Տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը միջանցքի բացման բանավոր խոստում է տվել որևէ մեկի. Փաշինյան
Ադրբեջանը կոպտորեն և խրոնիկ կերպով խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ օկուպացնելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքները 2021 թվականի մայիսի 11-ից ի վեր։
Այսպես ներկայացրեց և գնահատեց Ադրբեջանի գործողությունները Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 15-ի Կառավարության նիստի մեկնարկին, ապա ընդգծեց՝ Ադրբեջանը խախտում է նաև եռակողմ հայտարարության 3-րդ կետը, որով ԼՂ-ում ձևավորվում է շփման գիծ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության ներքո, ինչը փաստում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն ունի։
«Ադրբեջանի շարունակական պնդումները, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, նույնպես եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են»,- ընդգծեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը խախտում է նաև ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ սահմանած 7-րդ կետը, ինչի հետևանքով փախստականները չեն վերադարձել իրենց բնակության վայրեր, իսկ ՄԱԿ-ից ներկայացուցիչները չեն կարողանում մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի ստեղծած խոչընդոտների պատճառով։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի բարձրաձայնած միջանցքի խնդրին, ապա, ըստ Փաշինյանի, Հայաստանի իշխանությունը որևէ խոստում չի տվել՝ գրավոր թե բանավոր, միջանցքի բացման նպատակով։
«Բազմիցս եմ ասել՝ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյություն նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարությունը չի նախատեսում. նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ։ Բնականաբար, անհեթեթ են կամ տգետ բոլոր այն պնդումները, թե Հայաստանը միջանցքի բացման բանավոր խոստում է տվել որևէ մեկի»,- հայտարարեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում