Կա իշխանություն վերցրած մեկ անձ, և ամբողջ պետական ապարատը սպասարկում է նրա՝ իշխանությունը պահելու ցանկությունը․ Երվանդ Վարոսյան
Գործ ունենք մի սխեմայի հետ, երբ առկա է մի անձ, որը վերցրել է իշխանությունը, ունի մեկ նպատակ՝ պահել այն ցանկացած գնով, և մնացածն էլ այդ իշխանությունն ապահովողներն են, բոլորի քաղաքականությունը պտտվում է մեկ անձի իշխանությունը պահելու շուրջ։ Մինչև վերջերս այս ամենին փորձում էր դիմադրել դատական համակարգը, սակայն այն այսօր փաստացի գոյություն չունի, մնացել են քիչ թվով դատավորներ, որոնք իրենց վարույթում գտնվող գործերով փորձում են արդարադատություն իրականացնել, նրանց էլ ահաբեկում են։ Բոլոր այն դատավորները, որոնք պատրաստ չեն հարմարվելու, վտանգի առաջ են կանգնած, քանի որ այդ թափանիվը կանգնեցնող չկա։ Էլ ինչո՞ւ պիտի այն կանգնի, եթե կարող է նման արդյունքների հասնել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Արդեն դժվար է անգամ դատարանում ոտքի կանգնելը։ Դատավոր դառնալու համար ոչ միայն մասնագիտական և կյանքի հմտություններ են պետք, այլև կայուն ներաշխարհ և պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն։ Մինչդեռ դատավոր դառնալու համար հիմա այլևս հարկավոր չէ բազային իրավաբանական կրթություն ունենալ, բուհն ավարտելուց հետո միանգամից կարող ես դատավոր կարգվել։ Եվ այս նորաթուխ դատավորները չգիտեն՝ ի՞նչ են իրավունքն ու օրենքը, պետությունն ու Սահմանադրությունը։ Չէ՞ որ օրենսգիրք բացել ու կարդալ ցանկացած ոք կարող է, բայց դրա հիման վրա իրականացված արդարադատությունը գրոշի արժեք չունի։ Հիմա մենք հասել ենք դրան, երբ չգիտես՝ էլ ո՞նց բացատրես, որ դիմացինիդ ստացած հրահանգն ապօրինի է»,- ասաց փաստաբանը:
«Սահմանադրական կարգը տապալվել է դեռևս ՍԴ-ն ապօրինի նվաճելու ընթացքում։ Սահմանադրությունը գործում է միակողմանիորեն, երբ այն պետք է իշխանությանը, և երկրի իրավական անվտանգության մասին խոսելն ավելորդ է։ Եթե փորձենք վերականգնել Հայաստանի պետականությունը, դա միայն իշխանափոխությամբ իրականացնել հնարավոր չէ, մենք ստիպված ենք լինելու Սահմանադիր ժողով հրավիրել և իրավական համակարգը զրոյից կառուցել։ Սահմանադրական կարգը տապալելը վատ հետևանք ունի այն առումով, որ չես կարող ջնջել, հետ գնալ, նորից սկսել, եթե այդ կարգը տապալված է։ Մենք համապարփակ կոլապսի մեջ ենք։ Ստիպված ենք լինելու առկա կարգավորումներից դուրս գտնել նոր մեխանիզմներ, որոնք սահմանադրական կոչել անհնար է, որպեսզի կարողանանք վերադառնալ պետության բնական վիճակին»,- նշեց Երվանդ Վարոսյանը:
Փաստաբանի կարծիքով՝ 44-օրյա պատերազմն աններելի է, քանի որ ՀՀ-ն Ադրբեջանում դրա նախապատրաստման ընթացքում զբաղված էր մեկ անձի՝ խանական մոդելի իշխանության ամրապնդմամբ. «2020-ի սկզբից պարզ էր, որ գնում ենք պատերազմի։ Բանակցային գործընթացը տապալված էր, Ադրբեջանի հայտարարություններն առավել քան հստակ էին, նոր զենք ձեռք բերելու գործարքները հրապարակված էին։ Այդ ժամանակ հարկավոր էր լինել կատարյալ ապուշ՝ չհասկանալու՝ ինչ է կատարվում։ Կամ դու ժողովրդավարական, իրավական պետություն ես, որտեղ իշխանության ճյուղերը չպետք է մեկը մյուսի հետ համաձայն լինեն բոլոր հարցերում, հատկապես դատական իշխանությունը, և կամ՝ կարող ես որոշակի առաջընթաց ու անվտանգություն ունենալ, բայց դրա համար գոնե խան է պետք, իսկ նա պիտի հասկանա, որ երբ նստել է բուրգի գլխին, պարտականություններ ունի։ Նա չպետք է այդ բուրգն էլ ավերի, որ շարունակի ծառաներ ու արտոնություններ ունենալ։ Հայաստանում լիարժեքորեն գործում է կառավարման խանական համակարգ, բայց խանն էլ խան չէ»:
«Նախորդ իշխանությունների ժամանակ որոշակի դրական տեղաշարժ կար դատական համակարգում, և իշխանափոխությունից առաջ այն իրոք կայանում էր, հատկապես, երբ նոր դատավորներով ու մոտեցումներով էր համալրվում։ Մարդկանց չէին ստիպում մտրակը ձեռքին կամակատար լինել, շատ դատավորներ սկսեցին անկախ և օրենքով գործել։ Գոնե գիտակցում կար, որ եթե երկրի ղեկավարին որևէ քրեական գործով որևէ բան ես զեկուցում, պետք չէ այդ մասին հրապարակային արտահայտվել։ Գլխավոր դատախազն այն ֆիգուրն է, որը հանգամանքների բերումով կարող է քրեական հետապնդում հարուցել վարչապետի նկատմամբ, բայց Աննա Վարդապետյանը կառավարության նիստում չի կաշկանդվում, հավատարմությունն առ վարչապետ ի ցույց է դնում և չի էլ թաքցնում դա»,- ամփոփեց Երվանդ Վարոսյանը: