«Ռուսաստանում դժգոհ են, որ Վոլկովը թույլ տվեց ադրբեջանական անցակետի տեղադրումը». Հայկ Խալաթյան

«Որպեսզի Ռուսաստանը որևէ բանի կարողանա հասնել Արցախում, առաջին հերթին, Հայաստանի իշխանությունները պետք է հստակ քաղաքականություն վարեն, ամեն կերպ օգնեն արցախահայությանը, պաշտպանեն նրանց իրավունքները: Բայց մենք ի՞նչ ենք տեսնում. ԱԺ-ում վարչապետը ելույթ է ունենում՝ փաստացի Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում, և մի քանի օր հետո Ալիևն ասում է՝ եթե ճանաչում եք իմ տարածքային ամբողջականությունը, ես էլ որտեղ ուզում՝ անցակետ եմ դնում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:

Նա նկատեց՝ ժամանակին տարբեր փորձագետներ Ռուսաստանին զգուշացնում էին, որ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ Հայաստանն ու Ադրբեջանը միասին պահանջեն, որ Ռուսաստանը դուրս բերի խաղաղապահներին Արցախից. «Ռուսաստանում դա ֆանտաստիկայի ժանրի սցենար էին համարում: Հիմա մենք տեսնում ենք, որ փաստացի, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Ադրբեջանն իր վերահսկողության տակ վերցնի Արցախը, հրաժարվում են պայքարել: Սա հիշեցնում է Պրահայի և Սոչիի հանդիպումները, երբ խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը կար, և արևմտյան, որը, վերջում պարզվեց, որ արևմտյան չէր, այլ Ադրբեջանի առաջարկներն էին, որոնք ԵՄ-ն և ԱՄՆ-ը օգնում էին քննարկել Ադրբեջանի հետ: Այն ժամանակ էլ հայկական կողմն ասում էր՝ մենք ռուսական տարբերակին համաձայնել ենք, բայց մյուս տարբերակին էլ ենք համաձայն, բայց միջազգային հարաբերություններում հարցերն այդպես չեն լուծվում: Պատկերացրեք՝ Ալիևը Պրահայից հետո գնում է Սոչի՝ Պուտինի հետ հանդիպելու, նա այդպես էլ խոստովանել է, որ եթե հայերի հետ արդեն պայմանավորվել է, ռուսական կողմն ի՞նչ տարբերակի մասին է խոսում: Ալիևը նաև նշել է, որ Արցախի կարգավիճակի հարցն ապագային թողնելու ռուսական առաջարկն իրենց համար անընդունելի է: Բայց, օրինակ, եթե հայկական կողմը կոշտ դիրքորոշում զբաղեցներ, դա Ռուսաստանին խաղաքարտ կտար, որ Ադրբեջանին ասեր՝ գիտե՞ք ինչ, պետք է փոխզիջումային տարբերակ գտնել, որ նաև հայկական կողմին բավարարի»:

Դիտարկմանը՝ Հայաստանի իշխանությունները դա միշտ արդարացնում են նրանով, որ եթե ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեն, պատերազմ կլինի, նա արձագանքեց. «Իսկ պատերազմ չի լինո՞ւմ: Նույն տարբերակով ամեն օր որևէ միջադեպ է լինում, մեր զինվորներն են զոհվում, Հայաստանից տարածքներ են օկուպացվում: Դա նույն միտքն է, որ՝ մենք ուժ չունենք պաշտպանելու Արցախը, որտեղից հարց է առաջանում՝ իսկ Սյունիքը, Տավուշը պաշտպանելու ուժ ունե՞նք»:

Կարդացեք նաև

Հայկ Խալաթյանը նկատեց՝ գործող իշխանությունների պատկերացմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունենալու գինն Արցախն Ադրբեջանին տալն է, բայց ըստ նրա՝ միայն Արցախով ամեն ինչ չի ավարտվելու. «Ադրբեջանը Սյունիքի դեմ և այլ ուղղություններով իր գործողություններով նախապայմաններ է ստեղծում, որպեսզի հետագայում կա՛մ ագրեսիա իրականացնի Հայաստանի դեմ, կա՛մ ադրբեջանական կողմի մինիմում ծրագիրն է, որ այնպիսի պայմաններ ստեղծի, որպեսզի եթե Հայաստանում իշխանություն էլ փոխվի, Հայաստանն արդեն ի վիճակի չլինի որևէ դիմադրություն ցույց տալ Ադրբեջանին: Մենք տեսնում ենք, ռազմավարական նշանակության բարձունքներ են վերցնում, որպեսզի բոլոր ճանապարհները հսկողության տակ լինեն: Դա շատ հստակ ծրագիր է, բայց մենք տեսնում ենք նույն իշխանական խմբակցության պատգամավորների հայտարարությունը. հակառուսական հայտարարությունները դեռ մի կողմ, բայց Թուրքիայի վերաբերյալ ասում են, որ Թուրքիան որևէ վտանգ չի ներկայացրել Հայաստանի համար: Չէ՞ որ 2 տարի առաջ իրենց թիմի քաղաքական ղեկավարը պատմում էր, որ Թուրքիան եկել է Ցեղասպանությունն ավարտին հասցնելու համար: Թուրքիան միշտ օժանդակել է Ադրբեջանին, հիմա էլ է օժանդակում»:

Քաղաքական մեկնաբանը շեշտեց՝ Ռուսաստանը շատ սխալներ է թույլ տվել, որոնք հիմա ուղղելը շատ դժվար է լինելու Ռուսաստանի համար. «Ադրբեջանական անցակետի տեղադրումից մեկ-երկու օր հետո փոխեցին ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարին, ինչը նշանակում է, որ Ռուսաստանում դժգոհ են, որ Վոլկովը դա թույլ է տվել, որովհետև անցակետ տեղադրելուց հետո հարցեր են առաջանում, թե ինչպե՞ս են այդ անցակետը հեռացնելու: Ուժո՞վ են հեռացնելու. հասկանում ենք, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ պատերազմ չի ուզում: Միևնույն ժամանակ անցակետի առկայությունը շատ լուրջ հարված է Ռուսաստանի հեղինակությանը, ցույց է տալիս, որ Ադրբեջանի նման երկիրը կարող է ամեն կերպ անտեսել Ռուսաստանի կարծիքը, որովհետև հիշո՞ւմ եք՝ ուղիղ երկու ամիս առաջ նույն Բաքվում այդ հարցը տվեցին, նա հստակ պատասխանեց, որ եռակողմ հայտարարության մեջ անցակետի վերաբերյալ որևէ բան նշված չէ: Նույնիսկ Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ հստակ նշված էր, որ ամեն ինչ պետք է լինի եռակողմ հայտարարության հիման վրա, որտեղ անցակետի մասին խոսք չկա: Բայց, ցավոք, տեսնելով իրավիճակը, ես այնքան էլ վստահ չեմ, որ Ռուսաստանը կկարողանա այդ անցակետի դուրսբերմանը հասնել: Այստեղ այլ հարց է առաջանում՝ նույնիսկ, եթե Ադրբեջանը հեռացնի այդ անցակետը, ի՞նչ կուզի դրա դիմաց»:

Երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն ու Արցախում հումանիտար խնդիրները: Ավելի ուշ հանրայինի եթերում Արմեն Գրիգորյանը նշեց, որ եթե գետնի վրա արդյունք չկա, նշանակում է այդ զրույցներն արդյունք չեն տալիս, և, որ Հայաստանը Ռուսաստանից գործուն քայլեր է ակնկալում, քանի որ, ըստ նրա՝  նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը հանձնվել է Ռուսաստանին:

Հայկ Խալաթյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում՝ ի՞նչ է քննարկվել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ, որ անհրաժեշտություն է առաջացել Հանրայինի եթերից Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով, ինչպես Արմեն Աշոտյանն էր ձևակերպել՝ ատամ ցույց տալ Ռուսաստանին:

«Իմ կարծիքով՝ Ռուսաստանում ուշադրություն են դարձրել, որ Հայաստանն իր քաղաքականությամբ հեշտացնում է Ադրբեջանի համար բացատրելը, թե ինչու նա պետք է անցակետ դնի, ամբողջությամբ հայ բնակչությունը դուրս բերի Արցախից: Հասկանալի է, որ հայ բնակչությունից հետո նաև ռուս խաղաղապահներն են դուրս գալու: Ենթադրում եմ, որ մեղադրել են, որ Փաշինյանը Ալիևի հետ միասնական է խաղում: Բայց Նիկոլ Փաշինյանը դա չթաքցրեց, նույնիսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ասաց, որ Պրահայում և Սոչիում արդեն պայմանավորվել են»,-ի պատասխան՝ ասաց քաղաքական մեկնաբանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս