«Բնակիչների շրջանում չեմ լսել, որ մեկը տրտնջա, դժգոհի, ասի՝ ճանապարհը բացեն՝ ես գնալու եմ. չկա նման բան». Կիչանի գյուղապետ

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան գյուղը, որը պատերազմից հետո մշտապես թշնամու թիրախում է եղել, այսօր էլ շարունակում է դիմակայել նրա սադրանքներին՝ արդեն Ադրբեջանի կողմից շրջափակված վիճակում։

168.am-ի հետ զրույցում Կիչանի գյուղապետ Արտո Հակոբյանն ասաց, որ բնակիչները թշնամու սադրանքներին սովոր են, այս ամենը նրանց համար սպասելի էր, սակայն արդեն չեն պատրաստվում այդ ամենը հանդուրժել։

«Գյուղում դեռ կարողանում ենք եղած խնդիրները լուծել։ Բնականաբար, Լաչինի միջանցքի փակ լինելը տարբեր խնդիրներ է ստեղծում բոլորիս համար, բայց դեռ այնպես է, որ կարողանում ենք խնդիրը լուծել, չգիտեմ՝ որքան այսպես կշարունակվի, ու մենք որքան ի վիճակի կլինենք առաջ գնալու»,- նշեց Կիչանի գյուղապետը։

Ըստ Կիչանի գյուղապետի, պատերազմից հետո թշնամու սադրանքներն ամենօրյա բնույթ են կրում, և Լաչինի միջանցքի փակումը այդ սադրանքների տրամաբանական շարունակություն է, որը նաև ռուս խաղաղապահների դեմ է ուղղված։

Կարդացեք նաև

«Մենք մեր ցանքսը դադարներով ենք արել, որովհետև թշնամին մշտապես կրակում էր, վարելահողերի մեծ մասը չենք ցանել նրա կրակոցների պատճառով։ Հիմա չգիտենք՝ մեր ցանած ցորենը թույլ կտա՞ քաղենք, թե՞ չէ, 32 հեկտար ցանած ցորեն ունենք»,- հավելեց Արտո Հակոբյանը։

Կիչանի գյուղապետը նաև շեշտեց, որ բնակչության շրջանում որևէ խուճապ չկա, քանի որ հասկանում են՝ խուճապի մատնվելով՝ որևէ հարց չեն լուծի։

«Մեր դպրոցականներն ուզում են ամանորյա հանդես կազմակերպել, փորձերն ակումբում են անում։ Սա էլ է պետք, թշնամու ոչ մի գործողություն մեզ չպետք է մեր ծրագրերից հետ պահի։ Ես դեռ իմ բնակիչների շրջանում չեմ լսել, որ մեկը տրտնջա, դժգոհի, ասի՝ ճանապարհը բացեցին՝ ես գնալու եմ, չկա նման բան։ Ոչ մեկս էլ գնալու տեղ չունենք, այստեղ է մեր հայրենիքը»

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4-ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մեկ հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը մահացել է։

Տեսանյութեր

Լրահոս