ԱՄՆ-ի նախնական գնահատականները ցույց են տալիս, որ Լեհաստանին հարվածած հրթիռն արձակվել է Ուկրաինայից
ԱՄՆ նախնական գնահատականներին ծանոթացած երկու պաշտոնյաներ հայտնել են, որ, ըստ երևույթին, Լեհաստանի արևելքում երկու մարդու մահվան պատճառ դարձած հրթիռն արձակվել է Ուկրաինայից, թեև այն ռուսական էր: Այս մասին տեղեկանում է CNN-ի հրապարակումից:
Ըստ պաշտոնյաներից մեկի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նկատի ուներ այս տեղեկությունները, երբ ավելի վաղ հայտարարել էր, թե «քիչ հավանական է», որ հրթիռն արձակվել է Ռուսաստանի տարածքից:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել լուրերն այն մասին, որ հրթիռն արձակվել է ուկրաինական ուժերի կողմից, որոնք փորձել են կասեցնել ռուսական հարձակումը:
«Մենք մեկնաբանություն չունենք և չենք հաստատի այս զեկույցը: Ինչպես նախագահն այսօր ասաց, մենք աջակցում ենք Լեհաստանի կողմից ընթացող հետաքննությունը՝ պարզելու, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել», – ասել է խոսնակը:
Իր հերթին Բելգիայի պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը հայտնել է, որ հրթիռն, ամենայն հավանականությամբ, Լեհաստանի տարածքում է ընկել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից ռուսական հրթիռը խոցելու հետևանքով: Նա իր «Թվիթեր»-ի էջում գրել է, որ ըստ տեղեկությունների՝ Լեհաստանում գտել են ռուսական հրթիռների և ուկրաինական ՀՕՊ հրթիռի բեկորներ:
Հիշեցնենք՝ Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 6.4 կմ հեռավորության վրա գտնվող Պշևոդուվ գյուղում հրթիռ է ընկել, որի հետևանքով 2 մարդ է մահացել: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրի իշխանությունները հստակ տվյալներ չունեն այն մասին, թե ով է արձակել հրթիռը:
Մոսկվան հերքել է իր առնչությունը միջադեպին: ՌԴ ռազմական գերատեսչությունը նշում է, որ Ուկրաինա-Լեհաստան պետական սահմանի մոտ ռուսական միջոցները որևէ թիրախի չեն հարվածել: