«…Արցախի կարգավիճակի հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար». Նիկոլ Փաշինյանի հոդվածի հետքերով

Ավելի քան 3 շաբաթ է, ինչ փակ է Արցախը Հայաստանին կապող Լաչինի մարդասիրական միջանցքը, որը հետևանք է 44-օրյա պատերազմի արդյունքների, հայկական կողմի պարտության և Ադրբեջանի հաղթանակի, ընդ որում, նաև հետպատերազմյան փուլում, որքան էլ ասենք, որ Լաչինի միջանցքը փակ պահելով՝ Ադրբեջանը խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջը:

Եվ թեպետ բազմիցս անդրադարձել ենք հարցին, որ Նիկոլ Փաշինյանը, նրա օրոք հայկական դիվանագիտությունը կարող էր կանխել 2020-ի պատերազմը, կամ առնվազն Նիկոլ Փաշինյանը կանգնեցներ պատերազմն առաջին օրերին, հարկ է հիշել 2021-ի այս օրը՝ հունվարի 4-ին հրապարակված Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածը և դրանում տեղ գտած մի քանի ձևակերպում:

Ինչո՞ւ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը և ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել դրանից: Իր իսկ հարցադրմանը երկար-բարակ պատասխանելիս, Նիկոլ Փաշինյանը սովորության համաձայն՝ գնում-հասնում է նախկիններին, նրանց բանակցային ժամանակահատվածին ու իր բնորոշմամբ՝ թողած ժառանգությանը:

Կարդացեք նաև

«Վերջին տասը տարվա ընթացքում մի քանի առանցքային հանգրվաններ են եղել ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում: Առաջինը կազանյան գործընթացն էր, որով ենթադրվում էր, որ տարածքները 5+2 բանաձևով պետք է հանձնվեն Ադրբեջանին, Արցախը պիտի ստանար միջանկյալ կարգավիճակ, իսկ վերջնական կարգավիճակը պիտի ստանար փախստականների վերադարձից հետո տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով:

Բայց տեղի ունեցավ անկանխատեսելին 2011 թվականի հունիսի 24-ին Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել կազանյան փաստաթուղթը, հարուցելով Սերժ Սարգսյանի տարակուսանքը, ով 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում կազանյան փաստաթղթի ճակատագրի մասին խոսելով՝ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ էր Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, բայց Ադրբեջանը ուզում է ավելին: Ավելի՞ն: 2011-ին Հայաստանը պատրաստ էր հանձնել 7 շրջանները, իսկ Ադրբեջանը ուզում է ավելի՞ն: Իսկ ի՞նչը կարող է լինել ավելին: Կազանյան փաստաթղթի չստորագրումով Իլհամ Ալիևը տվել է այդ հարցի պատասխանը. նախևառաջ Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի կարգավիճակի բացառումը: Սա դեռ 2011 թվականին: Դրանից հետո Ադրբեջանի ախորժակը ավելի է բացվել և սրա վկայությունն է դառնում այն, որ 2013 թվականից իրավիճակը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ կերպով սրվում է:

Սահմանային լարումը մեծանում է 2014, 2015 թվականների ընթացքում, և սա տեղի է ունենում աշխարհաքաղաքական «բարենպաստ» պայմաններում»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև անդրադառնալով այդ ժամանակահատվածում Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում Ռուսաստանի պատասխանատվության աճին և ոչ սահմանափակ կարողություններին, Նիկոլ Փաշինյանը շարունակում է, թե «Ադրբեջանն օգտվում է ստեղծված հնարավորությունից և ավելի բարձր հայտարարում Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունների մասին»:

«Այս պայմաններում Ռուսաստանը կանգնում է բավականին դժվար կացության առաջ, հասկանալով, որ Հարավային Կովկասը կայուն պահելու նախկին գործիքակազմը վերանայման կարիք ունի:

2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը:

Այս առաջարկները հայկական կողմին ներկայացվում են 2016 թվականի հունվարին: Հայկական կողմը մերժում է այն, 2016 թվականի ապրիլին տեղի է ունենում ապրիլյան քառօրյա պատերազմը: Այս իրադարձությունից ամիսներ անց Սերժ Սարգսյանը հրապարակային խոսում է 80-ականների զենքերի մասին, իսկ մեկուկես տարի անց հրապարակային խոստովանում, որ Հայաստանը դեռ 2011 թվականին պատրաստ էր թողնել 7 տարածքները, բայց Ադրբեջանն ուզում է ավելին:

Ֆորմալ առումով 2016 թվականից հետո էլ բանակցային գործընթացը շարունակում է տեղի ունենալ Մադրիդյան սկզբունքների կամ դրանց կոնֆիգուրացիայի հիման վրա, բայց ռուսական առաջարկները կան, գոյություն ունեն և նրանց ներկայությունը զգացվում է ամենուր, առնվազն այն տրամաբանությամբ, որ 7 տարածքների հանձնումը 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացի հիմնական, եթե ոչ միակ թեման է»,- իր հոդվածում շեշտում է Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ըստ հոդվածագրի դիտարկման, «ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար»:

«Բոլոր համանախագահները համակերպվել են այս մտքի հետ և ռուսական առաջարկները ըստ էության համանախագահության առաջարկներն են: Կրակին յուղ է լցնում նաև Թուրքիան, ում ձեռքերը ազատվել են և նույնիսկ ավելի են երկարել ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո, և նա տարածաշրջանի կայունության միակ նախապայմանը համարում է 7 շրջանների հանձնումը:

Ադրբեջանն իր հերթին շարունակում է հայտարարել, որ ԼՂ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս քննարկելի չէ և ռուսական առաջարկների ի հայտ գալուց հետո ավելի է սրում դիրքորոշումը՝ ԼՂ որևէ կարգավիճակ այս փուլում քննարկելի չէ: Թող այդ հարցին անդրադառնան հաջորդ սերունդները: Այս իրավիճակում ենք, ըստ էության, ժառանգել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը»,- «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածում նշում է Փաշինյանը՝ հավելելով, որ ռուսական առաջարկների առանցքային պրոբլեմը Արցախի կարգավիճակի դուրսմղումն է բանակցային օրակարգից:

«Միջազգային սաստկացող կոնյունկտուրայի պայմաններում Ռուսաստանն արդեն հոգնել էր մեղադրանքներից, թե իրականում նա ոչ թե հարցի կարգավորման, այլ ձգձգման կողմնակից է:

Նման պայմաններում մեր առաջ պարզ ընտրություն էր դրված՝ տեղավորվել վերը նկարագրված տրամաբանության մեջ և անցնել տարածքների հանձնման գործընթացին, որոնք պայմանականորեն անվանվում էին «առարկայական բանակցություններ», կամ փորձել փոխել բանակցային տրամաբանությունը:

Հենց այս խնդրի լուծմանն էին ուղղված մեր գործողությունները 2018 թվականից ի վեր և գործընթացը գագաթնակետին հասավ 2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որտեղ հանդես եկա Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված ծրագրային ելույթով:

Այդ ելույթի թեզերը հետևյալն էին. բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության հարցը պետք է լինի մեր օրակարգում, Մադրիդյան սկզբունքները պետք է ունենան միասնական մեկնաբանություն, որովհետև Ադրբեջանն այն յուրովի է մեկնաբանում, Հայաստանը՝ յուրովի, ինչը գործընթացը դարձնում է անարդյունավետ, և հետո՝ հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության և Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Առաջարկվող օրակարգը, սակայն, ամենևին էլ բանակցային պրոցեսը շարունակելու նախապայման չէին, այլ այն արդյունավետ դարձնելու՝ մեր պատկերացումների շարադրանք:

Այս բոլոր կետերն ունեին սկզբունքային նշանակություն: Արցախի դուրսմղումը բանակցային գործընթացից և բանակցությունները Հայաստան-Ադրբեջան հարթություն տեղափոխելը սպառնալիք էր ստեղծում առաջին հերթին Հայաստանի համար, որովհետև հենց այս հանգամանքն օգտագործելով էր Ադրբեջանը Հայաստանին օկուպանտի պիտակ կպցնում: Եվ հետո՝ նման ֆորմատը ինքնին նենգափոխում էր Ղարաբաղի հարցի էությունը, այն տեղավորելով Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի տրամաբանության մեջ»,- շարունակում է Փաշինյանը և անդրադառնում իր առաջ քաշած թեզին՝ ԼՂ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար:

Փաստորեն դեռ 2021 թվականին, բայց գուցե դրանից ավելի շուտ, Փաշինյանը մշակել ու գծագրել էր, թե ինչպես պետք է Հայաստանը դուրս գա բանակցություններից: Եվ այսօր Արցախը մնացել է միայնակ, չնայած Փաշինյանը տարբեր առիթներով իր ելույթներում հայտարարում է, թե Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ, բայց այս պահին պաշտոնական Բաքուն Արցախի հարցով որևէ մեկի հետ բանակցելու ցանկություն չունի:

Ըստ Փաշինյանի, այս ամենի նպատակը ԼՂ հարցի բանակցային գործընթացը դուրս բերելն էր տարածքներ հանձնելու պրիմիտիվ տրամաբանությունից:

Եվ չնայած նրան, որ փորձագիտական և քաղաքական շրջանակները զգուշացնում էին, որ հնարավոր չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի այնպիսի լուծում, որն ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար:

Ավելի ուշ իր այս հոդվածում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, գալիս է այդ եզրահանգման, բայց հակամարտության լուծման անիվը Ադրբեջանի օգտին շրջելուց հետո, ինչը շարունակվում է մինչ այսօր:

«Եվ հենց այստեղ էր ձախողումը, որովհետև պարզվեց՝ 2016-ին շարժված գնացքը կանգնեցնել հնարավոր չէ: Հիմա շատերն են ասում, թե այդ գնացքը հնարավոր էր կանգնեցնել ռուսամետ քայլերով և ռուսամետ քաղաքականությամբ, իբր մեր կառավարությունը ուղիղ հակառակն է արել: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, և այսպես խոսողները չեն նկատում այնպիսի շրջադարձային քայլեր, ինչպիսին Սիրիա ականազերծողներ և բժիշկներ գործուղելու ՀՀ կառավարության՝ 2019 թվականին կայացրած որոշումը»,- նշում է Փաշինյանը՝ ընդունելով, որ Սիրիա հումանիտար խումբ ուղարկելը ոչ այլ ինչ էր, քան պահի թելադրանքով ռուսամետ քայլ, որին չէր գնացել նախորդ իշխանությունը:

Այնուհետև Փաշինյանը նշված տրամաբանության շրջանակում անդրադառնում է պատերազմը կանխելու հնարավորությանը:

«Սկզբունքային հարց է, իհարկե, թե ինչքանով է խելամիտ փորձել դիմադրել «շարժված» և արագություն հավաքած «գնացքին»: Իսկ ո՞րն է հակառակը: Հակառակը տարածքների հանձնումն է՝ ըստ էության ոչնչի դիմաց: Հիմա, իհարկե, հետահայաց կարելի է ասել՝ դա ավելի լավ է, քան այն, ինչ ունենք, առնվազն մարդկային հազարավոր կյանքեր փրկած կլինեինք: Բայց՝ հետահայաց: Հետահայաց՝ այդ նույնը կարելի էր անել 1997-ին, 2004-ին, 2011-ին, 2016-ին ի վերջո: Այո, կարելի էր անել նաև 2020-ին: Բայց ինքներս մեզ ի՞նչ փաստարկով էինք համոզելու: Որ կպարտվենք պատերազմո՞ւմ: Այս փաստարկը, իհարկե, կար:

Բայց 2020թ. հուլիսյան մարտերը էական ազդեցություն ունեցան իրադրության գնահատականի վրա: Ճիշտ է՝ մարտական գործողությունների մասշտաբը հետագա պատերազմի համեմատ չափազանց փոքր էր, բայց հուլիսյան մարտերում ներգրավված էին ադրբեջանական էլիտար ստորաբաժանումները, իսրայելական անօդաչու թռչող սարքեր, և մեր բանակը ոչ միայն դիմակայեց, այլև մարտական դիրքում և մարտերի ընթացքում մենք ոչ մի զոհ չունեցանք, ոչ մի զոհ: Մեր զոհերը թիկունքում էին նահատակվել:

Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք: Դեռ մինչև հուլիսյան դեպքերը անընդհատ կարծրացող ադրբեջանական ռիտորիկան այլ տարբերակ չէր թողնում: Նույնիսկ այս պայմաններում բանակցային գործընթացը շարունակվում էր, այնքանով, որքանով թույլ էր տալիս կորոնավիրուսի համավարակը: ԱԳ նախարարը անընդհատ քննարկումների մեջ էր համանախագահողների հետ: Բայց ըստ էության, Ադրբեջանը չէր մտնում բանակցությունների մեջ, հստակ ցույց տալով, որ իր համար բանակցային նպատակը առաջվա նման շարունակում է մնալ առանց նախապայմանների տարածքների հանձնումը:

Եթե մենք ասեինք՝ համաձայն ենք, պատերազմը, իհարկե, կկանխվեր: Պատերազմը նման պայմաններում կարող էինք նաև կանգնեցնել, ինչի մասին հայտարարեցի պատերազմի մեկնարկի առաջին օրը՝ Ռազմական դրության կապակցությամբ ԱԺ-ում հրավիրված հատուկ նիստում: Նման տարբերակը, սակայն, ոչ միայն ինձ համար ընդունելի չէր, այլև այդ օրերին չլսեցի որևէ ձայն, որ հենց այդպես էլ պետք է վարվել:

Սրան, իհարկե, հանրահայտ հակափաստարկ կա. մյուսները, հանրությունը չէին տիրապետում կամ չէին կարող տիրապետել այն տեղեկատվությանը, որ վարչապետն էր տիրապետում, և ուրեմն՝ վարչապետը իր իմացած տեղեկատվության հիման վրա պետք է որոշում կայացներ։

Ճիշտ փաստարկ է, և իմ տիրապետած տեղեկատվությունը այն մասին էր, որ իրադրության լիցքաթափումը կամ պատերազմը կանգնեցնելը հնարավոր չէ առանց Արցախի ու Հայաստանի համար աղետալի հետևանքների։ Եվ ուրեմն, որոշումն էր՝ պայքարել այդ աղետալի հետևանքների դեմ։ Արդյունքում ավելի աղետալի հետևանքնե՞ր ունեցանք։ Գուցե։

Բայց այն մյուս աղետի հնարավոր մասշտաբները գիտենք տեսականորեն։ Հիմա չգիտենք, թե այն մյուս աղետը գործնականում ինչպիսին էր լինելու, ինչպես այն ժամանակ չգիտեինք այս մի աղետի գործնական պարամետրերը։

Միայն գիտենք, որ Շուռնուխի գյուղապետի «լայվերը» հաստատապես ներկա էին լինելու բոլոր սցենարներում, որովհետև Ղուբաթլուի շրջանը Ադրբեջանին էր հանձնվելու վերը նկարագրված բոլոր սցենարներում, Շուռնուխի ու Որոտանի 20 տների շուրջ սահմանային վեճը նույն կերպ ծավալվելու էր: Բայց հիմա մենք գիտենք, որ մինչև Շուռնուխի սահմանագծին հասնելը պայքարել ենք ամեն թիզ հողի համար:

Խաղաղ հանձնման սցենարի ժամանակ է՞լ էինք պայքարելու: Ուրեմն՝ պատերազմը սկսվելու էր ոչ թե Հորադիզի, այլ Շուռնուխի մատույցներում։ Այս սցենարով պատերազմը Շուռնուխի մատույցներում գոնե ավարտվել է, չնայած՝ հիմա ոմանք ջանք չեն խնայում, հնարավոր և անհնար ամեն ինչ անում են, որ Շուռնուխի մատույցներում պատերազմը նորից սկսվի»,- գրում է Փաշինյանը՝ նկատելով, թե 20 տարի վարած բանակցությունների նպատակը Ադրբեջանին հույս տալն է եղել:

Ավելի ուշ՝ անցած տարի տեղի ունեցած ՔՊ համագումարում Փաշինյանը ակնարկել է, որ որոշել է վերջակետ դնել այդ հույս տալու քաղաքականությանը:

Ինչ կարևոր կետեր կարելի է առանձնացնել Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածից.

Առաջին, Նիկոլ Փաշինյանը առաջնորդվել է ոչ թե նախկինների թողած բանակցային ժառանգությամբ, այլ իր պատկերացումների շարադրանքով:

Երկրորդ, ձախողվել է Փաշինյանի թեզը, որ ԼՂ հարցի կարգավորման որևէ լուծում կարող է ընդունելի լինել Արցախի ժողովրդի, ՀՀ-ի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

Երրորդ, Նիկոլ Փաշինյանը կարող էր կանխել պատերազմը, և, որ պատերազմից հետո ունեցանք ավելի աղետալի իրավիճակ:

Չորրորդ, տարածքների խաղաղ հանձնումը անուղղակի չի բացառել, նաև՝ Շուռնուխի մատույցներում պատերազմը: Այսինքն, Սյունիքի որոշ տարածքների խաղաղ հանձնմամբ իբր կանխել է Շուռնուխի մատույցներում պատերազմը: Ինչը, իհարկե, այդպես չէ, եթե հաշվի առնենք պատերազմից հետո ադրբեջանական առաջխաղացումները մասնավորապես Սյունիքի ուղղությամբ, որը Սյունիքը կտրելու Ադրբեջանի քաղաքականության շրջանակում է և դեռ ուժի մեջ է:

Հինգերորդ, հասարակությունը չի տիրապետել բավարար տեղեկության, այսինքն, Նիկոլ Փաշինյանը պատերազմը կանխել-չկանխելու որոշում կայացրել է իր ունեցած տեղեկության հիման վրա: Սա, ըստ էության, հակասում է Փաշինյանի՝ անցած տարի Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարությանը՝ «հրամանատարներից հրամաններ են եղել, որ ես չեմ կարողանում հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես»: Նիկոլ Փաշինյանը նման ձևակերպում արել է պատերազմի այլ ելք ունենալու հնարավորության վերաբերյալ ինքնախոստովանության համատեքստում:

Վեցերորդ, Նիկոլ Փաշինյանը պահի թելադրանքով, առանց երկար դիվանագիտական, ռազմաքաղաքական հաշվարկներ անելու՝ կարող է դառնալ ռուսամետ կամ հակառակը:

Յոթերորդ, 2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Արցախի կարգավորման իր տեսլականը համաձայնեցրել է Արցախի իշխանությունների հետ: Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն աստիճանաբար շեղվել է այդ ժամանակ ներկայացվածից՝ Արցախը չի դարձել բանակցային կողմ, Մադրիդյան սկզբունքները պետք է ունենան միասնական մեկնաբանություն, որովհետև Ադրբեջանն այն յուրովի է մեկնաբանում, Հայաստանը՝ յուրովի: Այլ հարց է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի, Արցախի իշխանությունները համաձայն են եղել, որ հասարակություններին պիտի պատրաստել խաղաղության, և, որ ԼՂ հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել հակամարտության բոլոր կողմերի համար: Այս հարցին արդեն Արցախի 2019-ին պաշտոնավարած իշխանությունը պիտի պատասխանի: Պատասխանելու բան ունի նաև Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին՝ 2020-ի հոկտեմբերի 11-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր՝ «եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը` խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին` ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին»:

Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին նման առաջարկեց արեց և մերժվեց, թե՞ չի էլ արել:

Մենք մի քանի անգամ փորձել ենք ստանալ այս հարցի պատասխանը, սակայն, Արցախի նախագահական ապարատը նպատակահարմար է գտել դրան չպատասխանել: Մինչդեռ սա կարևոր հարց է, և այս օրերին ոչ պակաս կարևոր է դրա հրապարակավ պատասխանը:

Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի հոդվածում հիշատակված բանակցային բանակցային ժառանգությանը և նախկինների օրոք արված ռուսական կողմի առաջարկներին, մի քանի հիշեցում անենք:

2021-ի փետրվարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր փետրվարյան հարցազրույցում, ներկայացնելով Լավրովյան պլանը՝ ասել էր, որ Կազանյան փաստաթղթի Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակը Լավրովն առաջարկել էր համանախագահների անունով: Ըստ նրա, դա ենթադրում էր, որ Ադրբեջանը ճանաչում է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ բնակչությունը՝ առանց որևէ ժամկետային սահմանափակումների։

«Բայց այդպես պետք է լինի՝ Ադրբեջանը դա պետք է ընդունի, միջազգային հանրությունը դա պետք է հաստատի։ Այդ պարագայում ես նորից վերադառնում եմ ՀՀ, իմ թիմակիցներին համոզում եմ, որ այսպիսի լուծման կամ կիսալուծման պարագայում մենք պարտավոր ենք Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, ունենալ ԼՂ միջանկյալ կարգավիճակ, իսկ այդ միջանկյալ կարգավիճակի մասին ես ասացի, այնուհետև նույն պրոցեսը՝ ԼՂ, մարտական ընկերներ, Ղարաբաղի իշխանություններ։»,- ասել էր Սարգսյանը, բացառելով այն տարբերակը, թե ադրբեջանցիները կարող էին երբեք չճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: ՀՀ երրորդ նախագահի խոսքով, այդ տարբերակը բացառվում էր, որովհետև այդ դեպքում ադրբեջանցիները երբեք հետ չէին ստանալու ո՛չ Լաչինը, ո՛չ Քարվաճառը։

«Այսինքն՝ այդ տարբերակի ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ Լաչինի և Քարվաճառի՝ Ադրբեջանին վերադարձնելու ժամկետը շատ սերտորեն կապակցված էր ԼՂ անկախության մասին հանրաքվե անցկացնելու հետ»,- պարզաբանել էր Սարգսյանը, շարունակելով, որ ոչ միայն պատրաստ էր ստորագրել, այլ բացառապես համաձայնել էր մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնի այդ տարբերակը։

ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը 2020-ի հոկտեմբերին հրապարակված իր հոդվածում նշում է, որ համանախագահների առաջարկած և կողմերի միջև բանակցությունների առարկա դարձած բոլոր աշխատանքային փաստաթղթերը ենթադրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության փաթեթային լուծում փուլային իրականացմամբ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցվածությամբ, այդ թվում՝ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հստակեցումը քվեարկության միջոցով՝ ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտումն արտացոլող և միջազգային իրավական պարտադիր բնույթ ունեցող, և ֆիքսվում էր, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումը չի սահմանափակվելու ոչնչով՝ նախատեսելով ցանկացած կարգավիճակ ընտրելու հնարավորություն։

Ըստ Նալբանդյանի՝ հայկական կողմն այս ողջ ընթացքում չի քննարկել հակամարտության կարգավորման որևէ աշխատանքային փաստաթուղթ, որը չի նախատեսում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում։ «Եվ պատահական չէ, որ ՀՀ ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- գրել էր նա:

ՀՀ նախկին արտգործնախարարը նշում է, որ համանախագահ երկրները հետագա բոլոր տարիների ընթացքում իրենց հայտարարություններում բազմիցս ընդգծել են հենց այդ 3 սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառության բացառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք, հիման վրա հակամարտության կարգավորման կարևորությունը: Իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիշատակման մասին համանախագահները «մոռացել են» միայն Փաշինյանի իշխանության օրոք:

Նույն ժամանակահատվածում ռուսական առաջարկները մանրամասնել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների բովանդակությունն արդեն հայտնի է. դա փուլային, աստիճանաբար Ղարաբաղի շուրջ տարածքների ազատումն է՝ Լեռնային Ղարաբաղին անվտանգության երաշխիքների տրամադրմամբ, և մինչ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ապահովելով հուսալի կապ Ղարաբաղի ու Հայաստանի միջև։ Այս սխեման քաջ հայտնի է»,- նշել էր ՌԴ ԱԳ նախարարը՝ շարունակելով, որ պետք է օգնեն ակտիվացնել քաղաքական գործընթացը՝ զուգահեռ հողի վրա անվտանգության հարցերը լուծելով։

Ըստ նրա, բոլոր պայմանավորվածությունները, որոնք վերջին շրջանում են քննարկվել և որոնք լրջորեն են ընկալվել կողմերի կողմից, առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում՝ 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման հարցը։

«Իսկ առաջին փուլում, բացի 5 շրջանների վերադարձից, կբացվեն բոլոր կոմունիկացիաները, տնտեսական, տրանսպորտային կոնտակտները, և կտեղակայվեն խաղաղապահներ, որոնք կերաշխավորեն, որ ռազմական գործողություններ չեն վերսկսվի»,- հավելել էր Լավրովը:

Նիկոլ Փաշինյանի պնդումները հերքող փաստերի շարքը կարելի է շարունակել, այսքանով չի սահմանափակվում:

Այսինքն, «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձևի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, ով ժամանակին դժգոհում էր «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզից: Հետո առաջարկեց «Անջատում՝ հանուն փրկության» թեզը… պարզ չէ, սակայն, թե ումից անջատում և հանուն ում փրկության նկատի ուներ Փաշինյանը:

Արդյունքում մենք հասանք մի հանգրվանի, երբ կորցրեցինք տարածքներ՝ չունենալով խաղաղություն՝ չնայած շարունակում ենք ինքներս մեզ համոզել, թե «խաղաղության դարաշրջան» ձախողված տեսլականը իրատեսական է և կենսական ՀՀ-ի և Արցախի անվտանգային շահերի տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս