Անշարժ գույքի շուկայում գնաճն ավելին է, քան պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում. Վահե Դանիելյան
Թեև անշարժ գույքի շուկայում, ըստ պաշտոնական վիճակագրության, առքուվաճառքի գործարքները նվազում են, այդուհանդերձ, գները շարունակում են բարձրանալ՝ նշում է «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը:
«Գներն դեռ բարձրանում են. անցյալ տարվա պես չեն բարձրանում, բայց դանդաղ դեպի վերև աճ ունենք,- նկատեց Վահե Դանիելյանը՝ հավելելով, որ այդ գնաճն ավելին է, քան նաև պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում,- Մեր պետական մարմինների գնահատականները միշտ չեն համընկնում իրական շուկայի հետ. իրական շուկայում գները շատ ավելի են բարձրացել, քան վիճվարչության կամ կադաստրի տրված տվյալներն են: Շատ դեպքերում, օրինակ, պաշտոնական տվյալներում դրամի փոխարժեքի տատանումը հաշվի չեն առնում, հաշվի չեն առնում նաև այն, որ հաճախ վաճառողները ցածր գին են նշում պայմանագրի մեջ, քանի որ բանկային տոկոսները բարձր են, կամ նվիրատվություն են ձևակերպում վաճառքի գործարքը, որպեսզի իրար կանխիկ գումարը փոխանցեն: Այդ դեպքերն իրենց մոտ չեն երևում»:
Անշարժ գույքի գործակալության տնօրենը շեշտեց՝ գները բարձրացել են ավելի, քան օֆիցիալ տվյալներն են:
«Այդ պատճառով, թեև ապրիլին 13 տոկոսով նվազել է գործարքների քանակը, որոշ չափով ազդել է շուկայի վրա, բայց չի բերել գների իջեցման:
ՌԴ-ից գնորդներ դեռ ունենք, որոնք անցյալ տարվա պես շատ չեն, բայց ամեն ամիս կան. 150 միլիոն բնակչություն ունեցող երկիր է, ու բավականին հարուստ մարդիկ կան, որոնք ուզում են որպես այլ տարբերակ՝ ՀՀ-ում գույք ունենալ:
Վարձակալությամբ գույքերի գներն են նվազել՝ անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերի համեմատ: Շուրջ 30-40 տոկոսի չափով նվազել է՝ այնքանով, ինչքանով բարձրացել էր զորակոչի հետևանքով»,- ամփոփեց Վահե Դանիելյանը: