Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում․ պետնախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հերքել է տարածվող լուրերը, թե ՌԴ խաղաղապահները տարհանում են Արցախի բնակչությանը կամ մեծ թվով քաղաքացիների են Արցախից Հայաստան տեղափոխում։ Ներսիսյանը նաև հայտնել է, որ այսուհետ Արցախից Հայաստան մեկնելը հնարավոր կլինի խիստ անհրաժեշտության դեպքում։
Գուրգեն Ներսիսյանն այդ մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում բացառապես ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնին նախապես դիմելու եղանակով և կենտրոնի թույլտվությամբ:
Արցախը Հայաստանին կապող ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո տևական ժամանակ արցախցիները զրկված էին ամենատարբեր կարիքների համար Արցախից Հայաստան մեկնելու հնարավորությունից:
Հաշվի առնելով մարդկանց կյանքում անընդհատ ծագող խնդիրները /ՀՀ-ում հարազատի մահ, հուղարկավորություն, կիսված ընտանիքների՝ ՀՀ-ում գտնվող ընտանիքի անդամի ծանր հիվանդություն, վիրահատություն և այլն/ և լարվածության աճը, վերջին օրերին ռուս խաղաղապահները որոշակի պարբերականությամբ սկսել են Արցախից Հայաստան տեղափոխել նման խնդիրների առաջ կանգնած քաղաքացիների:
Վերոնշյալ գործընթացը վերահսկողության տակ պահելու և ճանապարհի արգելափակված հատվածում մեր քաղաքացիներին հնարավոր ադրբեջանական սադրանքներից պաշտպանելու նպատակով այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում, բնականաբար ռուս խաղաղապահների միջոցով՝ բացառապես rուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնին նախապես դիմելու և կենտրոնի թույլտվությամբ: Ինչ վերաբերում է առողջական խնդիր և բժշկական օգնության կարիք ունեցող անձանց, ապա նրանց տեղափոխությունը ՀՀ կկազմակերպվի կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության միջոցով՝ Արցախի առողջապահության նախարարության ցուցմամբ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ռուս խաղաղապահների կողմից Արցախի բնակիչներին տարհանելու կամ մեծ թվով արցախցիների ՀՀ տեղափոխելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք ադրբեջանական տեղեկատվական գրոհների հերթական դրսևորումներն են»,- գրել է Ներսիսյանը: