ՔԿ-ի ձայնագրությունը 4 անգամ լսել եմ. դա անարգանք էր փաստաբանության հասցեին. Ռուբեն Մելիքյան
«Փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ Արմեն Աշոտյանի պաշտպանը, որ գտնվում է Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված դատարանում, որի անունը շատ տարօրինակ ձևով հակակոռուպցիոն է դրված, նոր գրառում կատարեց, որ 1.5 ժամով դատական նիստն ընդմիջվել է՝ իր միջնորդությամբ, որպեսզի գործի նյութերին պաշտպանության կողմը ծանոթանա: Դրանից հետևություն, որ գործի նյութերը նոր են տրամադրվում՝ պաշտպանության կողմին, ինչը չգիտեմ՝ օրենքի խախտում համարել կարո՞ղ ենք, թե՞ ոչ, բայց առնվազն տարօրինակ է, որ փաստորեն առավոտյան ձերբակալում են, և գործի նյութերը նոր են պատրաստվում: Էդ ի՞նչ պետք է անեն»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Անդրադառնալով Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններին՝ նա դրանք տարօրինակ որակեց. «Ես մտածում եմ, որ ցանկացածս կարող էր այդ ձայնագրության մեջ հայտնվել, որովհետև այնպիսի անհասկանալի բաների մասին էր խոսվում, որ կարելի էր երթուղայինում միկրոֆոն դնել, այդտեղի խոսակցությունները վերցնել և ասել՝ ահա, տեսեք՝ խոսակցություններ: Ոչ մի բանի մասին խոսակցություններ, բացառությամբ մի դրվագի, որն ուղղակի կարծում եմ՝ ցանկացած փաստաբանի և վստահորդի համար առնվազն վիրավորական է, երբ խոսվում է այն մասին, որ փաստաբան ներգրավվելը դիտվում է խնդրահարույց: Այստեղ շատ նուրբ և կարևոր բան կա, այսինքն՝ դիտվում է, որ փաստաբանները պոտենցիալ հանցագործ են, և փաստաբանը ներգրավվելով վարույթին՝ ինչ-որ գործողությանը մասնակցելով, դուրս է գալու և անօրինական գործողություններ է դրանից հետո կատարելու: Դա անարգանք է Քննչական կոմիտեի կողմից փաստաբանության ինստիտուտի հասցեին: Մենք բոլորս տեսնում ենք վերջին շրջանում՝ ինչպիսի վերաբերմունք է դրսևորվում: Սա հերթական անարգանքն է փաստաբանության ինստիտուտի հասցեին: Այն, ինչ քննչական կոմիտեն 6-7 ժամ հետո չգիտեմ՝ ինչ կպցրեց, որ երթուղայինից ինչ ձայնագրություններ արեց, բերեց, անհասկանալի ռելիզ արեց… Ես մի 4 անգամ լսել եմ, թե բան հասկացա՝ ամոթ ինձ, բացի փաստաբանի հետ կապված դրվագից, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ասում է, որ ինչ-որ մեկն իրեն ասել է, որ Աշոտյանը ասում է, որ փաստաբան որ ունենա՝ լավ կլինի: Հետո՞»:
Ռուբեն Մելիքյանը նաև նշեց, որ հանրությունը պատրաստված է նրան, որ այսպիսի դատական նիստերը դռնփակ են լինում. «Եթե ՔԿ-ն թաքցնելու բան չունի, թող ինքը միջնորդի և այս նիստը դռնբաց լինի, ես տեղեկացնեմ, որ հուլիսի 1-ից այս բոլոր դատական նիստերը կարող են անցկացվել դռնբաց: Դե, թող մեղադրանքի կողմը միջնորդի՝ դռնբաց լինի, եթե ճակատները բաց է, թող հանրության առջև ներկայացնեն իրենց ապացույցները, այլ ոչ թե անհասկանալի, պայմանականորեն երթուղայինում արված ձայնագրություն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում