Տարօրինակ հաղորդագրություն Կառավարությունից. Ո՞ւմ և ի՞նչ է փորձում հասկացնել Փաշինյանը Պուտինի հետ զրույցից հետո
Հայաստան-Արցախ սահմանագծին Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայումից երեք օր անց՝ այսօր կայացավ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց: Այսօր ավելի վաղ այս մասին հայտնի դարձավ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, որն աննախադեպ կարճ էր և ներառում էր ընդամենը մեկ նախադասություն:
«Քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր»,- ասված էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում:
Ավելի ուշ ՌԴ նախագահի պաշտոնական Kremlin.ru-ն ևս տարածեց հաղորդագրություն, որը, ի տարբերություն հայկական կողմի հաղորդագրության, ունի ստանդարտ պաշտոնական հաղորդագրության կառուցվածք.
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա։ Լաչինի միջանցքում իրավիճակի ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների ողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը»։
Ավելին, ռուսական կողմը նշել է, որ Ռուսաստանի նախագահը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին վերջին սգո օրվա՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»,- ասված է հաղորդագրությունում։
Ակնհայտորեն, ՀՀ կառավարության տարածած նմանօրինակ կարճ, անբովանդակ հաղորդագրությունն այն դեպքում, երբ այսօր ավելի վաղ տեղի էր ունեցել Փաշինյան-Միշել հեռախոսազրույց, որի արդյունքներով ՀՀ կառավարությունը բավականին «ճոխ» հաղորդագրություն էր տարածել, ռուսական կողմին ուղղված վերաբերմունքի դրսևորում է:
Սա բարդ է վերագրել պատահականությանը կամ սխալին, քանի որ նման զրույցների հաղորդագրությունները մեծամասամբ համաձայնեցվում են, և դժվար է կարծել, որ այս անգամ չի համաձայնեցվել, կամ համաձայնեցվել է, սակայն այնքան անբովանդակ է եղել զրույցը, որ տարածվել է մեկ նախադասություն այն դեպքում, երբ ռուսական կողմը ստանդարտ հաղորդագրություն է տարածել մի քանի թեմաներով:
Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ է փորձում այսկերպ հասկացնել Փաշինյանի կառավարությունը ռուսական կողմին և հայաստանյան հանրությանը, որ ռուսական կողմի հետ օրակարգ չկա՞, թե՞ որ հեռախոսազրույցն անբովանդակ է եղել, թե՞ հայկական կողմը լուրջ հարցերն այլևս քննարկում է ԵՄ-ի և համապատասխանաբար Միացյալ Նահանգների հետ, ու սա պարզապես հերթապահ զանգ էր:
Հարկ է հիշեցնել, որ ընդամենը ժամեր առաջ տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն, օրինակ, Փաշինյանն ու Միշելը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ, Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Ըստ հաղորդագրության, նա շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
«Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը»,- ասված էր այս հաղորդագրությունում:
Այնուամենայնիվ, անկախ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներից, Արցախում ստեղծված ճգնաժամի ֆոնին արցախահայությունը հստակ դիրքորոշում է ակնկալում ռուսական կողմից ու ռուսական խաղաղապահությունից, որի պատասխանատվության գոտում էլ հումանիտար նորանոր խնդիրներ են ստեղծվում, ինչպես նաև տեղադրվում անցակետ, որը դեռևս մեկ ամիս առաջ Բաքվում հերքում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: