Այս իշխանության կրեդոն անբարոյականությունն է. Տիգրան Աբրահամյան
«Գլխավոր խնդիրն այն է, որ իշխանության գիծը հանրայնացված է, և ընդդիմախոսների նկատմամբ իշխանության այս ոչ իրավաչափ գործողությունները միայն փաստում կամ հաստատում են այն, որ այս իշխանությունը չունի այլ ճանապարհ, քան գնալու բռնապետությանը հատուկ միջոցների գործադրմանը: Ցավալիորեն եմ արձանագրում, որ մենք բազմիցս հենց այս դատարանի մոտ ենք տարբեր կարված քրեական գործերով եկել և արձանագրել, որ այս իշխանության կրեդոն անբարոյականությունն է, և նրա բոլոր գործադրած միջոցները տեղավորվում են այդ որակման ներքո»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց, որ Արմեն Աշոտյան քաղաքական գործիչը կատաղի պայքար էր մղում գործող իշխանության հաստատած կարգերի, նրանց վարած քաղաքականության դեմ:
«Այսօր հասարակության համար զուգահեռ երկու իրականություն էր՝ մեկը առաջնագիծն էր՝ Կոռնիձոր-Տեղ գյուղի ուղղություն, դրանից հետո՝ Կապանի ուղղություն, վերջին երկու օրը Երասխի ուղղությունն էր, որտեղ բավականին լարված էր իրավիճակը, և ընդհանուր առմամբ եթե գնահատենք ռազմական իրադրությունը Հայաստանի և Արցախի շուրջ, այն բավականին բարդ է: Մյուս կողմից խորհրդարանական իրականությունն էր, որը կապ չուներ մեր երկրում ստեղծված իրավիճակի հետ՝ ինչ-որ լկտի արտահայտություններ, ժպիտներ, սարկազմ, ուրախություն: Եթե շատ-շատերիս համար ակնհայտ է, թե այս իշխանության ընդհանուր դեմքն ինչու է այդ ձևով դրսևորվում, ապա որոշ քաղաքացիների համար որոշակի տարօրինակ ասոցիացիաներ են առաջանում, թե ոնց կարող է երկրի սահմանների շուրջ այսպիսի իրավիճակ լինել, որը բավականին մոտ է էսկալացիային, և առանց չափազանցության, բավականին մեծ ռիսկ կա, որ իրավիճակը վերահսկողությունից պարզապես դուրս կգա:
Հավանական երկու ուղղություն կա. մեկը՝ Արցախի Հանրապետություն, որի շուրջ Ադրբեջանը տեղեկատվական և քաղաքական նախապատրաստություն է իրականացնում, փորձում է լեգիտիմացնել Արցախի ապառազմականացման հարցը՝ առանց թաքցնելու, որ պատրաստ է դրան հասնելու ճանապարհին նաև ուժ կիրառել: Մյուս կողմից՝ ադրբեջանական տարածքային հավակնություններն են ՀՀ տարածքի նկատմամբ, կա թվացյալ բանակցություն, բայց իրականում կա միջազգային օրակարգում ադրբեջանական պահանջներ, որը փորձ է արվում ամեն գնով իրականացնել, այդ թվում՝ ուժ գործադրելու միջոցով»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում