«Ուկրաինայում ազատազրկման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացուն խոշտանգումների են ենթարկում» (լուսանկարներ, տեսանյութ)
Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացի Մերաբ Սուսլովի նկատմամբ բռնություններ են կիրառվում: Այսօր Ուկրաինայի դեսպանատան առաջ այս առիթով բողոքի ակցիա էին կազմակերպել վերջինիս հարազատները և «Հայաստանի եզդիների ազգային միության» մի շարք անդամներ: Նրանք եկել էին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային նամակ հանձնելու:
Նշենք, որ Մերաբ Սուսլովը (Ալոյան) մոտ երկու տարի առաջ ձերբակալվել է Ռուսաստանում և արտահանձնվել Ուկրաինային: Ուկրաինայում նրան առաջադրվել է մեղադրանք սպանության պատվիրման համար: 2012 թվականի նոյեմբերի 8-ին առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավճիռ՝ դատապարտելով նրան ցմահ ազատազրկման: Ներկայումս դատական գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում:
Հայաստանում Մերաբ Սուսլովի (Ալոյան) փաստաբաններից մեկը` Կարեն Ղազարյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դատավարությունն ընթացել է մի շարք սկզբունքների խախտումով. «Ինչ-ինչ հանգամանքներում սխալ ինֆորմացիայի արդյունքում նրան անհիմն մեղադրում են իր ընկերոջ սպանության մեջ, արդար դատավարության բոլոր սկզբունքների խախտումով դատավարություն է տեղի ունեցել Ուկրաինայի Հանրապետությունում, կայացվել է վճիռ, որի համաձայն`նա դատապարտվել է ցմահ ազատազրկման: Չկա դատարանում հետազոտված որևէ ապացույց, որը կասկած կհարուցեր դատարանի մոտ, որ Սուսլովը կատարել է կամ պատվիրատուն է հանդիսացել այդ սպանության: Նախաքննության ընթացքում, իբր, Մերաբի դեմ ուղղակի կամ անուղղակի ցուցմունք տված 22 վկաներից ոչ մեկը դատարանում չի պնդել իր ցուցմունքները: Կարծում եմ՝ այստեղ զուտ բիզնես շահն է: Խոսքը գնում է մեծ գումարների մասին»:
Կարեն Ղազարյանը նշեց, որ պահանջում են Մերաբ Սուսլովին (Ալոյանին) զերծ պահել խոշտանգումներից. մեկուսարանում նրա համար ստեղծված են անմարդկային պայմաններ. «Նրա նկատմամբ վերաբերմունքը նվաստացնող է, ինչը չի համապատասխանում Ուկրաինայի Հանրապետության ոչ օրենսդրական նորմերին, ոչ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նորմերին: Նրա նկատմամբ վերջերս բռնություն է կիրառվել: Երևի թե բանտի դիմակավոր աշխատակիցները մտել են բանտախուց, ծեծի ենթարկել Մերաբին»:
Փաստաբանի խոսքով`դատարանի դահլիճում ծեծի են ենթարկել Մերաբ Սուսլովի ծնողներին, ինչի արդյունքում կոտրվել է հոր քիթը, մորը ևս վնասվածքներ են հասցվել: 168.am-ի հետ զրույցում Մերաբի հայրը՝ Օթար Ալոյանը, նշեց, որ որդին անմեղ է. սպանությունը պատվիրել են սպանվածի հարազատները: Նա նշեց, որ պահանջում են որդուն Հայաստան արտահանձնել: Մերաբ Սուսլովի հարազատներից մեկը նշեց, որ վերջինս արդար մարդ է եղել. «Հիմա մայրը շատ վատ վիճակում է»:
Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցները լսեցին վերջիններս բողոքը, նշեցին, որ դեսպանությունը կուսումնասիրի դեպքն, ու հանդիպում կկազմակերպվի փաստաբանի հետ:
Ի դեպ, Մերաբ Սուսլովի (Ալոյանի) հարազատները և հայրենակիցները նաև նամակներ են ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Ներկայացնում ենք Մերաբ Սուսլովի ծնողների` Օթար Ալոյանի և Զինա Նադրյանի, ինչպես նաև «Հայաստանի եզդիների ազգային միության» անդամների նամակն` ուղղված ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանին.
«Սույն նամակով արտահայտում ենք մեր բողոքը Ուկրաինայի իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մերաբ Սուսլովի (Ալոյան) նկատմամբ բռնությունների, նրա հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների դեմ: Մերաբ Սուսլովը ԱՊՀ-ում հայտնի գործարար էր: Երկու տարի առաջ Ուկրաինայի իշխանությունների կողմից նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ և առաջադրվել մեղադրանք, որի արդյունքում՝ նա ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում և արտահանձնվել Ուկրաինայի իշխանություններին: 2011 թվականի մարտից Մերաբը գտնվում է Ուկրաինայի բանտերում: 2012 թվականի նոյեմբերի 8-ին առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավճիռ՝ դատապարտելով նրան ցմահ ազատազրկման: Ներկայումս դատական գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում: Ուկրաինայի ԶԼՄ-ները հեղեղված են հրապարակումներով այս գործով դատավարության ընթացքում տեղի ունեցած խայտառակ խախտումների մասին: Բավարար է միայն նշել, որ Մերաբը 6 ամիս զրկված է եղել իր փաստաբաններին տեսնելու հնարավորությունից, գործով 29 վկաներից 22-ը դատարան չեն ներկայացել, և նրանք չեն հարցաքննվել, մի շարք առանցքային վկաներ դատարանի դահլիճում հայտարարել են նախաքննության ընթացքում իրենց նկատմամբ խոշտանգումների կիրառելու մասին և հրաժարվել են իրենց նախաքննության ցուցմունքներից, դատարանի դահլիճից դուրս են հանել Մերաբի փաստաբաններին, իսկ հետո՝ նաև նրան, և, փաստորեն, մեղադրական դատավճիռը կայացվել է առանց նրանց ներկայության: Այս դատաքննությունը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և բարձրացրել է հանրային մեծ հետաքրքրություն: Մի շարք միջազգային իրավապաշտպան կառույցներ արդեն անդրադարձել են այս գործին: Այդուհանդերձ, քաղաքացիական հասարակության ցանկացած փորձ այս գործի շրջանակներում ենթարկվում է ճնշումների Ուկրաինայի իշխանությունների կողմից: Ուկրաինացի լրագրող Անատոլի Շարիյը ստիպված էր հեռանալ Ուկրաինայից և դիմել Եվրոպական միությանը քաղաքական ապաստան ստանալու համար այն բանից հետո, երբ այս գործի մասին բազմաթիվ հոդվածներ գրելուց հետո նրա նկատմամբ իրականացվել էր մահափորձ, իսկ հետո Ոստիկանության կողմից նրա դեմ հարուցվել էր երկու քրեական գործ մտացածին հիմքերով: Ներկայումս նա բնակվում է ԵՄ պետություններից մեկում, որտեղ նրան տրվել է քաղաքական ապաստան:
Վերջերս մեզ հայտնի է դարձել, որ Կիևի Լուկիանովսկի բանտում, որտեղ նա կրում է իր խափանման միջոց կալանքը, նա շարունակաբար ենթարկվում է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի: Բավական է միայն նշել, որ երեք ամիս նա պահվել է կարցերում, իսկ խցից հանելու և հարցաքննության, բաղնիք կամ դատարան ուղեկցելու յուրաքանչյուր դեպքում դա կատարվում է դիմակներով քողարկված հատուկ զինվորականների կողմից, որոնք աչքի են ընկնում առանձնահատուկ կոպտությամբ և անհարկի ֆիզիկական ուժ կիրառելու նախատրամադրվածությամբ: Անհասկանալի է կալանավորին ուղեկցելու նման եղանակի անհրաժեշտությունը: Առավել զարմանալի է, որ խցից դուրս տեղաշարժվելիս նրանք, որպես կանոն, կալանավորի ձեռքերին հագցնում են ձեռնաշղթա և ձեռքերը մեջքի կողմից բարձր վիճակում պահելով՝ ստիպում են կալանավորին տեղաշարժվել դեմքով և մարմնով հատակին կքած վիճակում, որը պատճառում է անասելի ցավեր, ինչպես նաև՝ նվաստացնում կալանավորի արժանապատվությունը: Մեզ խիստ զայրացրել է այն հանգամանքը, որ վերջերս նրան ուղեկցել են դատարան՝ պարկը գլխին հագցրած վիճակում, իսկ դատարանի դահլիճում պարկը հանելուց հետո նա տեսել է, թե ինչպես են տուժողի հարազատները ծիծաղելով լուսանկարահանում նրան իրենց բջջային հեռախոսներով: Բանը հասել է նրան, որ սկսել են նրան նվաստացնել ու վիրավորել նրա ազգային պատկանելության հիմքով՝ նրա վզից պոկելով նրա կրոնական համոզմունքն արտահայտող սիմվոլը և նետելով զուգարանը:
Պարոն դեսպան,
Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում նշված կամայականությունների դեմ: Որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, Ուկրաինան պարտավոր է հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված անձի իրավունքները՝ անկախ քաղաքացիությունից և ազգային պատկանելությունից: Մենք պահանջում ենք, որպեսզի Ուկրաինայի իշխանությունները դադարեցնեն Մերաբ Սուսլովի (Ալոյանի) նկատմամբ ֆիզիկական բռնությունները և տարբեր նվաստացումները, ապահովեն կալանքի պատշաճ պայմաններ և արդար դատաքննության երաշխիքներ»: