Բաժիններ՝

Վարդան Սեդրակյանի առեղծվածը

Էպոսագետ Վարդան Սեդրակյանին 3-4 ամիս առաջ Հայաստանում շատ քչերն էին ճանաչում։ Այսօր ճանաչում է ողջ հանրապետությունը, բայց հարցականներն ավելի են շատացել։ Իսկ գլխավոր հարցը հետևյալն է՝ ո՞վ է, այնուամենայնիվ, Վ.Սեդրակյանը։

Մի շարք քաղաքացիներ հաճախ տեսնում էին տարբեր տեղերում փակցված նրա նկարները՝ «Վերևում Աստված կա» վերտառությամբ, սակայն չէին հասկանում՝ ո՞վ է այս մարդը, և ի՞նչ է նրա ուզածը։

Սասնա ծռերից նրա մեջբերումներն ու որևէ կերպ չհիմնավորված վստահությունը նախագահական ընտրություններից առաջ շատերին տարակուսանքի մեջ էին գցում։ Ոմանք մտածում էին՝ Վ. Սեդրակյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։

Սակայն անմիջապես էլ հասկանում էին, որ մտավոր խնդիրներ ունեցող մարդը չի կարող այդքան ռեսուրսներ ծախսել՝ 8 միլիոն ընտրագրավ մուծել, տպագրել և տարածել մեծ ծավալով քարոզչական նյութեր (ընտրություններից դեռ ամիսներ առաջ), ֆեյսբուքում և ինտերնետում ակտիվ քարոզչություն ծավալել։  Դրանք մեծ գումարներ են, և միայն միամիտ մարդը կարող էր մտածել, որ դրանք կարող են հենց այնպես ծախսվել՝ առանց որևէ լուրջ ակնկալիքի։

Քարոզարշավի ընթացքում նաև պարզ դարձավ, որ Վ.Սեդրակյանը բավականին ապահովված մարդ է, ունի շքեղ մեքենաներ և առանձնատուն, ապրում է՝ իրեն չզրկելով հաճույքներից։ Արդյունքում՝ հարցականները միայն շատանում էին՝ եթե մարդը նման ունեցվածք է կուտակել, ուրեմն նվազագույնը լավ գործարար է։ Իսկ լավ գործարարը չի կարող փողերը քամուն տալ։

Հետո տեղեկություններ հայտնվեցին, որ Վարդան Սեդրակյանը նախկինում ապրել է բավական վատ պայմաններում և միանգամից է հարստացել։ Երբ կան հարցեր, սակայն չկան պատասխաններ, հասարակությունն ինքն է սկսում պատասխաններ հնարել։ Տարածվեցին վարկածներ, որ Վ.Սեդրակյանն օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ է, և այլն, և այլն։ Ինքը՝ էպոսագետը, ասուլիսների ժամանակ հիշատակում էր այդ տարբերակները և դեռ մի երկու տարբերակ էլ իր կողմից ավելացնում՝ ցույց տալու համար դրանց անհեթեթությունը։

Այս ամենը, ինչ խոսք, հետաքրքիր էր, սակայն՝ ոչ մտահոգիչ։ Այսինքն՝ հասարակության ընկալումը Վ.Սեդրակյանի անձի և նրա խոսքերի ու գործողությունների նկատմամբ լուրջ չէր։ Մտահոգությունները սկսվեցին Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո։ Ավելի ճիշտ՝ այն պահից սկսած, երբ բացահայտվեցին մահափորձի կատարողները, և, երբ Վարդան Սեդրակյանը համոզված հայտարարեց, որ ընտրություններից հետո իրեն կձերբակալեն Հայրիկյանի մահափորձի գործով։ Սա արդեն լուրջ էր, քանի որ համաքաղաքացիները բնազդով զգում էին, որ Սեդրակյանն անհանգստացած է և արդարանում է։ Հայտնի խոսք կա՝ եթե ուզում ես, որ հավատան քո ստին, ասա ճշմարտությունը։ Հետո Վ.Սեդրակյանը մահափորձի մեջ մեղադրեց մասոններին…

Հետո անցավ մի որոշ ժամանակ՝ կրքերը Վ. Սեդրակյանի շուրջ հանգստացան, և թեժացան Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ։ Սեդրակյանին հանրությունն արդեն սկսում էր մոռանալ։ Գրեթե չէին հիշում անգամ Հայրիկյանին. Վերջինս ստիպված ինքն էր իր մասին հիշեցնում՝ ֆեյսբուքում գրելով իր առողջական վիճակի մասին։

Եվ հանկարծ՝ այսօրվա իրադարձությունները։ Նախ՝ լուրեր տարածվեցին որ Վարդան Սեդրակյանին ձերբակալել են, հետո հերքվեցին, հետո տեղեկություններ եղան, որ կատարվում են խուզարկություններ։ Այս պահին ԱԱԾ-ն դեռ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, սակայն արդեն փաստ է՝ Վարդան Սեդրակյանը կալանավորված է։ Կալանավորված է հենց Հայրիկյանի գործով. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։

Անմեղության կանխավարկածը չենք խախտի, սակայն այս ամենը ցույց է տալիս, որ Վ.Սեդրակյանին կալանավորելու  հիմքեր եղել են։ Այսինքն՝ Վ.Սեդրակյանը հենց այնպես չէր խոսում իրեն կալանավորելու մասին։

Ու այս ամենից հետո՝ հարցն ավելի սուր է դրվում. ո՞վ է, այնուամենայնիվ, Վարդան Սեդրակյանը, ի՞նչ էր նրա ուզածը, ինչո՞վ էր նա իրականում զբաղված։

Նա հաստատ գիժ չէ, ինչպես ի սկզբանե ենթադրում էին շատերը։

Սա արդեն ոչ թե Վարդան Սեդրակյանի խնդիրն է, այլ լուրջ՝ հասարակական խնդիր։ Որովհետև պարզվում է՝ ցանկացած մեկը կարող է մի քանի ամիս իսկական շոու սարքել, և վերջում պարզվի, որ դրա ետևում եղել են բոլորովին այլ նպատակներ։

Եթե մեղադրանքը ճիշտ է, եթե Վ.Սեդրակյանն իրոք մեղավոր է, ապա պատկերացնո՞ւմ եք՝ ի՛նչ կլիներ, եթե նա ընտրվեր (տեսականորեն դա բացառված չէր)։

Կարճ ասած՝ Վ.Սեդրակյանը կալանավորված է, սակայն դրանով ոչ թե ամեն ինչ վերջանում է, այլ նոր է սկսվում։ Վ.Սեդրակյան երևո՛ւյթը դեռ պետք է լուրջ ուսումնասիրվի, և հանրությանը պետք է սպառիչ պատասխաններ տրվեն՝ ո՞վ է նա, ովքե՞ր են կանգնած նրա ետևում, և որո՞նք են եղել մոտիվները։ Հերթական անգամ ինչ-ինչ նկատառումներով «ծածկադմփոց» անելը միայն հող կնախապատրաստի, որ նման երևույթներն ապագայում կրկնվեն։

Սարգիս Ղազարյան

Հ.Գ.  Ի դեպ, հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանի անունը՝ իր էպոսագիտությամբ հանդերձ, շրջանառվում էր նաև հոկտեմբերի 27-ի ժամանակ։ Որոշ տեղեկությունների համաձայն, ողբերգությունից առաջ Սեդրակյանը Սարգսյանների բնակարան է տարել մի գրություն և այն հանձնել Արամ Սարգսյանի կնոջը, որպեսզի Արամ Սարգսյանի միջոցով այն հասնի Վազգեն Սարգսյանին: Քանի որ Սարգսյանների բնակարան օրական այդպիսի տասնյակ նամակներ էին բերում, որոնցից ոչ բոլորն էին հասնում Վազգեն Աարգսյանին, այս մի նամակն էլ արժանանում է չընթերցված հազարավոր նամակների ճակատագրին: 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Վարդան Սեդրակյանը հայտարարում է, որ այդ նամակում ինքը կանխորոշել էր դեպքերի նման ընթացքը և դա արել էր՝ հիմնվելով էպոսի՝ «Սասունցի Դավթի» վրա: Որքանով մեզ հայտնի է՝ Վ. Սեդրակյանը հոկտեմբերի 27-ի գործի շրջանակներում անգամ հարցաքննվել է։ Իսկ ինչպես նշվում է Վիքիպեդիա հանրագիտարանի՝ Սեդրակյանի էջում, դեռ 1998 թվականին նա Օլեգ Բաբայանի հետ միասին «Ար» հեռուստաընկերությունում ներկայացրել է «Սասնա Ծռեր-Ի՞նչ է լինելու վերջը» հաղորդաշարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս