Բաժիններ՝

«Այս երկիրն ինձ համար ամենակարևորն ու զորեղն է. իմ կտավների միջոցով փորձել եմ հույս փոխանցել մեր երկրին ու ազգին». Գեղանկարչուհի

Նոյեմբերի 18-24-ը Փյունիկ զարգացման կենտրոնում ներկայացվեցին գեղանկարչուհի, Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան 82 հիմնական դպրոցի ուսուցչուհի Մարինե Ասատրյանի գեղանկարները։

«Հայաստանն իմ աչքերով» անհատական ցուցահանդեսում նկարչուհին հավաքել էր շուրջ 20 աշխատանք, որոնցում պատկերված էին եկեղեցիներ, խաչքարեր, հայրենի բնություն, վայրի ծաղիկներ, նատյուրմորտներ։

«Այս աշխատանքները հիմնականում կատարել եմ տվյալ վայրում, որոշ աշխատանքներ էլ ստեղծել եմ արվեստանոցային պայմաններում։

Իմ ոգեշնչման հիմնական աղբյուրը բնությունն է, հիմա չեմ պատկերացնում կյանքս՝ առանց ստեղծագործելու։

Ինչո՞ւ եմ ընտրել հենց եկեղեցիները, մեր երկիրն անընդատ պատերազմներ է տեսել տարբեր ժամանակահատվածներում, իմ կտավների միջոցով փորձել եմ Աստծո ներկայությունը, հույսը, ջերմությունը փոխանցել մեր երկրին ու ազգին»,- 168.am հետ զրույցում ասաց Մարինե Ասատրյանը։

Հայաստանը Մարինեի աչքերով՝ լուսավոր, արևոտ, ջերմությամբ լի երկիր է, և այդպես էլ փորձել է փոխանցել կտավին։

«Այս երկիրն ինձ համար ամենակարևորն ու զորեղն է, չնայած անընդհատ պատերազմ ու արհավիրքներ ենք տեսնում։ Իմ կտավներում դեղին գույնը գերակշռում է, հենց դրանով արևի լույսն ու ջերմությունն եմ ուզում փոխանցել։ Իմ կտավներում հայրենիքս ծաղկուն է»,- հավելեց գեղանկարչուհին։

Մարինե Ասատրյանի՝ նկարչուհի դառնալու ճանապարհը հետաքրքիր է եղել, ի սկզբանե ծնողներն ուղարկել են  դաշնամուրի դասերի, սակայն ծնողներից գաղտնի գնացել է կերպարվեստի դասարան, միայն ավարտելուց հետո են ծնողներն իմացել այդ մասին։

«Երբ ընդունվեցի դաշնամուրի դասարան, մեկ ամիս սովորելուց հետո, դպրոցի միջանցքով անցնելիս՝ տեսա ցուցահանդես էր, գեղեցիկ նկարները կախված, այդ ժամանակ հասկացա, որ պետք է նկարեմ, ոչ թե դաշնամուր նվագեմ։ Դպրոցի տնօրենը հորեղբայրս էր, նրանից էլ խնդրեցի նկարչական նյութեր ու սկսեցի նկարել։ Երբ տարին ավարտվել էր, հայրիկս հորեղբորիցս հետաքրքրվել էր իմ առաջադիմության վերաբերյալ, այդ ժամանակ էլ իմացել էր, որ դաշնամուր նվագելը  փոխել եմ նկարչության հետ։ Այդպես իմ գաղտնիքը բացահայտվեց, շարունակեցի նկարելը, որովհետև հատկապես այդ տարիքում ինձ համար անչափ հետաքրքիր էր այդ գունեղ աշխարհը»,- պատմեց նկարչուհին։

Մարինե Աստարյանի համար ստեղծագործական այս շրջանն ու առաջին անհատական ցուցահանդեսը մեկ այլ առանձնահատկություն էլ ուներ՝ սպասում է իր առաջնեկին: Մեզ հետ զրույցի ընթացքում Մարինեն անկեծորեն պատմեց, որ  ստեղծագործելիս նաև փոքրիկն է իրեն ոգեշնչել է ու բոլորովին այլ տրամադրություն փոխանցել,  ուստի հույզերն ավելի վառ պատկերներով էր փոխանցում կտավներին:  Ու հիմա Մարինեն մեկ այլ երազանք էլ ունի.

«Երեխայի ծնվելուց անմիջապես հետո  ստեղծագործությունները կներկայացնեմ նաև Վայոց ձորում՝ Եղեգնաձոր քաղաքում։ Թե դրանից հետո որտեղ կլինի ցուցահանդես, այս պահին չեմ կարող ասել»։

Տեսանյութեր

Լրահոս