Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մեջ մեծ է նաև ադրբեջանական գործոնը. Սիրանուշ Սահակյան
Հայաստանն ու Հունգարիան պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները. Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։
Հայ-հունգարական հարաբերությունները խզվել էին ադրբեջանահունգարական սկանդալային գործարքի պատճառով, որի հետևանքով Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը հայտնվել էր Ադրբեջանում:
2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին հանձնել էր Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար, բայց նույն օրը նրան ներում էր շնորհվել, ավելին՝ նա հերոսացվել էր: Արտահանձնման որոշումից հետո Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին:
168.am-ը ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ ք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին քննարկումներից առաջ անհրաժեշտություն չկար, որ Հունգարիան Ադրբեջանի առաջ դներ հունգարական դատարանի դատավճռի անվերապահ կատարման պահանջը:
Փաստաբանն ի պատասխան՝ մանրամասնեց. «Հստակ է, թե ինչու կասեցվեցին հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները. պատճառը Սաֆարովի արտահանձնումն էր: Այդ առումով կա նաև ՄԻԵԴ դատական ակտ, բայց դրա կատարման պատասխանատուն Ադրբեջանն է, ուստի հարաբերությունների վերականգնման տեսանկյունից պայման դնել միայն Հունգարիայի իշխանություններին, որոնք այս փուլում չեն կարող ինքնուրույն գործել և ապահովել վճռի կատարումը՝ առանց ադրբեջանական իշխանությունների հետ համագործակցելու, արդյունավետ չէ և արդարացված չէ»:
Սիրանուշ Սահակյանն ուշադրություն հրավիրեց Հունգարիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման իրական մտադրությունների վրա:
«Հիշենք՝ հունգարական կողմի միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ են հայրենադարձվել, ինչն արդեն իսկ այդ փուլում ինձ պատահական չթվաց, քանի որ ադրբեջանահունգարական գործընկերությունը բավականին բարձր մակարդակի է: Ադրբեջանի իշխանությունները հսկայական ներդրումներ ունեն՝ ինչպես Հունգարիայի տնտեսության մեջ, այնպես էլ՝ շատ հունգարացի բարձր պաշտոնյաների անձնական կապիտալում: Զուտ Հունգարիայի ընկած վարկանիշը բարձրացնելու նպատակով ադրբեջանցիները համագործակցեցին հենց Հունգարիայի հետ, որն ամենևին էլ հետաքրքրված չէր Հայաստանի կենսական շահերով, և նրանց միջնորդությամբ հայրենադարձրեցին՝ կշիռ տալով հունգարական իշխանություններին: Այս ընդհանուր քաղաքական զարգացումների ֆոնին պետք է դիտարկել դիվանագիտական կասեցված հարաբերությունների վերականգնումը, այստեղ մեծ է նաև ադրբեջանական գործոնը»,- պարզաբանեց նա:
Հիշեցնենք՝ Ռամիլ Սաֆարովին հայրենիք արտահանձնելուց հետո տարբեր աղբյուրներ հրապարակեցին տեղեկություններ, որ Հունգարիայի որոշման նախօրեին Ադրբեջանը երկու միլիոն դոլարի հունգարական պետական պարտատոմսեր է գնել:
Ի դեպ, 2021 թվականի դեկտեմբերի 29-ին հայ ռազմագերիների վերադարձի միջնորդությունը Բուդապեշտի առաջին ցուցադրական ուղերձը չէր Երևանին. նույն օրերին հայտնի դարձավ, որ Հունգարիան կորոնավիրուսի դեմ 100 հազար դեղաչափով պատվաստանյութ է ուղարկել Հայաստան: