«ԱԱԾ-ում որոշ հասկացություններ արդիական չեն, դրանք կվերացվեն». ԱԱԾ տնօրենի տեղակալ
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում էր Կառավարության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն ասաց՝ օրինագծերի ընդունման կարևորությունն ու հրատապությունը պայմանավորված է ազգային անվտանգության մարմիններում կադրերի հնարավոր արտահոսքը կանխելու, կադրային քաղաքականության արդյունավետությունը և ծառայության որակը բարելավելու, գործնականում առաջացող խնդիրներին լուծում տալու, ինչպես նաև օրենքներում կիրառվող հասկացությունները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
«Առաջարկվում է վերանայել ազգային անվտանգության մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը։ Ներկայումս ենթասպայական և սպայական կազմի մինչև փոխգնդապետ կոչում ունեցողների համար՝ 50, իսկ գնդապետի համար՝ 55 տարեկանը էապես ցածր է զինվորական և դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներում նախատեսված սահմանային տարիքից։
Նախագծով, ազգային անվտանգության մարմիններում ծառայողների, բացառությամբ բարձրագույն սպայական կազմի, սահմանային տարիքը նախատեսվում է ավելացնել 2 տարով, միաժամանակ հաշվի առնելով բժշկական բնույթի մասնագիտական պաշտոնների համալրման առանձնահատկությունները՝ առաջարկվում է նախատեսել նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը 5 տարվա փոխարեն՝ 10 տարով երկարաձգելու հնարավորություն։
Օրինագծերով առաջարկվում է հստակեցնել ԱԱԾ լիազորությունները տեղեկատվական անվտանգության ապահովման հետ կապված աշխատանքներն իրականացնելիս։
Ազգային անվտանգության մարմիններում ծառայության և կադրային քաղաքականությանն առնչվող կարգավորումների վերլուծության արդյունքում, օրինագծերով առաջարկվում է վերանայել այս ոլորտում որոշ կարգավորումներ։ Մասնավորապես՝ ԱԱԾ տնօրենին իրավունք է վերապահվում ծառայությունից արձակելու նաև դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող, ոչ արդարացնող հիմքերով։ Ոստիկանությունում, դատախազությունում և քննչական մարմիններում նման կարգավորումներ առկա են։
Նախատեսվում է ծառայողներին արտահերթ ատեստավորելու հնարավորություն ԱԱԾ ստորաբաժանումների ղեկավարների հիմնավորված զեկուցագրերի հիման վրա՝ ԱԱԾ տնօրենի որոշմամբ։ Արդյունքում՝ թափուր պաշտոններն առավել փորձառու և գրագետ ծառայողներով համալրելու, ինչպես նաև ծառայողի մասնագիտական ունակությունները գնահատելու և զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը որոշելու համար հնարավոր կլինի ծառայողի ատեստավորումն իրականացնել արտահերթ, մինչև հերթական ատեստավորման համար օրենքով նախատեսված հնգամյա ժամկետի ավարտը, իսկ առանձին դեպքերում՝ ծառայողի առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով նաև տվյալ պաշտոնը 1 տարի զբաղեցնելուց ավելի շուտ։
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում կիրառվող որոշ հասկացություններ այլևս արդիական չեն, և ներկայացված նախագծերի նպատակն է նաև՝ վերացնել առկա անհամապատասխանությունները․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում