Գյումրիասեր պոետը՝ Երվանդ Նազարեթյան
Օրերս տեղի ունեցավ «Գյումրին ես եմ» երգի պրեմիերան։ Խոսքի հեղինակը գյումրեցի բանաստեղծ Երվանդ Նազարեթյանն է, երգը կատարում է Վահագ Ռաշը։
168.am–ի հետ զրույցում Երվանդ Նազարեթյանը պատմեց Գյումրուն նվիրված բանաստեղծությունն երգի վերածելու, Վահագ Ռաշի հետ համագործակցելու և առաջիկա ծրագրերի մասին։
– Երվանդ, օրերս տեղի ունեցավ «Գյումրին ես եմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան: Երգը ստեղծվել է Ձեր բանաստեղծության և Վահագ Ռաշի հեղինակած երաժշտության հիման վրա, կատարում է Վահագ Ռաշը: Գաղափարն ինչպե՞ս ծագեց, այս երգը կարո՞ղ է դառնալ Գյումրու հիմնը
– Այո, այս երգն ի սկզբանե եղել է բանաստեղծություն, որը գրել եմ 2017 թվականին։ Ցանկությունս մեծ էր, որ հենց բարբառով գրված ստեղծագործությունս երգ դառնա և դիմեցի Վահագին։ Ի դեպ, այդ ժամանակ դեռ մեր բարբառով երգեր չէին հնչում: Վահագը երաժշտությունը գրեց Գյումրու մասին երկու տարբեր բանաստեղծություններիս հիման վրա, որից մեկը բարբառային էր, մյուսը՝ գրական հայերենով: Երգն առաջին անգամ Վահագի կատարմամբ կիթառով հնչել է 2019 թվականին «Սև Բերդ»-ում՝ Գյումրուն նվիրված իմ կազմակերպած գրական-երաժշտական միջոցառման ժամանակ: Հետո՝ համավարակ, պատերազմ ու երգը մնաց այդպես, մինչև որ անցած տարի Վահագը զանգեց ու ասաց, որ ուզում է երգն արդեն գործիքավորել։
Ես Մոսկվայում էի, ինքը՝ Հայաստանում, այդպես հեռավար կապով սկսվեց գործընթացն ու ստացանք մեր գեղեցիկ երգը։
Իսկ ինչ վերաբերում է երգի՝ Գյումրու հիմնը դառնալուն, կարծում եմ, որ Հովհաննես Շիրազի ու Վլադիլեն Բալյանի՝ ժողովրդական սեր վայելող «Գյումրի-Լեննական» հրաշալի երգից հետո ասել, որ այս երգը հիմն կդառնա՝ մի քիչ անհամեստ կլինի, բայց արձագանքները շատ-շատ են, Օրինակ՝ տեսահոլովակի պրեմիերայից հետո մեր անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ինձ հետ կապվեց և ցանկություն հայտնեց, որպեսզի մեր երգի ներքո դուրս գա ռինգ։
Ծանոթ-անծանոթ, շատերն են գրում, զանգում, շնորհավորում են ու փոխանցում իրենց հիացմունքը, ինչը խոսում է երգի ստացված լինելու մասին, և ասեմ, որ այս երաժշտական ոճով երգ Գյումրու մասին դեռ չէր եղել։
– Արդյունքում ստացա՞ք այն, ինչ ի սկզբանե ցանկանում էիք: Իսկ տեսահոլովակի նկարահանումներն ինչպե՞ս իրականացվեցին:
– Իսկապես ստացանք այն, ինչը պատկերացնում ու ցանկանում էինք: Երգը վերջնական ձայնագրված ու պատրաստ էր դեռ անցած տարվա օգոստոս- սեպտեմբեր ամիսներին։ Որոշել էինք, որ պատրաստելու ենք քաղաքի կադրերով պարզ հոլովակ ու պրեմիերան լինելու էր Գյումրու օրը, բայց ընթացքում հանգամանքները փոխվեցին: Տեսահոլովակի բոլոր հերոսներին անձնապես ճանաչում եմ, իմ ավագ ընկերներն ու բարեկամներն են։ Երբ նրանց զանգեցի, ոգևորող էր այն փաստը, որ բոլորը՝ Մկրտիչ Արզումանյանը, Սամվել Սևադան, Նազիկ Ավդալյանը, Նառա Սանթոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վարագ Գեւորգյանը մեծ սիրով՝ առանց վարանելու համաձայնեցին մասնակցել այս լավ գործին։
Նկարահանումներն իրականացվել են թիմային աշխատանքով. Երևանում նկարահանումները կազմակերպել է Վահագը, Գյումրիում՝ տեսահոլովակի հեղինակ Կարեն Մկրտչյանը, ես նկարահանվել եմ Մոսկվայում: Համակարգված թիմային աշխատանքի ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ստացանք այն, ինչ մի քանի օր առաջ հայտնվեց համացանցում, և բոլորը լսեցին։
– Տեսահոլովակից հետո համացանցում քննարկում էին, որ այն Գյումրու իսկական պատմությունն է, բայց մի քիչ տխուր, այս պատմությունը շարունակություն կունենա՞։
– Չէի ասի, որ երգը տխուր է, ոչ։ «Մեր մեծ տան կապույտ երկինքը բլավ, Ըսեցին կորավ գյումրեցու թելը», այս տողերով սկսվելը հղում է մեր քաղաքի այն ցավալի էջին, որտեղից մենք պատվով դուրս եկանք, այն Գյումրու պատմությունն է, գյումրեցու մասին է, նրա ուժի, կամքի, թասիբի, կյանքին փիլիսոփայորեն ու հումորով նայելու, իր ընդգծված բնավորության, իր հավատով՝ ներկայի ու իր մղումով նպատակադրված դեպի առաջ քայլելու մասին է:
– Վահագ Ռաշի հետ համագործակցությունն այս ձևաչափով կշարունակվի՞, կա՞ն այլ արտիստներ, որոնց հետ նախատեսում եք համագործակցել։
– Վահագի հետ հաճախ խոսում ենք, քննարկում, զրուցում տարբեր թեմաներից, և չի բացառվում, որ միասին նոր երգեր կստեղծենք: Ունեմ նաև այլ երաժիշտ ու գաղափարակից ընկերներ, հնարավոր է, որ նրանց հետ նոր երգեր ևս ստեղծենք: Բայց ես այն մարդկանցից եմ, որ սիրում եմ գործն անել, հետո խոսել այդ մասին, հետագայում կերևա, եւ սիրով կներկայացնենք:
– Երվանդ, Դուք 2018 թվականին Գյումրու քաղաքապետից և Հասմիկ Կիրակոսյանից ստացել եք պատվոգիր, որի վրա գրված էր՝ «Գյումրիասեր պոետ», իսկ այդ սերն ընդգծված է Գյումրու մասին ու Գյումրուն նվիրված ձեր բանաստեղծություններում: Հանրության մեջ Ձեզ շատ են կոչում Գյումրու պոետը, սա պարտավորեցնո՞ղ է Ձեզ համար։
– Իհարկե, ինձ համար երջանկություն է՝ ստանալ մարդկանց կողմից այդպիսի անվանում, պարտավորեցնող է նաև, որպեսզի առավել պատասխանատվությամբ ու խոնարհության կատարեմ իմ առաքելությունը։
– Մի ժամանակ Դուք բավականին ակտիվ էիք Ձեր գրական գործունեությամբ, կազմակերպեցիք՝ «Նոր անուններ» գրական մրցույթ, որտեղ բացահայտեցիք տարբեր գրողների, բարեգործական միջոցառում, որի հասույթն ուղղեցիք տնակներում ապրողների հիմնադրամին, ժամանակակից ու տարբեր սերնդի գրողներին էիք հրավիրում Գյումրի։ Ակտիվ էիք նաև համացանցում, ի՞նչ եղավ, ինչո՞ւ մարեց այդ ակտիվությունը:
– Ես իսկապես ուզում էի իմ ներդրումն ունենալ Գյումրու ստեղծագործական ասպարեզի աշխուժացման գործում, ամեն ինչ արել եմ սիրով, որպեսզի գրական կյանքը զարգանա։ Հետո տեսա, որ այս ասպարեզում ամեն ինչ ձևի մեջ է ու անբովանդակ, որը նաև առաջացրեց հիասթափություն։ Ես դադար վերցրեցի՝ ինքս ինձ հասկանալու, թե հետագայում ինչպես իրականացնեմ իմ գրական գործունեությունը։
Հետո եղավ կորոնավիրուսը, պատերազմը, իսկ պատերազմից հետո երկար ժամանակ ինձ մոտ ստեղծագործական ճգնաժամ էր։ Մեր կորուստներից հետո ներսումս ամեն ինչ խառնվել էր: Չնայած հիմա բուռն ստեղծագործական շրջան է, կան նոր գործեր, արդեն անտիպ 2 գիրք, սակայն դեռևս դրանք չեմ ցանկանում հրապարակել ոչ մի հարթակում և չեմ ուզում դեռևս տպագրել, հիմա դեռ պասիվ եմ գործունեություն ծավալելու առումով, բայց վստահեցնում եմ առաջիկայում ինձ համար կստեղծեմ մի հարթակ, որի միջոցով իմ ասելիքով կներկայանամ հանրությանը։