Սոցփաթեթ՝ նաև «ներքևում և վերևում գտնվող մարդկանց» համար
2012-ի հունվարից Հայաստանում ներդրված փաթեթում կատարվել են մի շարք փոփոխություններ: Նախ՝ ընդլայնվել է շահառուների քանակը, կատարվել են փոփոխություններ մեխանիզմում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը. «2012-ին փաթեթը հիմնականում միտված էր քաղծառայողներին: Մենք այն ժամանակ ընդգրկեցինք հիմնական միջուկին`չընդգրկելով վերևում գտնվող անձանց և ներքևում գտնվող անձանց: Վերևում գտնվող անձինք այն անձինք են, ովքեր համապատասխան օրենսդրությամբ համարվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, իսկ ներքևում գտնվող անձինք տեխնիկական բնույթի աշխատանքներ կատարողներն են: Հիմա ներքևում չընդգրկվածները ևս ընդգրկվել են: Ընդգրկել են նաև գիտության ոլորտը և Գիտությունների ազգային ակադեմիայի և նրան ենթակա ՊՈԱԿ-ների հաստիքացուցակներում ընդգրկված աշխատակիցներին, ընդգրկել են նաև ՀՀ-ում մշտապես բնակվող ԽՍՀՄ և ՀՀ Ժողովրդական պատվավոր կոչմանն արժանացած անձանց, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աշխատողներին՝ բացառությամբ ղեկավար աշխատակազմի»:
Տեղի է ունեցել նաև փոփոխություն մեխանիզմների տեսակետից. «Հատկացման գործընթացը մենք արել ենք այն մեխանիզմով, որն օգտագործվեց Ատոմակայանում: Այնտեղ միջոցները ոչ թե անմիջապես վճարվում էին տվյալ հիմնարկին՝ Ֆինանսների նախարարության հաշվապահության միջոցով, այլ միջոցները գնում էին քաղաքացու անձնական հաշվին բանկերում, և դրանք դառնում են կուտակային»:
Վաչե Գաբրիելյանի խոսքով`առողջության ապահովագրության ծառայության համար սահմանված է բազային ծածկույթ՝ 52.000 դրամի չափով:
Նա նշեց, որ փաթեթը պարտադիր չէ այն աշխատողների համար, ովքեր պետության կողմից անվճար բուժօգնություն են ստանում. «Ընդլայնվել է բազային փաթեթի մեջ ներառված հատուցվող դեպքերի շրջանակը`մի շարք պետական պատվերի ծրագրով իրականացվող հիվանդությունների բուժումը ևս մտցվել է այստեղ, անհետաձգելի բուժօգնությունը, վերակենդանացման միջոցառումները, ուռուցքաբանության ժամանակ կիրառվող վիրահատական բուժումը և սահմանափակ քանակով ճառագայթային բուժումը, ամբողջովին սիրտը ծածկված է: Այն ծածկում է սրտի վիրահատության ժամանակ դրվող ստենտները (թե՛ դեղապատ, թե՛ սովորական ) և ռիթմ տվող սարքը»:
«3,8 մլն-ի ծածկույթ կա: Իրենք 132.000 վճարում են, ստանում են 3,8 մլն-ի ապահովագրություն, որի մեջ մտնում են թե՛ սրտի, թե՛ մյուս վիրահատությունները»,-ասաց Վ. Գրիգորյանը: