Հրթիռների գործով վերջին նիստին հետազոտվել են հրթիռների գնմանը վերաբերող փաստաթղթերը. դրանք մեղադրական առումով ոչինչ չեն հիմնավորում
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, Հակակոռուպցիոն դատարանում կայացել է հրթիռների գործով հերթական դատական նիստը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին հայտնեց, որ հետազոտվել են գրավոր ապացույցները, դրանք առավելապես գնման գործընթացին վերաբերող փաստաթղթեր են՝ զեկուցագրեր, պայմանագրեր, որոնց մի մասը՝ գաղտնիք ներկայացնող:
«Առևտրային փաստաթղթեր են՝ պայմանագիր, գնման հայտ, ընդունում-հանձնում, մատակարարման ավարտի մասին եզրակացություն և այլն, ինչպես նաև՝ հարցում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայություն: Այս ամենը մեղադրականում կա, բայց մեղադրական առումով ոչինչ չեն հիմնավորում»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ մնացել է միայն փորձագետի եզրակացության հետազոտումը, որից հետո մեղադրականում ներառված գրավոր ապացույցները կվերջանան:
Նշենք, որ մեկ տարի առաջ այս առնչությամբ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն ուշադրության արժանի էր համարել այն, որ ամբողջ քրեական գործում շրջանառվում են սպառազինության շահագործման և պահպանության ժամկետների վերաբերյալ ՀՀ-ում չգործող, ՀՀ օրենսդրությամբ չվավերացված և չնախատեսված իրավական ակտեր և փաստաթղթեր:
Այսինքն, դրանք ԽՍՀՄ և ՌԴ ներքին, ներպետական օգտագործման փաստաթղթեր են, որոնք երբեք չեն վավերացվել ՀՀ-ում և լավագույն դեպքում կարող են ունենալ զուտ խորհրդատվական նշանակություն:
Միաժամանակ տեղեկացվել էր, սպառազինության գնման գործարքից շատ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունում արձակվել է նախարարի համապատասխան հրաման, որով կարգավորվել են զինամթերքի պահպանության կամ շահագործման ժամկետների հետ կապված հարցերը, ինչն էլ դրվել է 2018 թվականին կատարված գնման հիմքում:
Ավելի ուշ՝ 2022-ի հունվարին, Դավիթ Տոնոյանը պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին, նշել էր, թե հիմք չուներ չընդունել կամ անտեսել ենթակա անձնակազմի՝ Գլխավոր շտաբի մասնագիտական և ոլորտի պատասխանատու կառույցների զեկույցները զինամթերքի շահագործման համար պիտանի լինելու, պահպանման և ծառայության ժամկետների երկարացման հնարավորության վերաբերյալ, հատկապես, երբ զինամթերքի արտադրող և բազմաթիվ այլ երկրներում երկարացումն այդ երկրներում գործող կարգերով կատարվել էր, և նույն տարեթվերի (1988-1991թթ.) արտադրության հրթիռները շահագործման մեջ էին:
Մեզ հետ զրույցում Դավիթ Տոնոյանի փաստաբանը վստահեցրեց, որ ունեն բավականին ապացույցներ, հակափաստարկներ, որոնք ներկայացրել են դատարանին և առաջարկելու են, որ դատարանը դրանք հետազոտի՝ հավելելով, որ շարունակելու են պնդել հրթիռների փորձաքննության պահանջը:
«Դրանք պաշտպանության կողմի գրավոր ապացույցներն են, որոնք վերաբերում են հրթիռի որակին, ժամկետին, պահանջարկի առկայությանը, գին և այլն»,- մանրամասնեց Սերգեյ Հովհաննիսյանը:
Դավիթ Տոնոյանի փաստաբանը հայտնեց նաև, որ ԶԼՄ-ների և ոչ մերձավոր հարազատների մասով պաշտպանության նախարարի տեսակցությունները դատարանի կողմից արգելվել են: Սա բողոքարկվել է Վերաքննիչ, բայց քննության չի առնվել:
Ի դեպ, վերջերս մամուլը գրել էր, որ հրթիռների գործով անցնող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, որը գտնվում էր Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Ստացիոնար բուժում է ստանում, իսկ թե ինչ խնդիր է նրա մոտ, դա բժշկական գաղտնիք է, իր համաձայնությունն էլ չունեմ, որ ասեմ։ Ներկա պահին իրեն վատ է զգում ու գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ»,- «Սպուտնիկ Արմենիային» ասել էր Գալստյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը:
Մեր տեղեկություններով, դատական վերջին նիստին միջնորդություն է ներկայացվել փոխել Ստեփան Գալստյանի խափանման միջոցը՝ պայմանավորված առողջական խնդիրներով, դատարանը փորձաքննություն է նշանակել: