Բաժիններ՝

Կյանքից հեռացել է ցեղասպանագետ, Զորյան ինստիտուտի նախագահ Ռոջեր Սմիթը

Վիրջինիա նահանգի Ուլիյամսբուրգ քաղաքում 2022 թվականի նոյեմբերի 28-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ (2004-2022), Զորյան ինստիտուտի՝ Ցեղասպանության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի երկարամյա տնօրեն, պրոֆեսոր Ռոջեր Սմիթը։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պրոֆեսոր Սմիթի գրչին են պատկանում ցեղասպանության էությունը, լեզուն, ժխտումը բացահայտող բազմաթիվ հոդվածներ։ Ռոջեր Սմիթը եղել է նաեւ Զորյան ինստիտուտի՝ «Ցեղասպանագիտություն եւ կանխարգելում» գիտական ամսագրի (որը հետագայում վերանվանվեց «Ցեղասպանագիտության միջազգային ամսագիր») ստեղծման եւ վերահսկման ակունքներում եւ երկար ժամանակ հանդիսացել դրա հիմնադիր համախմբագիր։

Որպես Ցեղասպանության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի ղեկավար` Ռոջեր Սմիթը կարեւոր դերակատարություն է ունեցել ծրագրի զարգացման եւ հաջողության գործում։ Պրոֆեսոր Սմիթի անձնվեր գործունեությունը ծրագրի կայացման հարցում ակնհայտ էր, նա տարեցտարի արդարացիորեն արժանանում էր նորահայտ գիտնականների սիրուն եւ համակրանքին, դառնում շատ շրջանավարտների եւ երիտասարդ գիտնականների խորհրդատուն եւ ընկերը ամբողջ աշխարհում՝ այդ թվում նաեւ շատ ու շատ հայաստանցի ուսանողների։

2008 թվականին Պրոֆեսոր Սմիթը ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նշանակալի ներդրման համար»։ Մովսես Խորենացու մեդալը Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւն է, որը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների եւ սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար: Պրոֆեսոր Սմիթին շնորհվել է նաև Սենտ-Էնդրյուս համալսարանի գրականության դոկտորի կոչում 2018 թվականին Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի կողմից՝ ի նշան ցեղասպանության ուսումնասիրության և քաղաքական տեսության մեջ ունեցած իր ավանդի:

Ռոջեր Սմիթը եղել է ականավոր գիտնական, ցեղասպանագիտության ռահվիրա, ցեղասպանության ժխտողականության ուսումնասիրության առաջամարտիկ, հայ ազգի մեծ բարեկամ։ Պրոֆեսոր Սմիթը եղել է Վիրջինիայի Ուիլյամ եւ Մերի քոլեջի Կառավարման ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր, ուր դասավանդել է քաղաքական տեսություն եւ համեմատական ցեղասպանագիտություն առարկաները։ Ռոջեր Սմիթը եղել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հիմնադիր անդամը, 1997-1999 թվականներին հանդիսացել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահը։

Ռոջեր Սմիթի հիշատակի արարողությունը տեղի կունենա 2023 թվականի գարնանը։

Սմիթների ընտանիքը խնդրել է բոլորին Ռոջեր Սմիթի հիշատակին ծաղիկներ խոնարհելու փոխարեն, նախատեսված գումարը նվիրաբերել Զորյան ինստիտուտին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս