլ գրեթե միանման են պատմում, որոնցից Ս. Գրքի պատմության ամենամոտիկն է փյունիկեցոց և բաբելացոց ավանդությունը: Սակայն եթե հեթանոսական աշխարհի այդ ավանդության ամենազարգացած տեսությունը հունաց մեջ ծաղկած համարենք, կտեսնենք, որ հույն իմաստասերներն էլ չեն կարողացել այդ չորս կետերի դեմ չմեղանչել:
Այսպես, Քրիստոսից 500 տարի առաջ Քսենոփանես հույն փիլիսոփան, նկատելով երկրի` մանավանդ սարերի շերտերում քարացած կենդանիք և նոցա նմանությունը ծովայնոց հետ, ասում էր, թե աշխարհը տիղմից է կազմվել. ոմանք էլ այդ վերագրում էին բնության ուժին, ոմանք` մի ջրհեղեղի և ուրիշները` մի նախնական արարչության: Եվ մենք տեսնում ենք, որ հունաց թե՛ կրոնական և թե՛ իմաստասիրական տեսությունները հանգում են մի կետի, այն է, որ նոքա աշխարհը նկատում են միայն իբրև բնություն և ոչ իբրև արարած, կամ թե համարում են եղած նյութից ստեղծված (երկվականություն-Պղատոն, Արիստոտել, Զրադաշտ):
Նոքա ներկայացնում են աշխարհն` իբրև սկզբնական սաղմեր կրող շփոթից (քաոս) հառաջ եկած, լույսը` խավարից բղխած, հոգիները, սեփական զորությամբ բնության կոյր ուժերի դեմ կռվելով, ազատված և այլն: Սույն առասպելաբանությունք իհարկե մեծ զարկ էին տալիս նոցա կրոնական գեղարվեստի զարգացման, որին դարձյալ անկում էր սպառնում նոցա կույր ճակատագիրը: Այլև սույն մոլորության ձևակերպությունն է` թե աստվածյանց տեսությունն, որ իբր թե Աստված, ստեղծելով աշխարհը, մի կողմ` աստղերի հետևն է քաշվել, ինչպես մեքենապետը մեքենան ընդմիշտ լարելուց հետո, թե համաստվածյանց տեսությունն, որ իբր թե աշխարհն ինքնուրույնաբար զարգանալու ու ծավալվելու ոգևորություն ունի առանց Աստուծո, և թե նյութապաշտությունն, որ ժխտում է ճշմարիտ Աստուծո գոյությունն ու հավիտենական զարգացող նյութ ճանաչում (Եպիկուր, Դեմոկրիտ, Լուկրեց, համագետներ և այլք):
Այս տեսությանց հակառակ միակողմանի հրեությունն, շեղվելով Ծննդոց գրքի պատմության ոգուց, աշխարհին իբրև լոկ արարածի վրա էր նայում. նա ուսուցանում էր, թե աշխարհը լոկ Աստուծո փառաց ծառայող է ստեղծված և չունի ոչ մի ինքնուրույնություն և ոչ մի բնական ընթացք, այլ միայն մի անկենդան մեքենա է յուր բացարձակ մեքենապետի առաջ:
Քրիստոնեական վարդապետությունը հիմնովին մերժում է թե՛ հեթանոսության բնապաշտական ուղղությունը և թե՛ հրեության բռնապետական տեսությունն, արհամարհելով երկուսի միակողմանիությունք էլ, որոնք պարզ ի պարզո մոլար են և չեն մտնում Աստուծո իմաստուն արարչության խորհրդի մեջ: Զի Աստված, անսահման կյանք, սեր և իմաստություն գոլով, ստեղծեց ոչ թե մի անկենդան և ինքնուրույնությունից կատարելապես զուրկ աշխարհ, այլ մի աշխարհ, որ յուր սահմանափակ զորությամբ ու կենդանությամբ ազատ ընթացք ունի և հետևաբար այդպես ու միայն այդպես է յուր Արարչի ամենիմաստուն կարողության ու սիրո հայտնություն:
Աստված ստեղծեց ոչ լոկ բնություն և ոչ սոսկ արարած, այլ բնական արարած. աշխարհն Աստուծո բնական ստեղծվածքն է: Աշխարհի սկիզբը մեկ է, և այդ սկզբնավորությունը գերբնական է, որով նա Աստուծո արարչական ստեղծագործությունն է, սակայն աշխարհն ունի և յուր բնական սկզբնավորումը, որի մեջ ծավալվում են աշխարհի բոլոր երևույթների և զգայարանական սաղմերի աճումն այն արարչական զորության ներգործությամբ, որ նոքա ստանում են գերբնական սկզբից: Աստուծո արարչական կամքն, աշխարհի գերբնական սկիզբը դնելով, բազմազան սկիզբներ է հառաջացնում, աճեցնում ու բազմավորում, սակայն բոլորի բնական ընթացքները միության մեջ են մնում շնորհիվ գերբնական սկզբի միության, իսկ այդ գերբնական սկիզբն էլ Բանն Աստուծով է սկսվել, որ սկզբից Աստուծո մոտ էր, առանց նորան ոչինչ չէ եղել և ամենայն ինչ նորանով է եղել ու ստեղծվել (Հովհ., Ա 1-6):
«Զի յոչնչէ անտի սկիզբն արար միովն` եւ ած մինչ ի հազարս եւ ի բիւրս զիւրաքանչիւրսն. զի լաւութեան հանդիսիւք առաքինասցին» (Հաճ., Է 26): Աստուծո արքայության զարգացումը ցորենի կամ մանանեխի հատիկիցն է (Մատթ. ԺԳ, 31, Մարկ., Դ 31. Ղուկ., ԺԳ 19, Ա Կոր., ԺԵ 37), բայց այդ հատիկն էլ ունի յուր գերբնական սկիզբը: Քրիստոնեական վարդապետությունը ո՛չ լոկ հասկ է ճանաչում, ո՛չ լոկ հասկահատիկ, այլ` երկուսը միասին, և երկուսի աճումը արարչական գերբնական սկզբիցն է. ահա մի օրինակ աշխարհի ստեղծման սկզբունքին: Ուստիև մեր բնագիտական հետազոտությունը, լոկ բնության գիտություն լինելով, շարունակում է յուր գործը միմիայն մինչև հատիկը, միմիայն մինչև գերբնական սկիզբն և ոչ դենը: Մենք ստեղծված ենք, ժամանակն էլ ստեղծված է, որ մեր ճանաչողության հիմքն ու պայմանն է, իսկ արարչության հետազոտությունը մեր սահմանից դուրս է, որ ճանաչելու համար պետք է ոչ թե ստեղծված լինինք, այլ` Արարիչ, ուստիև ճանաչում ենք միմիայն Աստուծո հայտնության ուսումնասիրության ուսումնասիրությամբ:
Աշխարհն, ստանալով յուր ընթացքը, ձգտում է դեպի յուր նպատակն և այդ ձգտման ճյուղավորությունն յուր բազմազանությամբ ու հատ-հատ զարգացմամբ կազմում է ժամանակի գաղափարը: Քանի որ Աստուծո արարչական կամքի մեջ աշխարհի ստեղծագործության գաղափարն անփոփոխ է, Աստուծո արարչությունն ևս հավիտենական է: Մինչդեռ այդ արարչական կամքն յուր գործունեությամբ հառաջ է բերում աշխարհի արարածական ընթացքը, որ դիմում է դեպի նպատակ և ժամանակական է: Իսկ այդ ժամանակական ընթացքը կստանա յուր կատարումը` յուր նպատակին հասնելով, այն է` Աստուծո արքայության վերջնական իրագործմամբ. այդ էլ կլինի հավիտենականության մեջ, որում կվերանա վախճանականությունն անվախճան կյանքի լրմամբ:
Այս հառաջադիմությունը կատարելապես նույն կրոնական սկզբունքով է ընթանում, որ արտահայտված է յոթնօրյակի մեջ: Աշխարհի կյանքի ընթացքը կամ տիեզերական պատմությունը այնպես է հառաջ գնում, ինչպես ստեղծագործությունն` յուր յոթնօրյա կարգով, ըստ որում` յուրաքանչյուր մի մասն յուր ընթացքն է ստանում նախընթացի կատարումից հետո: Յուրաքանչյուր վեց շրջանի անցնելով` լրանում է մի ժամանակ, և ապա կրկին սկսվում է այսպես ասած արարչական մի նոր օր, որ նախընթացի նմանօրինակ դրոշմն է կրում աստվածային ներգործությամբ: Ստեղծագործությունը մինչև մարդու ստեղծումը հանգավ մարդու ստեղծմամբ, իսկ տիեզերական կյանքի կամ պատմության հառաջադիմությունն յուր մարդկային հոգևոր ընթացքի տիրապետությամբ հառաջադիմում է դեպի հավիտենականություն, որում կլինի հոգևորի կատարելությունը: Յուրաքանչյուր նոր շրջան ընթացք է ստանում գրեթե այնպես, ինչպես արարչագործության մեջ է լինում Աստուծո «Եղիցի լոյս» խոսքով[1]:
Այսպիսով ժամանակի շրջաններն ևս հեռավոր նմանությամբ կրկնվում են և դեպի առաջ գլորում. «Անցանեն ժամք և աւուրք և ամք և յառաջադէմն նկրտին» (Հաճ.): Այս շրջանների ընթացքի վրա էին նաև մարգարեները հիմնում յուրյանց աստվածատուր հայտնությունք` ցույց տալով Արարչի տնօրինած կյանքն ու նրա հառաջադիմությունը դեպի ժամանակի վերջնական լրումը` հավիտենական կյանքը: Եվ այս հիման վրա էին կառուցանում հին աստղաբաշխներն յուրյանց 28-ամյա (4×7) շրջանի գուշակություններն ապագա տարիների պտղաբերության, խաղաղության, խռովության ու դժբախտությանց նկատմամբ: Աշխարհի վեց շրջանները լրացան Քրիստոսով, և այժմ մենք գտնվում ենք յոթներորդ շրջանի մեջ, որ պետք է լրանա Քրիստոսի երկրորդ գալստով (Ագաթ., 387):
Այսպիսով, աշխարհի բնական ու պատմական ընթացքը հառաջ է գնում Աստուծո գերբնական ու բարձր ներգործությամբ, սակայն յուր իսկ դրած բնական կարգավորությամբ և հաստատած անշեղլի օրենքով (Ծննդ., Ը 22): Այդ օրենքի աստվածային պահպանությամբ պայմանավորված է ուրեմն աշխարհի հառաջադիմության կանոնավոր ընթացքը, իսկ Աստուծո արարչական ներգործությամբ մի ավելի բարձր զարգացման աստիճանավորություն է հառաջ գալիս ցածր աստիճանից` ըստ տնօրինական ներգործության: Այդ է պատճառը, որ որտեղ Աստուծո արարչական ներգործության հետևանքն ենք նկատում, սքանչանում ենք և մեր առաջ մի հրաշալիք տեսնում, իսկ որտեղ օրինավորության պահպանության ենք հասու լինում, սկսում ենք զննել ու ճանաչել, թե ի՞նչ օրենք կարելի է դուրս բերել այդպիսի երևույթներից: Ճանաչել այդ օրենքների պահպանության աղբյուրը և արարչական ներգործության բարձրությունը մեր հավատքի հարստությունն է:
[1] «Սերմն ամենայն կենդանեաց մարմնաւորաց ջուր է, եւ զօրութեամբ Աստուծոյ Հոգւոյն գոյանայ: «Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս»: Այս առաջին բարբառ Աստուծոյ, առանց շրթանց շարժելոյ եւ թարց լեզուի տատանելոյ. առանց ատամանց կափկափելոյ, եւ թարց բարբառ արձակելոյ. զի ոչ եթէ գործիք եւ օդապահք բան է կարծել զԱստուծոյ, այլ զմեզ ուսուցանելոյ վարի գիրս մերովս օրինակաւ: Եւ դու տես, զի նախ զ«արարն» դնէ, եւ ապա զ«ասացն» ի ցոյց գործոցն: Զի յայտ առնէ զԱրարիչն ամենազոր եւ անաշխատ: Զի կամելով միայն հրամանն զգործն կատարեաց»: Հայսմավուրք:
Արշակ Տեր-Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից