«ՀՀ իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու նման քայլ չեն ձեռնարկել և ՄԱԿ-ի ԱԽ անդամներին չեն ներկայացրել նախագիծ քվեարկությանը դնելու առաջարկով». Զուրաբյան
ՀԱԿ խոսնակ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի «Կանոնակարգի միջանկյալ դրույթների» VI գլխի 38 դրույթի համաձայն, ՄԱԿ-ի որեւէ անդամ, որ հրավիրվել է ԱԽ նիստին մասնակցելու ՄԱԿ-ի խարտիայի 32 հոդվածի համապատասխան (այսինքն, անդամ պետություն է, որը քննարկվող վեճի կողմ է), կարող է ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի նախագիծ, որը կարող է քննարկման դրվել Անվտանգության խորհրդի անդամ պետության կողմից:
Բոլորս տեսանք, որ Լաչինի միջանցքի արգելափակման քննարկման նիստում ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունների միջեւ ձեւվավորվել էր կոնսենսուս այդ արգելափակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Նման կոնսենսուսի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը կարող էր նախաձեռնել համապատասխան բանաձեւի ընդունում, ինչը, եթե հաջողվեր, բավականին լուրջ քաղաքական եւ իրավական հիմքեր կստեղծեր Լաչինի միջանցքի վերագործարկման համար:
Ցանկանում եմ հիշեցնել, որ ՄԱԿ-ի ԱԽ բանձեւերը միջազգային իրավունքի տեսակետից ամենածանրակշիռ իրավական ուժ ունեցող փաստաթղթեր են:
Հայաստանի իշխանությունները պետք է բացատրեն մեր հանրությանը, թե ինչու նման քայլ չեն ձեռնարկել եւ ՄԱԿ-ի ԱԽ անդամներին չեն ներկայացրել նախագիծ քվեարկությանը դնելու առաջարկով»: