Եթե այդ թուղթը ստորագրվի, Հայաստանը դառնալու է ոստիկանական պետություն. Վարդան Օսկանյան  

Վարդան Օսկանյանը շարունակում է խոսել հայ-ադրբեջանական բանակցություններում այլընտրանքային լուծումների մասին: Ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերում ԱԳ նախկին նախարարը նկատեց՝ իր առաջարկի վերաբերյալ բազմաթիվ արձագանքներ է ստացել տարբեր շրջանակներից, այդ թվում՝ Սփյուռքից և Արցախից:

«Բոլորի մոտ միասնական կարծիք է ձևավորվում, որ կա այլընտրանքային լուծում,- հավելեց Վարդան Օսկանյանը՝ մանրամասնելով,- Այն, ինչ այսօր Փաշինյանն անում է, բոլորիս համար պարզ է, որովհետև այստեղ վերլուծելու հարց չկա. ինքը հստակ ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, և այդպես էլ լինելու է, և դրա դիմաց որևէ պահանջ չկա:

Այսինքն՝ Փաշինյանի քաղաքականությունը տանելու է նրան, որ եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, Արցախն ամբողջությամբ՝ իր 120 հազար բնակչությամբ,  լուծարվելու է Ադրբեջանի մեջ:

Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության մասին խոսակցությունները ժողովրդի աչքին թոզ փչել է: Այն պահին, երբ այդ երկխոսությունը կսկսվի, փաստաթուղթը ստորագրելուց հետո, համարեք՝ Արցախն արդեն լուծարվել է Ադրբեջանի մեջ, և հարցը փակված է»:

Կարդացեք նաև

Նախկին արտգործնախարարը Նիկոլ Փաշինյանի արածը, բացի անհասկանալի և անընդունելի լինելը, համարում է անիրատեսական:

«Այն, ինչ Փաշինյանն անում է, իրեն թվում է, թե այս պահի դրությամբ, ելնելով իրավիճակից, հարցի լուծման ամենահեշտ ճանապարհն է, բայց տալը նույնիսկ հեշտ չէ:

Ինքն ուզում է տալ մի բան, որն իրենը չէ. նա ուզում է տալ մի տարածք, որը հազարամյակներ պատկանել է Արցախի ժողովրդին, որը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, որը նույնիսկ սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ, մի տարածք,  որը նախկին 30 տարիներում եղել է անկախ քաղաքական միավորում: Տալ՝ հենց այնպես, որ լուծարվի՝ իր ժողովրդով հանդերձ:

Այսօր աշխարհում 50-ից ավելի ինքնորոշման շարժումներ կան. մի մասը՝ հնից եկած, մի մասը՝ նոր շրջանի՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, բայց այդ 50-ն էլ իրենց գործընթացներն են ապրում:  Որևէ ժողովուրդ, ազգ, չի հրաժարվել այդ իրավունքից. մենք՝ հայերս, առաջինն ենք լինելու:

Այս պահին 120-ից ավելի ինքնավար քաղաքական միավորներ կան աշխարհում՝ 50-ից ավելի երկրների կազմում:

Ավելին ասեմ՝ Փաշինյանն ինչ անում է, խաղաղության չի կարող բերել. այս առումով ևս անիրատեսական է: Սա կարող է լավ հարաբերություններ բերել Փաշինյանի իշխանության և Ադրբեջանի միջև, բայց ոչ երբեք՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև»:

Մեկ այլ կարևոր գործոն, որն ընդգծեց դիվանագետը, փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի Հանրապետությանը սպառնացող անկայունության ցիկլն է:

«Եթե պատերազմից հետո Փաշինյանի անվտանգությունը կախվածության մեջ էր իր պաշտոնից, ապա այս փաստաթուղթը ստորագրելուց հետո Փաշինյանի անվտանգությունն ու իր պաշտոնը միաձուլվելու են, դառնալու են մեկ:

Եվ այս պայմաններում չի կարող երկրում ժողովրդավարություն լինել: Երկրի ղեկավարը, երբ նրա անվտանգությունն ու պաշտոնը միաձուլվել են, չի կարող ռացիոնալ լինել իր որոշումներում:

Եթե այդ թուղթը ստորագրվում է, ՀՀ-ում անկայունություն է լինելու. արդեն դրա ծիլերը կան, և բոլորն են տեսնում՝ քաղբանտարկյալների գոյությունը, հալածանքները, մարդկանց աշխատանքից ազատելն իրենց գաղափարների համար: Դա խորանալու է, շատ ավելի բիրտ մեթոդներ են կիրառվելու: Հայաստանը դառնալու է ոստիկանական պետություն»:

Նա հավելեց, երբ այս հիմնավորումն է ներկայացնում հատկապես Արևմուտքի ներկայացուցիչներին, գործող դիվանագետներին, նրանք դա ընկալում են:

«Երբ այս խնդիրն իրենց առջև դրվում է, նրանք հասկանում են, որ այսօր օգնելով Փաշինյանին, աջակցելով, որ մեկ րոպե առաջ ինչ-որ հարց լուծեն՝ ավելի մեծ գեոպոլիտիկ գերխնդիր լուծելու համար, մեծ վնաս են բերելու Հայաստանին ու այս տարածաշրջանին: Հայաստանի ներքաղաքական անկայունությունն ազդելու է ընդհանրապես տարածաշրջանի խաղաղության և կայունության վրա»,- մանրամասնեց Վարդան Օսկանյանը:

Ահա այս իրավիճակի այլընտրանքն է, որ ցանկանում է որպես օրակարգ առաջ մղել դիվանագետը:

«Այդ այլընտրանքի շուրջ այսօր լուրջ խմբեր են ձևավորվում, օտարներից բաղկացած: Նրանք ընդունում են այդ գաղափարը: Մենք ընդամենն ասում ենք՝ բանակցային օրակարգ պետք է բերվի այն հանգամանքը, որ Արցախը սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ: Բոլոր այն միջազգային իրավաբանները, որոնց հետ կապի մեջ եմ, և ներգրավվելու են այս հարցն առաջ անելու հարցում, միանշանակ նույն կարծիքին են, որ, այո՛, այդ հարցը պետք է բերվի օրակարգ»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս