Պետությունը խուրդելու նուրբ արվեստը

Ներքին և արտաքին քաղաքականությունների փոխպայմանավորվածության դասական կանոնը Հայաստանում վաղուց չի գործում։ Հայաստանն իրականացնում է ոչ թե ներքին քաղաքականության վրա հիմնված արտաքին քաղաքականություն, այլ ճիշտ հակառակը՝ արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական մեծ առևտրում մանրադրամ է դարձնում պետական շահը՝ արտաքին զարգացումները պրոյեկտելով ներքաղաքական կյանքում։

Այսինքն՝ կա լրջագույն դիսֆունկցիա՝ պետության ներքին և արտաքին քաղաքականությունների միջև կապի ոչ միայն խզում, այլ այդ փոխառնչության ուղղության արմատական շրջադարձ՝ ներքին-արտաքին դիալեկտիկան փոխարինվել է արտաքին-ներքին կապով։

Բայց այս ամենով հանդերձ, ներհայկական քաղաքական իրականության ու աշխարհում Հայաստանի դիրքավորման միջև կա մի ողբերգական, սարսափելի համընկնում։ Խոսքը սուբյեկտայնության, ինքնիշխանության մասին է։ Սահմանադրորեն Հայաստանում իշխանության սուբյեկտ համարվող ժողովուրդը բովանդակային առումով որևէ սուբյեկտայնություն չունի։ Իշխանությունը՝ պահպանելով ժողովրդավարական ձևական շղարշը, վերածվել է միանձնյա, ավտորիտար համակարգի, որում հասարակությունը որոշումների կայացման հետ որևէ առնչություն չունի։

Տվյալ դեպքում խնդիրն ամենևին իշխանության պատվիրակումը չէ, որն ապահովում է էլեկտորալ ժողովրդավարությունը։ Իշխանության պատվիրակման իրական, կենսունակ համակարգի դեպքում դրա կրողը՝ ժողովուրդը, մասնակից է դառնում  որոշումների կայացման գործընթացին ամենատարբեր մեխանիզմներով՝ սկսած տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ դերակատարումից՝ մինչև լոկալ հանրաքվեներ։

Կարդացեք նաև

Տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում ամբողջությամբ ենթարկեցվել է գործադիր իշխանությանը։ Հակասահմանադրական օրենսդրական նախաձեռնություններով ստեղծվել է իրավիճակ, որ եթե ՏԻՄ ընտրություններում չի հաղթում իշխանության թեկնածուն, ապա հաղթողը կամ կալանավորվում է, կամ այլ մեխանիզմներով նրա փոխարեն կառավարությունը համայնքի ղեկավար է նշանակում։ Իշխանության ապակենտրոնացման սկզբունքը, որն իրական ժողովրդավարության թիվ մեկ ցուցիչն է, Հայաստանում հավասարվել է զրոյի, և հասարակությունը զրկվել է անգամ համայնքային կյանքին առնչվող որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքից։

Ինչ վերաբերում է հանրաքվեներին, ապա Հայաստանում նախ դրա մշակույթը չկա, իսկ դրսևորվելու  դեպքում էլ արժանանում է իշխանության կոշտ հակազդեցությանը, ինչպես տեղի ունեցավ «Հայաքվե» նախաձեռնության դեպքում, որի համար օրենքով հասանելի տարածքներ տրամադրվեցին միայն հանրային մեծ աղմուկից հետո։

Այսպիսով Հայաստանի ժողովրդից գործնականում խլվել է իշխանությունը, որը ծառայեցվում է մի փոքր խմբակի նեղ շահերին՝ այդ ամենը ներկայացվելով՝ որպես «ժողովրդի իշխանության իրացում»։

Այս իրավիճակը՝ իշխանության ներքին ապասուբյեկտայնացումը, խիստ հարաբերականորեն կարող էր արդարացվել, եթե, օրինակ, իշխանության ներքին ավտորիտարիզմն ուղեկցվեր աշխարհում պետության դիրքերի ամրապնդմամբ, արտաքին քաղաքական ձեռքբերումներով, ինչի արդյունքում կբարձրանար երկրի արտաքին ինքնիշխանությունը։

Ահա այստեղ է, սակայն, որ Հայաստանի ներքին իրականությունն ու արտաքին դիրքավորումը գրեթե ամբողջությամբ նույնանում են։ Ներքին ապասուբյեկտայնացված իշխանությունը վարում է այնպիսի արտաքին քաղաքականություն, որը Հայաստանին գրեթե ամբողջությամբ զրկել է ինքնիշխանությունից ու արտաքին սուբյեկտայնությունից։ Հայաստանն այլևս իր ճակատագրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի ոչ թե մասնակից է, այլ լավագույն դեպքում՝ անձայն դիտորդ, իսկ ավելի հաճախ՝ այլ կենտրոններում կայացվող որոշումների իրականացնող։ Այս իրավիճակը հնարավոր է դարձել, որովհետև հասարակությունից իշխանությունը խլողների համար ընդունելի է համարվել պետության ինքնիշխանությունից զրկումը՝ հանուն երկրի ներսում սեփական իշխանության պահպանման։

Արդյունքում՝ Հայաստանի ժողովուրդը զրկվել է իշխանությունից ու սուբյեկտայնությունից, ինչի հետևանքով ինքնիշխանությունից զրկվել է նաև պետությունը։

Փոխարենը՝ որոշները ստացել են պետության ձևական մնացուկների վրա իշխանության իմիտացիա խաղալու ու սուբյեկտայնության՝ միայն ֆինանսատնտեսական հետևանքներն ու հաճույքները վայելելու հնարավորություն։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս