Փաշինյանի ասածները հերքում են նույնիսկ իշխանամերձ լրատվականները. Հայկ Մամիջանյան
Այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ երեկ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ ՝ «անկլավների» վերաբերյալ հայտարարությանը։
Նրա խոսքով՝ Հանրապետական կուսակցության թողած ժառանգության մեջ, սեղանին դրված որևէ բանակցվող, քննարկվող փաստաթղթում որևէ հիշատակում չի եղել անկլավների մասին, ապա մի տեղեկություն հրապարակեց.
«Արդեն այս գումարման խորհրդարանում մեկ անգամ իշխանական պատգամավորներից մեկն ինձ խնդրեց՝ անկլավների հետ կապված այս պահին միջազգային և տեղական հարթակներում չխոսեմ՝ վստահեցնելով, որ այդ հարցը լուծված է և ավելորդ անգամ այն շրջանառել անհրաժեշտ չէ։ Բնականաբար, կասկածանքով մոտենալով դրան, հիմա մենք համոզվում ենք, որ անկլավների հարցը լուծած՝ իրենք պատկերացնում էին խիստ հակառակը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Խոսելով Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, Հայկ Մամիջանյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ թող որևէ մեկը չփորձի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը բերել որպես պատճառ՝ ինքնորոշման իրավունքի հետ կապված ոչինչ չանելու համար։
«Նույնիսկ պատերազմից հետո ՌԴ նախագահը, ԵՄ բարձր հանձնակատարը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, Գերմանիայի կանցլերը, բոլորը խոսել են Արցախի ինքնորոշման մասին։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Հանրապետականի բանակցած սեպայով, այսինքն՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրով, երեք հիմնարար սկզբունքները ներառված էին, և դա ռատիֆիկացված է ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից։
Այսինքն՝ այսօրվա կառավարիչները չեն կարողացել տեր կանգնել նույնիսկ նրան, ինչը մեր շնորհիվ ԵՄ անդամ բոլոր երկրներում խորհրդարաններով ռատիֆիկացված էր՝ գրեթե օրենսդրական մակարդակով: Հասկանո՞ւմ եք, ինչ հակապետական մոտեցում պետք է ունենաս, որ նման ժառանգությամբ չկարողանաս իրագործել»,- Հավելեց Հայկ Մամիջանյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի փոխանցմամբ, այս օրերին շատ է խոսվում Արցախում իրականացված առաջին հանրաքվեի մասին՝ փորձելով կասկածի տակ դնել այն, ցնդաբանական հակասություններ մտցնել ինքնորոշման իրավունքի և առաջին հանրաքվեի մասին։
«Նման բան կարող էր ասել միայն Ադրբեջանի նախագահը։ Նույնիսկ իշխանամերձ լրատվականներն են հերքում, որ երբևէ չի եղել որևէ իշխանություն, որը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում