Փաշինյանը խեղաթյուրում է մեր դիվանագիտական պատմությունը իր անձնական շահի համար. Րաֆֆի Հովհաննիսյան
ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանը գտնվում է կրիտիկական վիճակում։
«Ես անուններով և մակդիրներով քիչ եմ խոսում, բայց պետք է սկսեմ երկու բառով՝ «ծակ Նիկոլ», Միլան Կունդերան չեխ-ֆրանսիացի գրող է, ով խոսեց հիշողության ծակի մասին։ Ինչպես դաժան մարդիկ, ոճրագործները բացում են հիշողության ծակը և խցկում են իրենց մեղքերն այդ ծակի մեջ։ Ցավոք, ամեն անգամ այդ մարդը, ում անունն արդեն տվեցի, երբ բացում է բերանը արտաքին կամ ներքին լսարանի առջև, խցկում է այդ ծակի մեջ հայոց պատմությունը, քաղաքակրթությունը, շահը և, ամենակարևորը, իրավունքը։ Սկզբում մտածում էինք, որ դա անփորձություն է, անմեղսունակություն, երբ ընդդիմադիր էր, ինչ-որ իշխանությունը փոխելու պայքարի մաս էր կազմում, սակայն հիմա հասկանում եմ, որ սա կանխամտածված է և ծրագրի մաս է կազմում։ Երբ Նիկոլ Փաշինյանը՝ «ծակ Նիկոլը», նստում ու ժամերով խոսում է և բացում է այդ ծակը, այնտեղ գիտակցաբար խցկում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, շահերը, իրավունքները, և դա վերաբերում է Հայաստանին, Արցախին, սփյուռքին և մեր միասնությանը»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ըստ նրա, երբ Նիկոլ Փաշինյանն աշխարհով մեկ հայտարարում է, որ Արցախի մեր հայրենակիցներին սպառնում է ցեղասպանություն, և իր քայլերով բերում է արցախահայության ամբողջական պաշարում՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս, այսինքն՝ դառնում է ցեղասպանության մեղսակից։ Սա ավելին է, քան դավաճանությունը։
«Սա չարիք է, որ մեզ այցելել է պատմության խորքից՝ դեպքերի բերումով, և մենք չպետք է թույլ տանք, որպեսզի հիշողության այդ ծակի մեջ խցկի մեր ազգին, պետությունը, ժողովրդին, և եթե ինքը չունի արժանապատվություն ու տղամարդկություն, որպեսզի ինքն իրեն դնի այդ ծակը՝ հայրենիքի ու պետության փոխարեն, կան մարդիկ, որ պատրաստ են իր հետ գնալ այդտեղ։ Իմը թեթև օրինակ է, երբ փակում է Արցախի ճանապարհը, որպեսզի չմասնակցեմ թոռանս մկրտությանը, հետո փակում է Սարդարապատի ճանապարհը, մեկ ուրիշին սարքում է քաղաքական բանտարկյալ»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա ցավով ընդգծեց, որ Արցախին սպասվում է Նախիջևանի ճակատագիրը, բոլորի աչքի առջև Արցախն ապրում է շատ ֆիզիկական՝ կյանքին սպառնացող ահավոր օրեր։ Ուստի հայ ազգը պետք է ցնցի հայոց, նաև միջազգային կարծիքը։
«Փոխարեն ինքը, որ իր գրպանում ունի «Հայաստանի վարչապետ» այցեքարտը, ներկայացնի հայկական դատը, կռվաններն ու իրավունքները, կարծես թե նստած՝ որպես Ադրբեջանի վարձած վերլուծաբան, փորփրում է Հայաստանի դիվանագիտական պատմությունը, փորձում է վեր հանել դիվանագիտական սխալները նախորդ շրջաններից, նախորդ նախարարներից, բայց ունի նպատակ արդարացնելու իր քաղաքական որոշումները, իր պարտությունը պատերազմում, պատճառած մահերը՝ ոսկե տղաների։ Երբ խոսում է նախկինների մասին, այո՛, նրանք ունեին իմաստուն կետեր, մեծ սխալներ, բայց երբ ինքը խեղաթյուրում է մեր դիվանագիտական պատմությունն իր մանր շահի համար՝ սուտ է խոսում»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում