«Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» համաժողովին մասնակցում է ավելի քան 2000 փախստական
«Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» համաժողովին, որն անցկացվում է ապրիլի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցում է 2000-ից ավելի հայ փախստական:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փախստականների ասոցիացիայի կազմկոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանն ու հավելեց՝ մասնակիցների մի մասը նույնիսկ տեղ չունի նստելու և միջանցքից է հետևում ընթացքին:
«Փախստականների խնդիրը մեր ժողովրդի, պետության ամենածանր խնդիրներից մեկն է: Այն ոչ միայն հասարակական ծանր ճգնաժամի հետևանք է, այլև անհատական, բազմահազար մարդկանց անհատական ողբերգության, դրամայի հետևանք է, սակայն դահլիճում ներկաները ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը, փախստականները պատրաստ են ապրել»,-շեշտեց նա:
Հակոբյանի խոսքով՝ համաժողովին ներկա են 1988-ից 1992 և 2020 թվականից մինչև 2022 թվականի ամռանը Հայաստան եկած փախստականները:
Համաժողովը նախաձեռնել ու կազմակերպել են փախստականների հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական ակտիվիստներ, որոնք կազմել են կազմկոմիտե: Համաժողովը կազմակերպելուց առաջ աշխատել են նաև մասնագիտական խմբեր, որոնք հետազոտություններ են անցկացրել Հայաստանի փախստականաբնակ 37 բնակավայրում: Այդտեղ գրանցել են նրանց սպասելիքները, ակնկալիքները, տագնապներն ու պահանջները Հայաստանի կառավարությունից և միջազգային կառույցներից:
Հետազոտողները դասակարգել են փախստականների խնդիրներն ու ներկայացրել են պետական կառավարման մարմիններին:
«Համաժողովի օրակարգը կազմվել է փախստականների կողմից բարձրաձայնված, շատերի կողմից երբեմն ուշացած, բայց առավել կարևոր համարված ընդհանուր խնդիրների շուրջ: Սա չի նշանակում որ հետազոտության ընթացքում բարձրացված տեղական խնդիրները պակաս կարևոր են: Այդ բնակավայրերում, ուր փախստականները տեղավորվել են, լավ, վատ կամ շատ վատ, կան ջրի, հողի սեփականության, գազի, կեցության, բնակարանի և այլ խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը մասնավոր լուծում է պահանջում: Համաժողովը կնպաստի, որ դրանք լուծման ընթացք ստանան»,-ասաց Ալեքսան Հակոբյանը: