Բաժիններ՝

Սուդանում դարձյալ խախտվել է հայտարարված հրադադարը. բանակը բանակցելու պատրաստակամություն է հայտնել

Սուդանի բանակը և «Արագ աջակցության ուժերը», չնայած հայտարարված 72-ժամյա հրադադարին, մարտեր են մղել Խարթումի արվարձաններում: Այնուամենայնիվ, բանակը պատրաստակամություն է հայտնել երկարաձգել հրադադարը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ըստ բանակի հայտարարության՝ գեներալ Աբդել Ֆաթթահ ալ Բուրհանը նախնական հավանություն է տվել ևս 72 ժամով երկարաձգել հրադադարը և պատվիրակ ուղարկել Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբա՝ բանակցությունների:

Օրերս կողմերի միջև հայտարարված 72-ժամյա հրադադարը պետք է ավարտվի հինգշաբթի երեկոյան:

Ըստ Սուդանի բանակի՝ Հարավային Սուդանի, Քենիայի և Ջիբութիի նախագահներն առաջարկ են մշակել, որը նախատեսում է հրադադարի երկարաձգում և երկու կողմերի միջև բանակցություններ: ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին Աֆրիկյան Միության հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է բախումների կայուն դադարեցման ուղղությամբ համատեղ աշխատելու հարցը:

Ապրիլի 15-ից սկսված բախումների ընթացքում Սուդանում սպանվել է 512 քաղաքացիական անձ, շուրջ 4200-ը վիրավորվել է: Ավերվել են հիվանդանոցները, խաթարվել է հումանիտար օգնությունից կախված միլիոնավոր մարդկանց սննդով ապահովելու գործընթացը: Ստեղծված ճգնաժամի պատճառով Սուդանի սահմաններին ավելացել է փախստականների թիվը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս