«Սա անարժան ու պատիվ չբերող քայլ է պատգամավորների կողմից՝ լրագրողների վրա ճնշումներ գործադրելու ձևերից է». Լարիսա Ալավերդյան
Երեկ «Հետք» ինտերնետային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրել էր, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լրագրողների մասին անձնական տվյալներ է հավաքագրում, ինչպես իրենք են ասում՝ իրար մեջ, դոսյեներ են հավաքում:
«Այսօր իշխանություններն իրենց թիվ մեկ թշնամին համարում են լրատվամիջոցներին և լրագրողներին: Այդպես է, որովհետև իրենք ընդդիմությունից չեն վախենում, վախենում են միայն լրագրողներից: Նրանք են իրենց «հերոսական» էջերի մասին հանրությանը տեղեկացնում: Իշխանությունն ամեն ինչում մեղադրում է լրատվամիջոցներին: Դա ամեն առիթով հնչեցնում է Նիկոլ Փաշինյանը, թիմակիցներն էլ, հետևելով իրենց ղեկավարին, գրեթե ամեն օր թիրախավորում են լրագրողներին:
ՔՊ-ն չի ուզում իրենց մասին որևէ հրապարակում լինի, որտեղ թիմի անդամներին մեղադրում են կոռուպցիայի, անօրինականությունների, չարաշահումների մեջ: ՔՊ-ականները այդպես էլ չհասկացան, որ արդեն պաշտոնյաներ են, և իրենք են ընտրել թիրախում լինելու հանգամանքը: Երբ լսում ես նրանց ճեպազրույցները, հարցազրույցները, հասկանում ես, որ պետության այս աղետալի վիճակը իրենց բնավ չի էլ անհանգստացնում»,- նշված էր հոդվածում:
168.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը ՔՊ-ի ստանձնած նոր լիազորությունների, լրագրողների մասին դոսյե հավաքելու նոր «աշխատանքն» այսպես մեկնաբանեց՝ այս ամենը տարօրինակ պատասխանն են այն քայլերի, որոնք ձեռնարկում են լրագրողները՝ հավաքագրելով, թե ինչ կարողություններ են ձեռք բերել իշխանության գալուց հետո։
«Սա ամենապարզունակ և հավասարության նշան դնող փորձ է, պատգամավորները հրապարակային ու քաղաքական գործիչներ են, և նրանց հանդեպ նման հետաքրքրությունը հիմնավորված է։ Երկրորդը՝ այսօրվա իշխանությունները մշտապես բարձրաձայնել են, թե նախկինում իշխանություններն ինչ անօրինական ճանապարհով են ձեռք բերել իրենց կարողությունները, այժմ լրագրողներն էլ ուզում են այս իշխանություններին ցույց տան, որ նույն կեցվածքն իրենք են ցուցաբերում։
Հիմա, երբ լրագրողական հրապարակումներից հետո պատգամավորը բացեիբաց հայտարարում է լրագրողների դոսյեներ հավաքելու մասին, սա ինքնին սպառնալիք է, որ տեսեք, եթե օրինակ մեկ անգամ էլ նման հրապարակում անեք, ապա հնարավոր է՝ զրկվեք ձեր ձեռք բերած սեփականությունից։ Սա անարժան ու պատիվ չբերող քայլ է պատգամավորների կողմից, դրանից զատ, սա լրագրողների վրա ճնշումներ գործադրելու ձևերից մեկն է»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։
Ըստ Լարիսա Ալավերդյանի, նախ պետք է ճշտել, եթե իշխանական պատգամավորները լրագրողների վերաբերյալ տվյալներ են հավաքագրում, արդյո՞ք դա արվում է թափանցիկ և օրենքի սահմաններում, ավելին՝ եթե խախտում են նկատում լրագրողի գործունեության մեջ, ապա դրանով ոչ թե պատգամավորները պետք է զբաղվեն, այլ պատկան մարմինները։
«Մենք գիտենք, որ ընտրովի դատավարությունները, արդարադատությունը կարող է իր սև գործն անել, և գումարած այն բոլոր բացասական բնութագրիչներին, որոնք տրված են Հայաստանում ժողովրդավարական զարգացմանը Պետդեպի կողմից հրապարակված զեկույցում, դրան կավելանա այս՝ լրագրողների մասին ապօրինի տեղեկություններ հավաքելու վերաբերյալ գիծը»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյան։