Նախարարությունը սպասում է մահացած քույրերի դատաբժշկական փորձաքննության ավարտին

Արմավիրի մարզում երկվորյակ քույրերի` 3 ամսական Մերի և Մարիամ Վարդանյանների, մահվան դեպի առիթով ՀՀ առողջապահության նախարարությունը որևիցե ուսումնասիրություն, գնահատում չի անում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

«Խոսքը երեխաներից մեկի տնային մահվան և մյուսի` հիվանդանոց հասցնելուց անմիջապես հետո մահվան մասին է: Առողջապահության նախարարությունը որևիցե ուսումնասիրություն, գնահատում չի կարող անել այն պարզ պատճառով, որ գործը գտնվում է նախաքննության վարույթում, և իրականացվում է դատաբժշկակական փորձաքննություն: Մենք տեղեկացված չենք մահվան պատճառների վերաբերյալ և չենք կարող ինքներս էլ տեղեկատվություն տրամադրել դեպքի հանգամանքների հետ կապված: Սա օրենքի պահանջն է: Մենք նույնպես սպասում ենք դատաբժշկական փորձաքննության ավարտին, որովհետև եթե պատճառը հայտնի չէ, ձեռնարկել ինչ-որ բան ուղղակի հնարավոր չէ: Պետք է պատճառը իմանալ, որպեսզի հասկանալ` ինչ սխալներ և ինչ կազմակերպչական բացթողումներ կան»,- ասաց մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը:

Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեպքի հետ կապված նոր մանրամասներ հայտնի չեն, դեռ հայտնի չէ երեխաների մահվան պատճառը:

Ավելի վաղ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնել էին, որ իրացման ցանցում կատարվել է «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության վրա որևէ բացասական հետևանք ունենալ չեն կարող: Երկու երեխաների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող մթերքների փորձաքննությունները շարունակվում են:

Տեսանյութեր

Լրահոս