Լավ հնարավորություն. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Նախագահական ընտրությունների հետ կապված հետընտրական պրոցեսները դանդաղ, բայց անկասելիորեն վերածվում են Երևանի ավագանու նախընտրական պրոցեսների: Դա բնական է՝ ցանկացած նորմալ երկրում գրեթե անընդհատ պետք է տեղի ունենան ընտրությունների և հանրաքվեների հետ կապված գործընթացներ:
Մասնավորապես, տարբեր համայնքներում շարունակվելու են ՏԻՄ ընտրությունները, որոնց նշանակությունը պետք չէ թերագնահատել, քանի որ համապետական ընտրություններում կեղծիքներն իրականացվում են հիմնականում հենց գյուղապետարանների, քաղաքապետարանների, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների աշխատակիցների ջանքերով:
Ի դեպ, միանգամայն իրատեսական է, որ մենք մոտակա 1-2 տարում կունենանք նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, եթե, իհարկե, ընդդիմադիր ուժերը դրսևորեն մտքի որոշակի ճկունություն:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հանդես է եկել Երևանի ավագանու ընտրություններում 4 կուսակցությունների՝ ՀԱԿ-ի (որն, ըստ երևույթին, կհասցնի դառնալ կուսակցություն), ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության»՝ ընտրություններում միասնաբար հանդես գալու միանգամայն կառուցողական առաջարկով: Այս առումով իրավիճակն իսկապես նպաստավոր է մի քանի պատճառներով:
1) Երևանի ընտրական բոլոր տեղամասերում այդ կուսակցությունները կարող են նշանակել հանձնաժողովների հուսալի անդամների և վստահված անձանց՝ չկա հեռավոր գյուղեր հասնելու և այնտեղ վերահսկելու խնդիրը: 2) Չորս կուսակցություններից երկուսը, ըստ էության, ունեն հեռուստաընկերություններ, որոնց առջև իշխանությունը, որքան հասկանում եմ, լուրջ սահմանափակումներ չի դնում: Մնացած հեռուստաընկերությունները, մասնավորապես՝ Հանրայինը, ընդդիմության դեմ հակաքարոզչություն չեն իրականացնում, ինչպես որ դա եղել է 2008 թվականին:
3) Հավաքների և ընդհանրապես ընդդիմադիր գործունեության ազատության առումով Հայաստանի այսօրվա վիճակը անհամեմատելի է նախորդ ընտրական ցիկլերի հետ: Գիտեմ, որ հարգարժան ընդդիմադիրներն այս հարցում ինձ հետ համաձայն չեն լինի, բայց պարզապես արձանագրեմ, որ այս ընթացքում ես չեմ հանդիպել հաղորդագրություններ այն մասին, որ ընդդիմադիր հանրահավաքների մասնակիցներին տանում են ոստիկանություն «զրույցի» կամ ենթարկում են վարչական կալանքի, ինչը որ չափազանց տարածված էր 2003-2004 թվականներին: 4) Համացանցը, կայքերը, սոցիալական ցանցերը դարձել են քարոզչության գործուն միջոց և որևէ ձևով չեն վերահսկվում իշխանության կողմից, իսկ Երևանում դրանք միանգամայն մատչելի են:
Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է արձանագրել, որ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի գաղափարը միանգամայն իրագործելի է՝ նաև այն պատճառով, որ խոսքն այստեղ մայրաքաղաքը ղեկավարելու մասին է, և կուսակցությունների միջև զուտ գաղափարական տարաձայնությունները նահանջում են երկրորդ պլան: Եթե գաղափարը չիրագործվի, ապա մեղավորը հաստատ իշխանությունը չի լինելու»: