«Ադրբեջանն Իրանին թշնամի է համարում. Սյունիքում հնարավոր պատերազմը միայն նրանց միջև չի լինելու, այլ վերածվելու է տարածաշրջանային պատերազմի». Ժաննա Վարդանյան

Սպահանի ռազմական օբյեկտի վրա հարձակման մեջ Իրանը դեռևս պաշտոնապես չի մեղադրել Իսրայելին, թեպետ նույնիսկ արևմտյան լրատվամիջոցները գրեցին, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգներն են կանգնած հարձակման հետևում: Արդյո՞ք Իրանի զուսպ արձագանքը նշանակում է, որ Իրանն անպատասխան է թողնելու հարձակումը:

Իրանագետ Ժաննա Վարդանյանն այն կարծիքին է, որ Իրանի պատասխան արձագանքը լինելու է այնպես, ինչպես եղել է նախկինում, այսինքն՝ հիբրիդային ձևով: «Այսինքն՝ Սիրիայում, Իրաքում կամ իրանական ազդեցության որևէ այլ գոտում՝ իսրայելական ուժերի կամ իսրայելական օբյեկտների վրա հարձակումներ կարող են լինել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Չենք կարող բացառել Ադրբեջանի մասնակցությունն Իրանի դեմ գործողություններին, հատկապես հիմա, երբ Իրան-Ադրբեջան հարաբերություններն այդքան լարված են: Ադրբեջանի մասնակցության նախադեպ եղել է 2014թ., երբ Նաթանզի միջուկային օբյեկտի մոտ իսրայելական հետախուզական ԱԹՍ էր խոցվել, և Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ դա Ադրբեջանի տարածքից էր: Բայց այս դեպքում խնդիրը մի փոքր այլ է. հարձակումն իրականացվել է կվադրոկոպտերներով, ինչը նշանակում է, որ այն չէր կարող որևէ այլ երկրի տարածքից հասնել Սպահան նահանգ՝ Իրանի խորք: Դրանց թռիչքի տևողությունը շատ ավելի կարճ է, ինչը նշանակում է, որ դա օդ է բարձրացել Իրանի ներսից՝ տեղի գործակալական ցանցերի միջոցով: Կոնկրետ այս դեպքում որևէ այլ երկրի մասնակցությունը չպետք է դիտարկենք, բայց այն, որ Ադրբեջանը կարող է մասնակից լինել հակաիրանական գործողությունների, դա փաստ է»,-Իընդգծեց նա:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Իրանի հարձակման ֆոնին Ադրբեջանում առկա ցնծությունը, նա պատասխանեց. «Այսօր Իրանը Ադրբեջանի համար թշնամի երկիր է: Երբ կարդում ենք ադրբեջանական մամուլ՝ Իրանը նույնքան թշնամի է ներկայացվում Ադրբեջանում, որքան Հայաստանը: Այսինքն՝ իրենց համար Հայաստանն ու Իրանը հավասարազոր են, նշում են, որ Իրանը Հայաստանի եղբայրն է, որ Իրանը դավաճանել է Հայաստանին, և սա գալիս է նրանից, թե ինչ դիրքորոշում ցուցաբերեց Իրանն արցախյան 2020թ. պատերազմից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, «Զանգեզուրի միջանցք» կոչվողի առաջմղման հարցում: Այսինքն՝ Իրանի այս հստակ դիրքորոշումն Ադրբեջանին հասցրեց նրան, որ Իրանին նրանք ընկալում են թշնամի և Իրանի դեմ այսօր շատ խոշոր արշավ են տանում: Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն իրենք օգտագործեցին Իրանի դեմ մեծ գրոհ անելու համար, և այսօր խոսում են այն մասին, որ միջազգային կազմակերպություններն էլ պետք է դատապարտեն այդ հարձակումը: Այսինքն՝ Ադրբեջանն իր հերթին՝ փորձում է Իրանին միջազգայնորեն մեկուսացնել, Իրանի դեմ կոալիցիա ձևավորել այլ դերակատարների մասնակցությամբ, փորձում է Իրանի դիրքերը հնարավորինս թուլացնել տարածաշրջանում»:

Կարդացեք նաև

Իրանագետի դիտարկմամբ՝ Իրանին պատերազմի մեջ ներքաշելու վտանգ միշտ է եղել. «Այս տարիների ընթացքում մենք տեսել ենք, որ կողմերը խուսափել են իրավիճակը հասցնել նրան, որ պատերազմ լինի. թե՛ Իրանն է ավելի զուսպ գործողություններ ձեռնարկել, թե՛ հակառակորդ կողմը չի ընդլայնել իր գործողությունները, և այդ պատերազմը չի եղել: Այս պահին տարբեր դերակատարների կողմից խնդիր է դրված՝ նախ թուլացնել Իրանը՝ հնարավոր բոլոր եղանակներով, դա կլինի պատժամիջոցների ձևով, ներքին անկայունության, տարածաշրջանում Իրանի դիրքերի թուլացման և այլն:

Պատերազմը սցենարներից հաջորդն է, եթե նախորդ սցենարները տեղի չունենան: Այսինքն՝ Իրանի դեպքում կարող ենք տեսնել թե՛ տեղային գործողություններ, օրինակ՝ ռազմական օբյեկտների վրա, թե՛ ավելի լայն գործողություններ նույն Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից, թե՛ Սյունիքում պատերազմի հրահրմամբ փորձ կատարեն Իրանին ներքաշել և պատերազմի կողմ դարձնել: Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք Իրանը կմիջամտի և մասնակից կդառնա պատերազմի: Եթե պատերազմը լինի Սյունիքում, դա պարզապես չի լինելու Իրան-Ադրբեջան պատերազմ, այլ՝ Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել և նրանց բոլոր դաշնակիցների պատերազմն ընդդեմ Իրանի, և մյուս կողմում էլ՝ Հայաստանը: Դա կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի և առաջնահերթ փորձ կարվի իրավիճակը չհասցնել դրան»:

Ժաննա Վարդանյանը նկատեց, որ կարող է 1980-88թ. իրանա-իրաքյան «պարտադրված պատերազմ»-ի նման պատերազմ լինել. «Իրանը որքան էլ փորձի խուսափել այդ պատերազմից, կարող է լինել նմանատիպ պարտադրված Իրանի դեմ հարձակում կամ այնպիսի գործողություն, որին Իրանը ստիպված կլինի մասնակից լինել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս