Բլինքենն Ալիևի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայման կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի՝ ապրիլի 30-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

Ինչպես նշված է Պետդեպի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։

«Պետքարտուղար Բլինքենը համոզմունք է հայտնել, որ հնարավոր է խաղաղության հասնել։ Նա նաև Միացյալ Նահանգների խորը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղակայման կապակցությամբ՝ նշելով, որ այն խաթարում է խաղաղ գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը, և ընդգծել Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ բացելու կարևորությունը», – ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցն ու Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ անցագրային կետի տեղակայումը։

Տեսանյութեր

Լրահոս