Բաժիններ՝

«Նվիրիր կարդալու րոպեներ» նախագիծը մարզերում ապրող երեխաների համար կստեղծի հավասար պայմաններ ու հնարավորություններ

«Նվիրիր կարդալու րոպեներ» նախագիծը մեկնարկել է մարզում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների զարգացմանն ի նպաստ՝ ոչ ֆորմալ կրթություն, ինքնազարգացում, ընթերցանության հանդեպ հետաքրքրություն և սոցիալիզացման յուրատիպ բովանդակություն և միջավայր ապահովելու համար։

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Լոֆթ» կենտրոնների տնօրեն Արևիկ Համբարձումյանը նշեց, որ «ԼՈՖԹ» կենտրոնը նախագիծն իրականացնում է մասնավոր ընկերությունների նվիրատվությունների շնորհիվ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ եռակողմ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։

«Նախագծի մեկնարկը տրվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքից՝ «ԼՈՖԹ-Վանաձոր»-ից, որտեղ ներկայումս անապահով ընտանիքներում հաշվառված է թվով 5640 աշակերտ: «Նվիրիր կարդալու րոպեներ» նախագիծը մեր ամենակարևոր ծրագրերից է: Առաջին անգամ հստակ շահառուներ են ընտրվել՝ կյանքի դժվարին փուլում հայտնված մարզաբնակ աշակերտներ ու երիտասարդներ, ովքեր սոցիալիզացվելու և ներառականության խնդիր ունեն: Այդ խմբի մեջ ներառված են նաև հաշմանդամություն ունեցող երեխաները:

«Ծրագրի իրագործման առաջին փուլում դիմեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, այնուհետև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, և եռակողմ հուշագրի արդյունքում մեր առաջարկով մեկնարկեցինք նախագիծը, որն իրագործելու համար պետք է կարողանայինք գործընկերություն հաստատել տարբեր հովանավոր և դոնոր մասնավոր կառույցների հետ, որոնք պատրաստ կլինեին գնել որոշակի գումարով լիցքավորված «ԼՈՖԹ» նվեր-քարտեր և կնվիրեին շահառու երեխաներին»,- ասաց Արևիկ Համբարձումյանը:

Արևիկ Համբարձումյանը նշեց, որ այս պահին դոնոր կազմակերպությունները 5-ն են՝ հիմնականում բանկային և IT ոլորտի կառույցներ, որոնք պատրաստ եղան 2023-2024 թվականների համար նախատեսված 1000 շահառուներից 380-ի համար գնել դեպոզիտային քարտեր:

«Նվեր-քարտը լիցքավորված է 6000 րոպեով: «ԼՈՖԹ»-ի՝ ընդունված 1 րոպե-10 դրամ սակագինը հասցրել ենք 6 դրամի, որպեսզի դոնորների համար ավելի մատչելի լինի ձեռքբերման հնարավորությունը, իսկ շահառուների քանակն էլ՝ հնարավորինս շատ։ Այս պահին գործում են 36000 դրամ արժողությամբ քարտեր, որոնցից յուրաքանչյուրը ներառում է 6000 րոպե: Գործընթացն արդեն մեկնարկել է, և քարտերը սոցիալական աշխատողների կողմից բաժանվում են շահառուներին: Քարտն ունի նաև ներդիր նամակ ծնողին, որի շնորհիվ պարզ է դառնում՝ ինչ հնարավորություններ ունի կենտրոնը, ինչպես կարող է երեխան օգտվել քարտից, ինչ կտա այս ծրագիրը երեխային»,-ասաց նա:

Արևիկ Համբարձումյանն ընդգծեց, որ իրենց համար իրականում շատ կարևոր է, որ կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների համար կարողանան ստեղծել հավասար պայմաններ ու հնարավորություններ, որպեսզի սոցիալիզացման հնարավորությունը դյուրին դառնա, կենտրոնի հնարավորությունները՝ հասանելի։

Անդրադառնալով նախագծի անվան ընտրությանը՝ կենտրոնի տնօրենը ասաց, որ «ԼՈՖԹ»-ը գրադարանային մեծ հնարավորություններ ունի, նաև պայմանավորվածություն ԿԳՄՍ նախարարության հետ՝ համալրելու գրքային ֆոնդը (շուտով 200 անուն գիրք կստանան), սակայն շահառու երեխաները ոչ միայն ընթերցանության, այլ նաև իրենց ինտելեկտուալ ժամանցը կազմակերպելու, կենտրոնի ողջ տարածքից օգտվելու և իրենց հասակակիցների հետ շփվելու անմիջական հնարավորություն ունեն։

«Արդեն ունենք ակտիվ շահառուներ. սա մեր ողջ թիմի համար ուրախանալու շատ մեծ առիթ է: Եթե մենք կարողանանք այս տարվա ընտրված երեխաների 30 տոկոսի առօրյա հոսքն ապահովել, մեծ հաղթանակ է լինելու մեզ համար»,-ասաց Արևիկ Համբարձումյանը:

Նա ընդգծեց՝ ծրագիրը փորձնական փուլում է, և հաջողելուց հետ միանշանակ կգործարկեն նաև մյուս մարզերում:

Անդրադառնալով այն հարցին, թե ովքեր կարող են «նվիրել րոպեներ», Արևիկը նշեց, որ այս պահին ծրագիրը մասնավոր կառույցների հետ համագործակցության արդյունքում են իրականացնում, բայց ունեն նպատակ ավելի ընդլայնելու և հասցնելու հնարավորությունը անհատին, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան Վանաձոր քաղաքում բնակվող սոցիալապես անապահով երեխաների համար գնել «կարդալու րոպեներ»:

Ծրագրի դոնոր կարող են դառնալ բոլոր այն կառույցները, որոնք մտահոգ են երեխաների ինքնազարգացման ձևաչափերը զարգացնելու, մարզը և մայրաքաղաքը իրար կապելու և հնարավորությունների խողովակը դեպի մարզ ուղղելու հարցում և ունեն սոցիալական պատասխանատվության տարբեր ծրագրեր: Ծրագրին միանալու ցանկություն ունեցողները ցանկացած պահի կարող են դիմել «ԼՈՖԹ»-ի թիմին:

ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ընդգծեց, որ առհասարակ պետության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է մի կողմից կրթության և մշակույթի քաղաքականության համադրությունը, մյուս կողմից՝ համայնքներում մշակույթի համաչափ զարգացման ապահովումը:

«Եվ այս տեսանկյունից «Լոֆթ» կենտրոնի հետ մեր համագործակցությունը, կարծես թե, ամբողջովին հենց այս տեսլականի շրջանակում է իրականացվում: «Նվիրիր կարդալու րոպեներ» նախագիծը, կարծում ենք, որ կարող է մեծապես խթանել ընթերցանությունը, հայտնաբերելու շնորհալի երեխաներին և ամենակարևորը՝ մարզերում առավել հասանելի դարձնել նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունը»,- ասաց Մարաբյանը:

Ըստ նրա՝ այն նաև կդառնա հարթակ գրականության և մյուս արվեստների գործակցության համար:

«ԼՈՖԹ» համահայկական հասարակական կազմակերպությունը «Նվիրիր կարդալու րոպեներ» նախագիծը մեկնարկել է HSBC, AraratBank OJSC, Idram Payment System, Digitain, Adobe Armenia ընկերությունների նվիրատվությունների շնորհիվ։

Գայանե Գաբոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս