Բաժիններ՝

ԿԲ-ն կանխատեսում է գնաճի նվազում մինչև տարեվերջին 3 տոկոսի

Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարվա վերջին գնաճը կկազմի մոտ 3 տոկոս՝ նախորդ 2 տարիների բարձր գնաճի նկատմամբ:

Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը:

Նուրբեկյանը նշեց, որ 2023 թ-ին նկատել են, որ գնաճը սկսել է նվազել: Գնաճի վերջին ցուցանիշը 3.2 տոկոս է: Նուրբեկյանը կարծում է, որ հիմա Հայաստանը շատ լավ տեղում է գտնվում՝ գնաճի տեսանկյունից:

ԿԲ փոխնախագահը, անդրադառնալով գնաճի նվազման պատճառներին, ընդգծեց՝ լավ նորությունն այն է, որ պարենային գներն էապես նվազել են, և Հայաստանում գնաճի նվազումը հենց դրանով էլ պայմանավորված է: «Սակայն մեզ մոտ ծառայությունների գներում դեռևս կա բարձր գնաճ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ մոտ այս պահին առկա է շատ բարձր պահանջարկ»,-ասաց Նուրբեկյանը:

ԿԲ-ն գնահատում է, որ 2022թ. ընթացքում Հայաստանի Հանրապետություն իրական և ֆինանսական հոսքերի արդյունքում ՀՀ պոտենցիալը որոշակիորեն աճել է:

«ՀՀ ԿԲ-ն այս պահի դրությամբ կանխատեսում է, որ գնաճը շարունակելու է նվազել: Դա շատ կարևոր հանգամանք է՝ հատկապես, երբ մենք 2 տարի շարունակ ունեցել ենք թիրախից բարձր գնաճ: Միաժամանակ ԿԲ խորհուրդը գտնում է, որ մենք պետք է լինենք շատ ուշադիր և հասկանանք, թե գնաճի նվազման իրական պատճառները որոնք են, և համոզված լինենք, որ մենք զերծ ենք մնում որևէ տնտեսական գերտաքացումներից, ինչը մեզ թույլ կտա, որ ունենանք ավելի կայուն ու երկարաժամկետ տնտեսական աճ: Դրան է ուղղված լինելու մեր դրամավարկային քաղաքականությունը նաև 2023-ին: Եվ մենք սպասում ենք, որ այս տարվա վերջին կունենանք մոտ 3 տոկոս գնաճ, ինչը, կարծում ենք, ևս շատ կարևոր է, քանի որ 2 տարի շարունակ ունեցել ենք բարձր գնաճ»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս