Եղիշե Չարենցի դստեր հոբելյանի առթիվ գրողի տուն-թանգարանում բացվեց «Արփենիկ Չարենց-90» ցուցահանդեսը

Եղիշե Չարենցի ավագ դստեր Արփենիկ Չարենցի ծննդյան 90-ամյակի առթիվ նոյեմբերի 28-ին գրողի տուն-թանգարանում բացվեց «Արփենիկ Չարենց-90» ցուցահանդեսը: Ցուցադրությանը ներկայացված են Արփենիկի լուսանկարները՝ մանկությունից մինչև հասուն տարիք, ինչպես նաև նրա գրքերն ու անձնական իրերը:

Արփենիկ Չարենցի որդի Արմեն Չարենցի խոսքով՝ մայրն ամբողջ կյանքը նվիրել է Եղիշե Չարենցի գրական ժառանգության պահպանմանն ու հանրահչռակմանը:

«Անգամ մեր ընտանիքի կյանքը բաժանվել էր երկու մասի. մի մասը մայրս իր զավակներին էր նվիրել, մյուս մասը՝ հոր հիշատակին: Մենք խանդով չէինք վերաբերվում դրան: Հետո հասկացա, որ Չարենցը նրան բաց չէր թողնում, և նա մինչև կյանքի վերջը խոսում էր հոր հետ: Չարենցյան ժառանգությունը ոչ միայն ֆիզիկական էր, այլև հոգևոր: Մայրս այլ կերպ էր ընկալում այն»,-նշեց նա:

Արմեն Չարենցը պատմեց՝ մայրը շատ է մտահոգվել Եղիշե Չարենցի թողած ժառանգության ապագայի համար և պարբերաբար դիմել է պատկան մարմիններին, որպեսզի աջակցեն ու տարածք տրամադրեն դրանք պատշաճ պահպանելու և ներկայացնելու նպատակով: Այն իրերը, որոնք պահվել են Արփենիկ Չարենցի տանը, հետագայում տեղ են գտել Չարենցի տուն-թանգարանում:

Արմեն Չարենցը տուն-թանգարանի ցուցանմուշները հարստացրեց՝ կառույցին հանձնելով Չարենցի մի ձեռագիր՝ նվիրված Արփենիկ Չարենցին և Գաբրիել Սունդուկյանի գրքերից մեկը, որը հեղինակը նվիրել է իր դստերը, իսկ հետո այն հայտնվել է Չարենցի մոտ, որն էլ գիրքը նվիրել է Արփենիկին:

Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը պատմեց՝ երբ ծնվել է Արփենիկը, Չարենցը շատ-շատ ուրախ է եղել ու պաշտել է նրան: «Դստեր անունը դրեց Արփենիկ՝ իր առաջին կնոջ՝ վաղամեռիկ Արփենիկ Տեր-Աստվածատրյանի պատվին, սակայն նրան անվանում էր «բոժիկ». այդպես էր կանչում, այսինքն՝ աստվածիկ, իր փոքր աստվածուհին էր համարում Արփենիկին, որին շատ բանաստեղծություններ է նվիրել»,-նշեց Գոհար Չարենցը:

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև «Չարենցի աղոթքները» վերահրատարակված գրքի շնորհանդեսը: Գրքի վերահրատարակումը նախաձեռնել է ֆիզմաթ գիտությունների թեկնածու Խորեն Քոթանջյանը:

Տեսանյութեր

Լրահոս