Անորոշությունը շարունակվում է. տեղահանված արցախցիներին տրամադրվող բնակարանային սերտիֆիկատները, ի վերջո, կծառայե՞ն նպատակին

Արցախից տեղահանված բնակիչները պետության տրամադրած սերտիֆիկատներով բնակարաններ ձեռք բերելու հարցում կանգնած են մեծ խնդրի առջև։ Այս խնդրի մասին բարձրաձայնում են օգոստոսի 25-ից իրենց սեփական հողից տեղահանված Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղերի բնակիչները։

Տեղահանված այն բնակիչները, որոնք արդեն ստացել են սերտիֆիկատները, բանկերից մերժումներ են ստանում՝ հիփոթեքի գործարք չեն կատարում, քանի որ պահանջում են սեփականության, աշխատանքի վայրից փաստաթղթեր, ինչը, բնականաբար, տեղահանված բնակիչները չունեն։

168.am հետ զրույցում «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ նախագահ Կարինե Մովսիսյանն ասել էր, որ բացի նրանից, որ բանկերը սերտիֆիկատով գործարք չեն անում,  լինում են դեպքեր, երբ տունը շատ ցածր են գնահատում։ Օրինակ, գյուղում տունը, որն արժե 6 մլն դրամ, բանկը գնահատել է 4 մլն դրամ և հայտնել, որ 4 մլն դրամից ավելին չի կարող տրամադրել տեղահանված բնակչին։

Ի՞նչ քայլեր են իրականացնում պատկան մարմինները խնդրի լուծման համար, արդյո՞ք կբանակցեն բանկերի հետ, որպեսզի տեղահանված բնակիչներն իրենց ստացած սերտիֆիկատներով կարողանան բնակարաններ ձեռք բերել։

Կարդացեք նաև

168.amի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ քննարկումներ ընթանում են, բայց աշխատում են ճիշտ նույն սկզբունքով, ինչ  հիփոթեքի ձևաչափով բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում։

«Այսինքն՝ քաղաքացին պիտի դիմի բանկ, կարողանա բանկի միջոցով ստանալ հիփոթեքային վարկ, և հենց այդ փուլից պետությունը կկարողանա տրամադրել իր աջակցությունը։

Չեմ կարող նշել նախարարությունում քննարկումների ուղղությունները, բայց քանի որ այժմ սերտիֆիկատների տրամադրման ակտիվ փուլում ենք, դեռևս գործարքների կայացման գործընթացի վերաբերյալ պետք է քննարկվի,  թե ինչ բացթողումներ և ինչ բարեփոխությունների անհրաժեշտություն կա։ Նախարարությունն ունի լիազորություններ այնքանով, որքանով որ սերտիֆիկատի տրամադրումն է ենթադրում, որովհետև գործարքը տեղի է ունենում բանկի և քաղաքացու միջև։ Քանի որ ծրագրի նպատակը վերջնարդյունքում Արցախի մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելն է, մեր կողմից էլ գույքագրվում են խնդիրները՝ հասկանալու համար, թե դրանց ինչ լուծումներ կարող ենք տալ»,- նշեց Զառա Մանուչարյանը։

168.am-ի հետ զրույցում իրավաբան Մանուշ Եսայանն ասաց՝ որպեսզի պետությունը իր օրենսդրության համաձայն՝ մարդկանց տրամադրի բնակելի տարածք, տվյալ դեպքում՝ տուն, պետք է այդ մարդիկ որոշակի կարգավիճակ ստանան։

«Հայաստանում մենք ունենք օրենք, որը կոչվում է «Փախստականների և ապաստարանի» մասին, եթե վերցնենք փախստական եզրույթը, ապա Արցախից տեղահանվածներն այդ եզրույթի տակ որևէ կերպ չեն տեղավորվում։ Այսինքն՝ եթե մենք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Բաքվից, Սումգայիթից տեղահանվածներին կարողանում էինք հայ փախստական եզրույթի տակ տեղավորել  օրենքին համապատասխան, և պետությունը, իհարկե, երկար գործընթացներից հետո տրամադրում էր բնակարաններ, ապա արցախցիների դեպքում չենք կարող կիրառել նույնը։ Նրանք ունեն ՀՀ անձնագիր։ Օրենքում համապատսխան փոփոխություններ չեն կատարվել, և ամեն դեպքում չգիտեմ էլ՝ փոփոխություններ այս առումով օրենքում նախատեսո՞ւմ են, թե՞ ոչ»,- շեշտեց Մանուշ Եսայանը։

Իրավաբանի ունեցած տվյալներով, Արցախի Հանրապետությունում  այդ սերտիֆիկատներով տեղահանված բնակիչները գույք ձեռք բերելու հնարավորություն ունեն՝ բանկի կողմից արտոնյալ վարկավորման պայմաններով։

«Տեղեկություններ չունեմ, որ ՀՀ-ում այդ սերտիֆիկատներով իրենք իրավասու են և կարող են դիմել համապատասխան բանկերին և այդ բանկերից ստանալ վարկեր կամ համապատասխան գումարային փոխհատուցում՝ գույք ձեռք բերելու համար։ Այս առումով որևէ իրավական ակտի մասին տեղեկացված չեմ»,- շեշտեց նա։

Հարցին՝  այդ դեպքում կառավարության և բանկերի միջև կարո՞ղ է լինել ներքին որևէ կարգավորում, որպեսզի տեղահանվածները նման խնդիրների չբախվեն,  Մանուշ Եսայանը պատասխանեց, որ կառավարությունը կարող է, ինչը պետք է լինի որոշակի պետական աջակցության  ծրագրի շրջանակներում։

«Պետք է հասկանանք, որ բանկը պետությունից անկախ մարմին է, այն մասնավոր կառույց է, որը շահույթ է հետապնդում։ Հիմա, եթե բանկը հրաժարվում է  իր շահույթից,  այսինքն՝ այն շահույթը, որը բանկը քաղաքացուց չի ստանում, պետք է ստանա այլ կառույցից, այսինքն՝ պետությունից՝ ինչ-որ սուբսիդավորման և այլ ծրագրի շրջանակներում։ Եթե լինի նման ծրագիր, կարող է լինել պետություն-բանկ համագործակցություն, ինչպես գյուղատնտեսության ոլորտում ենք տեսել։ Սակայն ես ՀՀ-ում նման ծրագրի մասին տեղեկացված չեմ։ Եթե հարցը դիտարկենք ռազմավարական տեսանկյունից, ապա չեմ կարծում, որ նման ծրագիր մոտակա ժամանակաշրջանում կներդրվի, որովհետև կունենանք այն իրավիճակը, երբ Արցախից տեղահանվածները, ովքեր ունեն այդ սերտիֆիկատները, կտեղափոխվեն Հայաստան՝ համեմատաբար ավելի անվտանգ վայր, և ձեռք կբերեն գույք։ Այստեղ արդեն կառաջանա այլ՝ Արցախի հայաթափման խնդիրը։ Ենթադրում եմ՝ Հայաստանում նման որոշումներ չկայացնելու քողարկված նպատակը սա է»,- եզրափակեց Մանուշ Եսայանը։

Տեսանյութեր

Լրահոս