Իշխանությունը դատապարտված է գնալ բռնության ճանապարհով
Երեկ ասուլիս էր հրավիրել ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Բայց մենք նրան հարց ուղղեցինք ոչ որպես ԱԺ նախագահ կամ շտաբի պետ, այլ որպես պետական պաշտոնյայի, ով պատասխանատու է Հայաստանում կատարվող հետընտրական իրադարձությունների համար և մասնակցում է ստեղծված իրավիճակից դուրս գալուն ուղղված որոշումների ընդունման կայացմանը: Մեր հարցը վերաբերում էր հետընտրական իրադարձությունների հնարավոր հանգուցալուծմանը:
1996թ. նախագահական ընտրություններից սկսած ընդդիմության հիմնական թեկնածուն քվեարկությունից անմիջապես հետո հայտարարել է, որ չի ճանաչում պաշտոնական արդյունքները և սկսում է հետընտրական մի գործընթաց, որի նպատակն ընտրությունների պաշտոնական արդյունքի ռևիզիան է և սեփական հաղթանակի ճանաչումը: Միայն 1998թ. նախագահական ընտրություններից հետո, նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանն իր կողմնակիցներին չտարավ Ազատության կամ որևէ այլ հրապարակ, և Կինոյի տանը տեղակայված իր նախընտրական շտաբում կոչով դիմելով իր կողմնակիցներին` հորդորեց չապակայունացնել իրավիճակը:
1996թ. նախագահական ընտրությունների հանգուցալուծումը եղավ սեպտեմբերի 26-ին ընդդիմության կողմնակիցների կողմից խորհրդարանի շենքի գրավումը և խորհրդարանի ղեկավարների ծեծը, որին իշխանությունը պատասխանեց նախազգուշական կրակոցներով, ջրցան մեքենաներով և ընդդիմության կողմնակիցների դատավարությամբ: 2003թ. ընդդիմության բողոքի ակցիան հանգեցրեց նրան, որ ՍԴ-ն որոշում կայացրեց մեկ տարի անց վստահության հանրաքվե անցկացնել, իսկ երբ 2004թ. ապրիլին ընդդիմությունը պահանջում էր ի կատար ածել ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանը որոշում կայացրեց` ծեծի ենթարկել Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին: Դրանից հետո բողոքի ակցիան վերջնականապես մարեց:
2008թ. հետընտրական զարգացումների հանգուցալուծումը եղավ մարտի 1-ին 10 անձանց սպանությունը, որի համար որևէ մեկին մեղադրանք չներկայացվեց, և որևէ մեկը դրա համար պատասխանատվության չենթարկվեց:
Երեկ մենք հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատկերացնում այս անգամ ստեղծված հետընտրական իրավիճակի հանգուցալուծումը: Այժմ նույնանման իրավիճակ է. Րաֆֆի Հովհաննիսյանը, անտեսելով պաշտոնապես հայտարարված ընտրությունների պաշտոնական արդյունքները, ասում է, որ ինքը հաղթել է, և ինքն է Հայաստանի Հանրապետության ընտրյալ նախագահը:
Հովիկ Աբրահամյանն ասում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով հայրենասեր և ազգասեր անձնավորություն, չի գնա իրավիճակը սրելու և առճակատման ճանապարհով, նա, ի վերջո, կընդունի ընտրությունների արդյունքները, կշնորհավորի նախագահ Սերժ Սարգսյանին: Հովիկ Աբրահամյանը հույս ունի, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանություններին կներկայացնի ողջամիտ առաջարկներ, որոնք կարող են քննարկվել և ընդունվել: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը հույս ունի, որ Հովհաննիսյանն իշխանությանը կներկայացնի այնպիսի առաջարկներ, որոնք ընդունելի կլինեն իշխանության համար: Այդպես էլ հասկանալի չէ, թե ի՞նչ է պատրաստ իշխանությունն առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին, չնայած պարզ է, որ ցանկացած առաջարկ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մերժվելու է:
Թե որո՞նք են այդ ողջամիտ առաջարկները, Հովիկ Աբրահամյանը չի ասում: Բայց նա ողջամիտ չի համարում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրած երեք առաջարկները` ճանաչել իր հաղթանակը, անցկացնել նոր նախագահական ընտրություններ կամ նոր խորհրդարանական ընտրություններ: Հատկապես վերջին առաջարկը Հովիկ Աբրահամյանը համարում է հակասահմանադրական և անօրինական: Եթե հարցին մոտենանք օրինականության տեսակետից, ապա երեք առաջարկներն էլ հակասահմանադրական և անօրինական են, քանի որ նախագահն իրավունք չունի ԿԸՀ-ի փոխարեն հաղթող ճանաչել այլ թեկնածուի, կամ նոր ընտրություններ անցկացնելու որոշում կայացնել:
Բայց խնդիրը բոլորովին այլ հարթությունում է: Իշխանությունն ունի երկու ճանապարհ. թույլ տալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակի իր հանրահավաքային պայքարը՝ հույս ունենալով, որ այն, ի վերջո, կմարի, կամ գնալ արմատական լուծման և բռնի ուժի կիրառման միջոցով կանխել հանրահավաքների և բողոքի մյուս միջոցառումների շարունակությունը:
Առաջին ճանապարհն առաջին հայացքից ավելի գայթակղիչ և ընդունելի է թվում. եթե իշխանությունը թույլ է տալիս, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքներ անցկացնի, որոնք բնույթվ խաղաղ են և ոչ մի վտանգ չեն ներկայացնում իշխանության համար, հնարավոր է, որ այդ հանրահավաքները մի օր դադարեն, քանի որ մարդիկ մի օր կհոգնեն այդ հանրահավաքներից, և այլևս չեն հավաքվի Ազատության հրապարակում: Սա, առաջին հայացքից, ամենապարզ և ամենահեշտ լուծումն է: Բայց պետք է նկատի ունենալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է Երևանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում մեկ ամիս անընդմեջ հանրահավաքներ անցկացնել: Երբ հանրահավաքները դառնում են անընդմեջ և շուրջօրյա, դրանք ապակայունացնում են իրավիճակը՝ ցույց տալով իշխանության թուլությունը և իրավիճակը վերահսկելու անկարողությունը: Իրավիճակի ապակայունացումը կարող է բավական լուրջ խնդիրներ առաջացնել իշխանության համար, որը նման իրավիճակում դառնում է բավական խոցելի: Երբ հասարակությունը սկսում է մտածել, որ իշխանությունը կորցրել է իրավիճակի վերահսկողությունը, հանրահավաքային ալիքը ոչ թե մարում է, այլ ընդհակառակը` դառնում է ավելի զանգվածային` իր մեջ ներառելով ավելի իներտ և զգուշավոր զանգվածների: Ի վերջո, այն կարող է հանգեցնել իշխանության փլուզմանը:
Մյուս ճանապարհը մնում է բռնության կիրառումը: Այս դեպքում իշխանությունը հայտարարում է, որ ցուցարարները խախտել են օրենքներ, և իշխանությունը ստիպված է օրենք կիրառել: Սա, իհարկե, լուծում է: Բայց այդ դեպքում իշխանությունը միանգամից դառնում է բռնատիրական, քանի որ ընդդիմությունը հնարավորություն է ստանում հայտարարել, որ իշխանությունը ձևավորվել է ոչ թե ընտրությունների արդյունքում իրեն ձայն տված քաղաքացիների քվեների, այլ բռնության մեքենայի կիրառման վրա, անմիջապես հայտնվում են քաղբանտարկյալներ և նրանց անհապաղ ազատ արձակումը պահանջող քաղաքացիական խմբեր և քաղաքական խմբավորումներ:
Իշխանությունը զրկվում է լեգիտիմությունից և ստիպված է լինում անցնել ինքնապաշտպանության: Ահա հենց այդպիսի իշխանություն է պետք այն արտաքին ուժերին, ովքեր, արդեն 17 տարի անընդմեջ, ամեն ինչ անում են Հայաստանում ոչ լեգիտիմ և հասարակական աջակցությունից զուրկ իշխանություն ձևավորելու համար: Այս անգամ ևս նրանք այդ գործում կհաջողեն, քանի որ ունեն լուրջ լծակներ և ռեսուրսներ: Իշխանությունները որոշել են չդիմել ապօրինությունների և բռնությունների, բայց կարելի է համոզված ասել, որ դա նրանց չի հաջողվելու: Ի վերջո, իշխանության նյարդերը մի օր տեղի են տալու, և իշխանությունը դիմելու է բռնության: Հենց այդ պահից սկսած իշխանությունը կորցնելու է ներքին լեգիտիմության մնացորդները: Հայաստանյան ընդդիմությունը հերթական անգամ իր սուրը փառքով դնելու է պատյան՝ իր առաքելությունը համարելով ավարտված:
Բայց պետք չէ այս իրավիճակից շատ սրտնեղել. սա բոլորովին էլ նոր երևույթ չէ. հայ ժողովրդի պատմությանը քիչ թե շատ գիտակ յուրաքանչյուր անձ կպնդի, որ այսպես եղել է գրեթե միշտ, նույնիսկ` մեր թվարկությունից առաջ: