Բաժիններ՝

Ունեցողին ավելիով պիտի տրվի

«Իմացե՛ք,- ասաց նա,- ունեցողին ավելիով պիտի տրվի, իսկ չունեցողից պիտի վերցվի իր ունեցած ամենափոքր բաժինն էլ»:

Ղուկաս 19:11-28

Հիսուս Քրիստոս մի առակ է պատմում, թե ինչպես մի մարդ գնաց օտար աշխարհ, որպեսզի ստանա իր թագավորական իշխանությունը և վերադառնա իր երկիր: Կանչելով իր ծառաներից տասը հոգու՝ յուրաքանչյուրին տասը ոսկի տվեց և պատվիրեց, թե. «Շահեցե՛ք այս դրամը, մինչև վերադառնամ»: Համաքաղաքացիներն ատում էին նրան և պատգամավոր ուղարկելով` հայտնեցին, թե չեն ուզում, որ նա թագավոր դառնա իրենց վրա: Երբ այս ազնվականն իր թագավորությունը ստանձնած վերադարձավ, կանչեց ծառաներին, որոնց դրամ էր տվել, որպեսզի իմանա` ով ինչքան է շահել: Առաջինը եկավ և ասաց, որ նրա տվածի դիմաց շահել է ևս տասը դրամ: Տերը գովեց նրան և կառավարիչ կարգեց տասը քաղաքների վրա: Եկավ երկրորդը և հայտնեց, որ մեկի դիմաց հիգն է շահել: Տերը գովեց և, իբրև պարգև, հինգ քաղաքների վրա կառավարիչ կարգեց:

Եկավ երրորդը և ասաց. «Տե՛ր, ահա քո տված դրամը, այն ծրարած պահել էի թաշկինակի մեջ: Վախենում էի քեզնից, քանի որ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ քոնը չէ և հնձում ես, ինչ որ չես սերմանել»: Տերն ասաց. «Չա՛ր ծառա, քո խոսքերով եմ դատելու քեզ: Քանի որ գիտեիր խիստ մարդ եմ, հապա ինչո՞ւ դրամը շահարկողներին չտվեցիր, որ վերադարձիս տոկոսով պահանջեի»: Ապա սպասավորներին ասաց. «Վերցրեք սրանից դրամը և տվեք նրան, ով տասնապատիկն է շահել… իմացե՛ք,- ասաց նա,- ունեցողին ավելիով պիտի տրվի, իսկ չունեցողից պիտի վերցվի իր ունեցած ամենափոքր բաժինն էլ»:

Այս առակը մեր կյանքի և մահվան մասին է, ինչպես նաև` Քրիստոսի Երկրորդ գալստյան մասին, թե ինչպես պիտի ապրենք մեր կյանքը, որ մահից հետո առանց վախի կանգնենք Աստծո դատաստանի առաջ: Երբ Քրիստոս համբարձվեց երկինք, որպեսզի վերստանա Իր նախկին իշխանությունն ու փառքը, նախապես այս առակի ազնվականի օրինակով, չանտեսելով Իր ծառաներից և ոչ մեկին, պարգևներ բաշխեց: Ոչ ոք չմնաց առանց շնորհի, քանի որ Աստված ոչ մեկին չմոռացավ. միաժամանակ յուրաքանչյուրից պահանջեց Իր պարգևները բարիք ստեղծելու համար կիրառել: Տերը մեզանից հաշիվ է պահանջելու, թե ինչպե՞ս ենք օգտագործել Իր շնորհները: Ահա թե ինչին պիտի պատրաստվենք մեր կյանքի ընթացքում, որը և մեր կյանքի իմաստն է:

Առակի մեջ տեսնում ենք օրինակն այն ծույլ ծառայի, ով տիրոջ տվածը ծրարած պահում է, որ չկորցնի: Տերը վստահում է յուրաքանչյուրիս, ինչպես առակի մեջ՝ ազնվականը, ով ծառաներին տվեց հնարավորություն ազատորեն տնօրինելու իր ընծաները: Մենք այսօր ոչինչ չենք անում և մեր անգործությունը արդարացնում ենք՝ ասելով. «Ես մեծ գործեր կարող եմ անել, փոքր գործերը ինձ համար չեն»: Հիսուս փոքր թվացող գործերով զբաղվեց մինչ 30 տարեկան դառնալը: Նա հյուսն էր և Իր աշխատանքով օգնում էր ծնողներին: Հրաներին էլ Քրիստոս քննադատում էր նրա համար, որ ստացան օրենքը և ոչինչ չարեցին, այնինչ պետք էր իմաստավորել օրենքը՝ կատարելով օրենքի պահանջները ու բարիք ստեղծել:

Պատասխանատվությունն ու շնորհն անբաժանելի իրողություն են: Կարևոր չէ՝ ում ինչքան է տրված, կարևորը մեզ տրված շնորհները կիրառելն է և ստեղծարար կյանքով ապրելը: Կյանքի իմաստը բազմապատկելն է, բաշխելը: Այստեղ խնդիրը գումարի կամ շնորհի շատ կամ քիչ լինելը չէ, այլ հավատարմության, նվիրումի պակասն է, որ դատապարտվում է:

Հաճախ մարդիկ ասում են. «Ես ուզում եմ գտնել ինձ տրված շնորհը, բայց չեմ կարողանում»: Իրականում չենք կարողանում գտնել, քանի որ մեզ միայն հետաքրքիր է, թե ի՞նչ շնորհներ է մեզ Աստված տվել, որպեսզի այն ծրարենք, պահենք, որ չկորցնենք: Եթե մեր նպատակը այդ շնորհները կիրառելն է, ապա դրանք գտնելու խնդիր չունենք, քանի որ խոսքը մասնագիտություն ընտրելու մասին չէ, այլ առաքինությամբ ապրելու:

Մեզանից շատերը մի տեսակ զգուշավորությամբ են գալիս եկեղեցի, աշխատում են աննկատ մնալ` կարծես վախենալով, թե հանկարծ չլինի այնպես, որ Աստված իրենցից շատ բան պահանջի… Մեզնից յուրաքանչյուրը, ստանալով աստվածային շնորհներ, կոչված է ծառայելու Աստծուն և մարդկանց: Այսինքն` մենք չենք ապրում, որպեսզի պատժից խուսափենք, այլ որպեսզի ծառայենք, ծառայենք անմնացորդ: Աստծուն և մարդկանց ծառայելն իրականում ոչ թե կորուստ է կամ ուժերի վատնում, այլ՝ ձեռքբերում: Ինչպես վառվող մոմի օրինակը, որը վառվելով` ոչ թե սպառվում է, այլ պատճառ հանդիսանում, որպեսզի իր լույսից ծնվեն վառվող ու լուսավորող անթիվ այլ մոմեր: Աստված մեզ տալիս է շնորհներ, ու մենք այն թաքցնում ենք. սա է մեր ողբերգությունների պատճառը:

Աստծո շնորհներից մեծագույնը ժամանակն է, մեր կյանքի տևողությունը, որը նման է սրբազան մի անոթի, ինչը պիտի վերադարձնենք Աստծուն` լցնելով այն լուսավոր ու առաքինի գործերով:

Այս հավատքով ու գիտակցությամբ շարունակենք մեր պայքարը, որպեսզի մեր առջև բացվեն նոր հնարավորություններ: Հավատքով ու վստահությամբ զարդարենք մեր կյանքը, զորացնենք մեր եկեղեցին ու մեր հայրենիքը: Ամեն:

Եսայի քահանա ԱՐԹԵՆՅԱՆ

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս