Այս ամենը կանխելու համար մեզ դիվանագիտություն և խելք է պետք. Փիթեր Ջեմ

«Գազն անջատելը, այն էլ ձմռանը՝ դեմ է մարդկային իրավունքներին, ճանապարհ փակելն ու ժողովրդին հումանիտար աղետի առջև կանգնեցնելը՝ ևս: ԱՄՆ-ում  Հայ դատի ընդհանուր մարմինը շատ ակտիվ է և մարդու իրավունքներին առնչվող տարբեր կազմակերպությունների հետ աշխատանքներ  է տանում՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը փակելու, Արցախի գազամատակարարումը դադարեցնելու հարցերը բարձրաձայնելու, անմարդկային այս քայլերը դատապարտելու և կանխելու ուղղությամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ երաժիշտ, երգահան, ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Փիթեր Ջամբազյանը՝ Փիթեր Ջեմը:

Նրա կարծիքով՝ խնդրի լուծումը մակերեսորեն չպետք է լինի:

«Ինչպես  անտեսել ենք Նախիջևանը, Արարատը, մեր պատմությունը, այնպես էլ՝ վախենամ, Արցախն անտեսենք: Սա մեծ ցավով եմ ասում, բայց փաստերն աչքերիս առջև են. 1994 թվականից ունեինք տարածքներ՝ մինչև 2020 թվականը:

Իրավունքը պաշտպանում ես ուժով, իսկ ուժը որոշվում է խելքով: Միշտ ասել եմ, որ միայն զենքով կա հայոց փրկություն, բայց զենքն առանց խելքի վնաս է: Հիմա երկրին փող է պետք, արդիական զենքեր պետք է գնել: Առանց փողի չես կարող պատերազմել:

Կարդացեք նաև

Մինչ օրս ՀՀ գերեվարված քաղաքացիներ ունենք Ադրբեջանի բանտերում: Անհրաժեշտ է բազմակողմանիորեն աշխատել, տարբեր ձևերով խնդիրը լուծել:

Կարծում եմ՝ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է ժողով անեն՝ լուծում գտնեն, այլապես նոր պատերազմ կլինի, իսկ դա շատ ցավալի է: Դրանից հետո էլի գնալու ենք մարդու իրավունքների պաշտպանության ատյաններ: Հետևաբար՝ այս ամենը կանխելու համար մեզ դիվանագիտություն և խելք է պետք»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Դեկտեմբերի 13-ի երեկոյից ադրբեջանական կողմը խափանել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Տեսանյութեր

Լրահոս