2021-ին Աբու Դաբի չհասած հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշներն արդեն Երևանում են, «IDEX 2023»-ին ներկայացվելիքն էլ՝ Աբու Դաբիում

Հայաստանը մասնակցելու է փետրվարի 20-24-ը Աբու Դաբիում կայանալիք «IDEX 2023» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:

ՀՀ ԲՏԱ նախարարության պատվիրակության կազմում է նախարար Ռոբերտ Խաչատրյանը, նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը և ևս 2 աշխատակից:

Ի դեպ, Ռոբերտ Խաչատրյանի, Գևորգ Մանթաշյանի և Արտյոմ Մեհրաբյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման գիշերավարձի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն ասել էր՝ մասնակցության նպատակը ոչ միայն ՀՀ–ն ներկայացնելն է, այլև ծանոթանալը, թե աշխարհում ինչ նոր զարգացումներ կան, ինչ նոր բարձր տեխնոլոգիական լուծումներ կան ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական ոլորտում:

Կարդացեք նաև

Նա նաև հայտնել էր, որ Աբու Դաբիում անցկացվող ցուցահանդեսին Հայաստանն իր տաղավարը կունենա։

Թե ռազմական նշանակության ինչ արտադրանքով է Հայաստանը ներկայանալու Աբու Դաբիի ցուցահանդեսին, ԲՏԱ նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մովսիսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց.

««IDEX 2023» միջազգային ռազմական ցուցահանդեսին կներկայացվեն ինժեներական զորքերի սարքավորումներ, նավիգացիոն (նավարկային) համակարգեր, օպտիկական հետախուզության համակարգեր, ռադիոլոկացիոն սարքավորումներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ»:

Նա նաև հավելեց, որ «Հայաստան» միասնական տաղավարում ներկայացված կլինեն հետևյալ հայրենական ընկերությունները՝

«ADX Systems» LLC,

«AeroDynamics» CJSC,

«AIP Tech» (AIP Scientific) CJSC,

«AirWorker» LLC,

«Apricot» LLC,

«Aragats» LTD,

«Armor Arm» LLC,

«Arsenal» LTD,

«Advanced Technology Group» (ATG) CJSC,

«Davisur» LTD,

«D.V.B. Conark» LTD,

«Electron» OJSC,

«Garni-Ler» Scientific-Industrial Union» OJSC,

«Geocosmos» CJSC,

«GeoVibe» CJSC,

«Instigate Robotics» CJSC,

«Intelligent Defense Solutions» (IDS) CJSC,

«Milcom» CJSC,

«Pride Systems» LLC,

«Scylla Technologies» Inc.,

«Yerevan Mathematic Machines Factory» CJSC.

Հարցին՝ արդյո՞ք «IDEX 2023»-ին չի կրկնվի 2021 թվականի խայտառակ պատմությունը, ԲՏԱ նախարարության խոսնակը վստահեցրեց, որ նորմալ պատրաստվում են:

«Ավելին, համապատասխան ցուցանմուշներն արդեն բարեհաջող հասել են Աբու Դաբի, որքանով տեղյակ եմ, պահվում են հատուկ պահեստում, որ հետո տեղափոխվեն արդեն տաղավարային հատված»,- ասաց խոսնակը:

Հիշեցնենք, որ «IDEX-2021»-ին ռազմական տեխնիկայի ցուցանմուշների փոխարեն՝ հայկական տաղավարում միայն բուկլետներ էին եղել: Այդ ժամանակ ԲՏԱ նախարարը Հակոբ Արշակյանն էր:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե «հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները Աբու Դաբի չեն հասել առաջացած լոգիստիկ խնդիրների պատճառով, և, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է «ծառայողական քննություն»։

168.amգրել էր, որ Աբու Դաբի չհասած հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները մաքսանենգ ապրանքի կարգավիճակում են և մնացել են Մոսկվայում:

Այսինքն, հայկական ռազմական նշանակության ապրանքը տրանզիտային պատշաճ փաստաթղթեր չի ունեցել, ինչը բարդացրել էր այդ ցուցանմուշների Երևան տեղափոխումը: Այդ ժամանակ տեղեկություններ էին շրջանառվում, որ եթե անգամ ռուսական կողմը հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները բաց թողնի, ապա դրանք պիտի ուղարկեն Էմիրաթներ՝ հասցեատիրոջը: Մյուս կողմից, չէր բացառվել՝ եթե ՌԴ-ի հետ լինեին բավարար նորմալ հարաբերություններ, հնարավոր է, որ Ռուսաստանը ցուցանմուշները հետ ուղարկեր Հայաստան:

2021-ին Մոսկվայում մնացած և Աբու Դաբի չհասած հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշների ճակատագրին վերաբերող մեր հարցին ի պատասխան՝ ԲՏԱ նախարարության խոսնակը նշեց, որ այդ ցուցանմուշներն արդեն Երևանում են:

Տեսանյութեր

Լրահոս