«Ալիևը հարվածելու է. Նիկոլի օրոք պատերազմն անխուսափելի է». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը լուրջ մտավախություններ ունի առ այն, որ Ադրբեջանի կողմից հայ զինվորների առևանգումը կարող է Փաշինյան-Ալիև «պասերով խաղի» արդյունք լինել:

«Միամտություն էր՝ կարծել, թե ադրբեջանական երկու դիվերսանտների դիմաց Ալիևը կազատի մեր ռազմագերիներին, դրա համար առևանգեցին երկու հայ զինծառայողի, որպեսզի փոխանակման համար երկու զինծառայող լինի: Եվ ես շատ լուրջ մտավախություններ ունեմ, որ այստեղ էլի առկա է անտեսանելի փոխհամաձայնեցված, իրար հետ պասերով խաղալու հանգամանքը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Դավիթ Ջամալյանը վստահ է, որ որոշ ժամանակ անց Արցախը կապաշրջափակվի. «Կասկած չունեմ, որ որոշ ժամանակ անց այդ ճանապարհը կբացվի՝ ուժային սցենարով, թե այդ ուժային սցենարն ինչ տեսք կունենա, դժվար է ասել: Արցախի սուբյեկտայնությունն ընդգծվեց օրեր առաջ՝ և՛ ԱԺ հայտնի հայտարարությամբ, և՛ նախագահի ուղերձով: Երբ պաշտոնական Ստեփանակերտը հիմա, թեկուզ մի փոքր ուշացումով, հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու դրանց բովանդակությամբ կնքված փաստաթղթերն առոչինչ են, սա շառաչուն ապտակ է կապիտուլյանտական դավաճանական ռեժիմին, և նշանակում է, որ եթե Մոսկվայի հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը վստահաբար Ալիևի հետ փոխհամաձայնեցված փաստի առաջ էր փորձում կանգնեցնել Պուտինին, հայտարարելով, որ ճանաչում է Արցախը՝ Ադրբեջանի կազմում, Արցախն իր այդ հայտարարությունն անելով, իր սուբյեկտայնությունն ընդգծելով՝ ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք ու հնարավորություն չունի Արցախի անունից ինչ-որ բան բանակցելու, որովհետև նրա բանակցածն առոչինչ է Արցախի համար:

Կարդացեք նաև

Այսինքն՝ ստացվում է, որ ռուս-արցախյան տանդեմն իր պատասխան ապտակը հասցրեց Նիկոլին, որովհետև երբ դու հայտարարում ես, որ ինչ-որ բան պատրաստ ես հանձնել Ադրբեջանին, դու պետք է այդ ինչ-որ բանի տերը լինես, իսկ Արցախը հստակ ցույց տվեց, որ Արցախի տերը Նիկոլը չէ, հետևաբար՝ երբ դու գնում ես բանակցությունների և բանակցում ես Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին, դու իրական որևէ լծակ չունես քո պայմանավորվածությունը կյանքի կոչելու: Ինչպե՞ս պետք է Նիկոլ Փաշինյանը պարտադրի Արցախի 120 հազար հայ բնակչությանը և նրանց կամքն արտահայտող Արցախի իշխանություններին՝ մնալ Ադրբեջանի կազմում, կարմիրբերետավորների՞ն է ուղարկելու Արցախ: Նիկոլ Փաշինյանին բառիս բուն իմաստով զրկեցին Արցախի հետ կապված բոլոր իրական լծակներ ունենալու հնարավորությունից և Արցախին ինչ-որ բան պարտադրելու հնարավորությունից»:

Դավիթ Ջամալյանը շեշտեց. «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պատերազմն անխուսափելի է: Փաշինյանը վաղուց բաց է թողել այն հնարավորությունը, որը թույլ չէր տա նոր պատերազմի մեկնարկը: Իրավիճակն այնպիսին է, որ արհեստականորեն թույլ են տվել, որ Ադրբեջանը մեր հանդեպ գերազանցություն ունենա, և այս իրավիճակում, հաշվի առնելով թուրք-ադրբեջանական ագրեսիվ նկրտումները, Ալիևը հարվածելու է, և այդ հարվածի դեպքում, եթե ունենանք Նիկոլի իշխանություն, ունենալու ենք տարածքային և մարդկային կորուստներ, իսկ եթե ունենանք արժանապատիվ հայաստանակենտրոն իշխանություն, ապա նվազագույն կորուստներով ունենալու ենք մեծ ձեռքբերումներ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս