Բաժիններ՝

Ի՞նչ տեսք կունենա OnePlus-ի առաջին ծալովի սմարթֆոնը

2023-ի մարտին OnePlus-ը պաշտոնապես հայտարարեց, որ ծալովի հեռախոսների շուկա կմտնի 2023-ի երրորդ եռամսյակում։ Թեև ընկերությունը ստեղծվելիք ծալովի սարքի մասին կոնկրետ մանրամասները գաղտնի է պահում, Smartprix-ի մասնագետներին բացառիկ հնարավորություն է ընձեռվել տեսնելու երկար սպասված OnePlus V Fold-ը դրա պաշտոնական անոնսից առաջ: Ոլորտի վստահելի ինսայդեր Սթիվ «OnLeaks» Հեմերշթոֆերի հետ համագործակցության շնորհիվ Smartprix-ը ստացել է մանրամասն ռենդերներ, որոնք ցույց են տալիս OnePlus V Fold-ի վառ դիզայնի տարրերը:

Նախկինում համացանցում շատ լուրեր էին պտտվում, որ OnePlus-ը կարող է OPPO Find N2-ը վերանվանել OnePlus Fold-ի: Սակայն, պարբերականի տվյալներով, OnePlus V Fold-ը կունենա իր ուրույն «ինքնությունը» և չի պատճենի OPPO Find N2-ին։

OnePlus-ի նորույթի հիմնական առանձնահատկությունը կլինի արհեստական կաշվից պատրաստված պատյանի հետևի հատվածը՝ դրա շնորհիվ սարքը շատ տպավորիչ տեսք կունենա, բայց նաև հարմարավետ կլինի այն ձեռքերում պահելու համար։ V Fold-ը կունենա նաև հետևի տեսախցիկի եռակի համակարգ՝ զարդարված ֆոտոտեխնիկայի կուլտային արտադրող Hasselblad ընկերության պատկերանշանով:

Ռենդերների հիման վրա կարելի է եզրակացնել, որ ոսպնյակներից առնվազն մեկը կլինի պերիսկոպ, որը նախատեսված է պատկերի օպտիկական մեծացման համար: Հեռախոսը կունենա առջևի երկու տեսախցիկ՝ մեկը կտեղակայվի արտաքին էկրանի վերևում, իսկ երկրորդը՝ ներքին էկրանի վերին ձախ անկյունում։

V Fold-ի և Find N2-ի միջև մեկ այլ տարբերություն կլինի OnePlus սմարթֆոններին բնորոշ անջատիչի առկայությունը՝ աշխատանքային ռեժիմները փոխելու համար: Սարքի շրջանակը կլինի մետաղական, իսկ սարքի կողային եզրերում OnePlus-ը ալեհավաքներ կտեղադրի։

OnePlus V Fold-ի անոնսը ակնկալվում է 2023-ի երրորդ եռամսյակում: Ըստ SmartPrix-ի՝ նորույթը վաճառքում կհայտնվի օգոստոսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս