Հայաստանը և ԱՄԷ-ն կառուցել են ամուր և դինամիկ զարգացող համագործակցություն․ Երևանում նշվեց ԱՄԷ ազգային տոնը

Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները նկատելիորեն զարգացել են վերջին տարիներին․ արձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններն ու հանդիպումները բարձրացրել են միջազգային համագործակցության մակարդակը։ ԱՄԷ-ի ազգային օրվա առթիվ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության կազմակերպած ընդունելության ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալսալամին։

«Հատկապես ակտիվորեն զարգանում են տնտեսական հարաբերությունները։ 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը գնահատվել է 317 միլիոն դոլար։ Ի հավելումն դրան, զգալիորեն ավելացել են էմիրաթցի զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան, քանի որ շաբաթական միջինը 14 չվերթ է իրականացվում Աբու Դաբիից, Դուբայից և Շարժայից Fly Dubai, Air Arabia և Wizz ավիաընկերությունների կողմից»,- նշեց դիվանագետը։

Նրա խոսքով՝ վերջին երկու տարիները հատկապես նշանակալի են էմիրաթական ներդրումների առումով։ 2021 թվականին Մասդար ընկերությունը ANIF-ի հետ համատեղ սկսել է խոշոր ներդրումային ծրագիր՝ նպատակ ունենալով Արագածոտնի մարզում կառուցել 200 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան։ Բացի սրանից, Air Arabia-ի և Anif-ի համագործակցության արդյունքում ստեղծվել է Fly Arna հայկական ազգային ավիաընկերությունը։

«Այս առումով, օգտվելով առիթից, ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և մեր հայ գործընկերներին՝ մեր երկրների միջև համագործակցության ամրապնդման և երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված շարունակական ջանքերի համար»,- նշեց դեսպանը։

Միջոցառման ընթացքում դիվանագետն անդրադարձ կատարեց նաև անցած 50 տարիների ընթացքում ԱՄԷ-ի ձեռքբերումներին։ «Իհարկե, շատ ձեռքբերումներ կան, որոնց մասին մենք կարող ենք նշել այս համատեքստում, սակայն առանձնացնենք մասնավորապես էմիրաթական առաջին առաքելության տիեզերք ուղարկելը, «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի հյուրընկալումը, Հռոմի պապին առաջին անգամ Արաբական թերակղզում ողջունելը և «Աբրահամյան համաձայնագրերի» ստորագրումը, ԱՄԷ-ն որպես Cop 28 համաժողովի հյուրընկալող երկիր ընտրվելը: Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են այն ամենի, թե ինչպես է ԱՄԷ-ն շարունակում զարմացնել նույնիսկ իր քաղաքացիներին։ ԱՄԷ-ի ղեկավարությունը ընդունել է «Առաջիկա 50 տարիների սկզբունքները»՝ որպես ռազմավարական ճանապարհային քարտեզ Էմիրությունների տնտեսական, քաղաքական, զարգացման և սոցիալական աճի նոր դարաշրջանի համար՝ միության հիմնասյուներն ամրապնդելու, կայուն տնտեսություն կառուցելու և բոլոր հնարավոր ռեսուրսները օգտագործելով ավելի բարեկեցիկ հասարակություն ստեղծելու նպատակով»,- նշեց Ալսալամին:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, շնորհավորելով Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային օրվա առթիվ, ընդգծեց, որ ԱՄ՜Է-ն ավանդաբար եղել է և շարունակում է մնալ տարածաշրջանում Հայաստանի կարևորագույն և հուսալի գործընկերներից մեկը, որի հետ Հայաստանը պատրաստ է խորացնել առկա համագործակցությունը։ «Հատկանշական է, որ հաջորդ տարի Հայաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Վերջին 2․5 տասնամյակի ընթացքում մեր երկրները կառուցել են ամուր և դինամիկ զարգացող բազմոլորտ համագործակցություն՝ որակապես նոր մակարդակի հասցնելով ինչպես միջպետական, այնպես էլ հայ և արաբ ժողովուրդների միջև դարերի պատմություն ունեցող բարիդրացիական հարաբերությունները։ Այս տարիների ընթացքում ծավալված հայ-էմիրթական փոխգործակցության շրջանակներում ուոզում եմ հատկապես առանձնացնել 2019 թվականին Հայաստանի և ԱՄԷ-ի կառավարությունների միջև Աբու Դաբիում կայացած առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Որպես հանձնաժողովի համանախագահ՝ համոզված եմ, որ 2023 թվականին նախատեսվող հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը ևս մեկ կարևոր խթան կհանդիսանա երկկողմ փոխգործակցության համար»,- ասաց փոխվարչապետը։

Նա ընդգծեց, որ ԱՄԷ-ն տարածաշրջանում Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է՝ նշելով, որ երկու երկրների միջև երկկողմ առևտրի ծավալները շարունակական աճ են արձանագրում, իսկ Հայաստանի տնտեսության մեջ գնալով ավելի նկատելի են դառնում էմիրաթական ներդրումները։ «Հայաստանի արտաքին առևտուրը ԱՄԷ-ի հետ 2022 թվականի 9 ամիսների ընթացքում 2021 թվականի ցուցանիշների համեմատ աճել է ավելի քան 3․5 անգամ»,- նշեց Համբարձում Մաթևոսյանը։

ՀՀ փոխվարչապետը հավելեց, որ երկու երկրները շարունակաբար խորացնում են համագործակցությունը նաև զբոսաշրջության ոլորտում, ինչն էական նշանակություն ունի երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչողության, երկկողմ վստահության ամրապնդման գործում։ Երկու ուղղությունների միջև արդեն իսկ առկա են շաբաթական շուրջ 2 տասնյակ չվերթներ։ Էմիրաթցի զբոսաշրջիկները Հայաստան են այցելում առանց մուտքի արտոնագրի, և հուսով եմ, որ մոտ ապագայում հայ զբոսաշրջիկները ևս նույն պայմաններով ԱՄԷ այցելելու հնարավորություն կունենան»,- ընդգծեց նա։

Փոխվարչապետը հայ-էմիրաթական հարաբերությունների համատեքստում հատուկ հիշատակման արժանի համարեց ԱՄԷ-ի հայ համայնքի դերը։ «ԱՄԷ-ի կազմավորումից ի վեր՝ մեծաթիվ հայեր ապրել և արարել են այդ երկրում՝ իրենց ներդրումն ունենալով Էմիրությունների բարգավաճման գործում։ Մենք երախտապարտ ենք ԱՄԷ-ի իշխանություններին էմիրաթահայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար»,- եզրափակեց Մաթևոսյանը։

ԱՄԷ ազգային օրվա առթիվ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության կազմակերպած ընդունելությանը ներկա էին կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Տեսանյութեր

Լրահոս